Եթե Սևանից շարունակ ջուր տալով՝ մի օր էլ Սևանը չեղավ, ումի՞ց եք ջուր վերցնելու. Թադևոս Ավետիսյան

Ազգային ժողովում Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց էր՝ Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման վերաբերյալ նախագիծը:

ԱԺ ամբիոնից նախագիծը ներկայացնող Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, թե 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն խորանարդ մետր ջրի դեֆիցիտ՝ պայմանավորված կլիմայով: Եվ որպեսզի ընդհանուր 2021թ.-ի համար ջրի դեֆիցիտը չկազմի 97.53 մլն խորանարդ մետր, ինչպես նշված է նախագծում, առաջարկվում է 2021թ. ոռոգման շրջանի համար Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանել 245 մլն խորանարդ մետր՝ լճից լրացուցիչ 75 մլն խորանարդ մետր ծավալով ջրբացթողում իրականացնելով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի մեկնաբանությամբ՝ քննարկվում է գյուղացուն ջուր տալու հարցը, որը շատ կարևոր է, բայց այս նախագծում ևս կա մանիպուլյացիա:

«Ամեն ինչ նույնն է, նույն մանիպուլյացիայով, կառավարվում է նույն ձևով՝ կեղծ, սուտ և այլն: Ո՞րն է այստեղի մանիպուլյացիան: Ասում են, որ «ջուր ա պետք, բա ջուրը չտա՞նք», շատ լավ, «որտեղի՞ց տանք, եթե անձրև չկա, տարին չորային է, ապա պիտի տանք Սևանից»: Այս տրամաբանությամբ շարունակելով, եթե այսպես ջուրը տվեցիք Սևանից, մի օր էլ Սևանը չեղավ, ոնց որ հիմա, օրինակ, Հադրութն ու Շուշին հայկական չեն, այսպիսի պարագայում հետո ումի՞ց պիտի ջուր վերցնեք կամ ո՞ւմ մեղադրեք:

Երկրորդ կարևոր պնդումը: Տեսեք՝ կառավարության ներկայացուցիչը բերել է նախագիծ, մեղադրում է Աստծուն, որ անձրև չի գալիս, մեղադրում է բնությանը, որ բարեհաճ չի, հով եղանակ չի, շոգ է,  բայց որևէ համեմատություն այստեղ չկա, որևէ թվային համեմատություն չկա: Բայց այդ նախագծի մեջ, լավ՝ հիմնավորման մեջ, հարգելի գործընկեր, մի հատ գնահատեիք ձեր համակարգի մեղավորությունը, կամ կառավարման որևէ պուճուր ձախողում կա՞ր, թե՞ չկար: Թե՞ դուք ամեն ինչ իդեալական եք անում նորից, և լիքը մեղավորներ կան, և հետևաբար՝ հասել ենք նրան, որ նորից Սևանի էկոլոգիական խնդիրներ առաջացնելով՝ մենք պիտի լուծենք մեկ այլ կարևոր խնդիր:

Լավ, ինչքա՞ն պիտի շարունակվի, բերում-հասցնում եք վատի ու վատագույնի, հետո ասում եք՝ «եկեք ընտրենք՝ թույլ չտա՞նք գյուղացին բերքը կորցնի, սովամահ լինի իր ընտանիքը և երեխան, թե՞ ջուր տանք, ստեղծենք խնդիրներ էկոհամակարգում: Սա է ձեր բանաձևը, սա է ձեր մոտեցումը: Այստեղ ջուր տալու խնդիրը չի, այստեղ կառավարման ձախողումների խնդիրն է:

Ի՞նչ է  ասում բանախոսը: Ներկայացնում է նախագիծ, ասում է՝ «գյուղատնտեսության փրկության ծրագիր ենք իրականացնելու»: Եղբայր, տնտեսական հեղափոխությունից ի՞նչ կա, որ իրականացնում էիք: Ասում եք՝ «2040թ. 4 մլն բնակչություն կլինի Հայաստանում, և եթե ջրամբար կառուցենք, Սևանից էլ ջուր չենք վերցնի: Բայց դե ջրամբարն էլ կկառուցենք մինչև գալուստը Քրիստոսի: Է՜՜՜, բայց սա մոտեցո՞ւմ է: Որտե՞ղ է ձեր չափելիությունը, կամ լավ, որտե՞ղ են այն խնդիրները, որոնք Աստծունը չեն, բնությանը չեն, ձերն են, որովհետև դուք եք երկիրը, ցավոք սրտի, հիմա կառավարում: Որո՞նք են այդ խնդիրները: Դրանք բերեք, հասկացեք, լուծեք, որոնք ձերն են և ձեր լուծելիքն են: Բավական է մեղավորներ գտնեք և բավական է փաթեթավորմամբ ամեն ինչ բերեք, սղացնեք, անցկացնեք և ասեք՝ «վայ, տեսեք, ընդդիմադիրները չեն ուզում, որ գյուղացին ջուր ունենա»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս