Ուզում եմ հիշեցնել Փաշինյանի խոսքերը՝ դադարեք Սևանա լճին վերաբերվել՝ որպես տարա. Թագուհի Թովմասյան
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Հիշեցնենք՝ դեռևս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն էր տվել օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․ բացթողնման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³:
Խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին մի քանի հարց ուղղեց:
«Կառավարության նիստում, երբ քննարկվում էր Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցը, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է 245 մլն մ³ էլ պակաս լինի պահանջվածից, պատասխանել է՝ մի բան էլ ավել է գրվել, քան անհրաժեշտ է. իրականում ավելի քիչ է օգտագործվելու: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է շատ գրվել, և մեր իրական պահանջարկը, ի վերջո, ինչքա՞ն է: Եվ ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դադարե՛ք Սևանա լճին վերաբերվել՝ որպես ջրի տարա»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը նկատեց. «Վերջին ժամանակահատվածում որոշակի տեղումներ եղան, այդ տեղումների արդյունքում կարող ենք որոշակի պակաս ջուր վերցնել»:
Փաշինյանի խոսքերի մասին «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցչի մեջբերմանն անդրադառնալով էլ Ջրային կոմիտեի նախագահը նկատեց, որ բոլոր կառավարություններն անհրաժեշտության դեպքում դիմել են Սևանից ջրառի:
«Գյուղատնտեսության համար քանի դեռ չենք ստեղծել այն այլընտրանքային աղբյուրները, որոնցով կարողանալու ենք այդ դեֆիցիտը լրացնել, մենք միանշանակ դիմելու ենք Սևանին:
Այս ջրամբարաշինության ծրագիրը, որը առաջարկել է կառավարությունը, և մենք իրականացնելու ենք, լինելու է աննախադեպ ծրագիր, սա լինելու է գյուղատնտեսության փրկության ծրագիր, և այս ծրագիրն իրականացնելու արդյունքում իրոք մենք մոռանալու ենք Սևանից ոռոգման նպատակով ջրառ իրականացնելը»,- հավելեց Կարեն Սարգսյանը:
Ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ ջրամբարաշինության մասին, մի քանի տարի է՝ խոսվում է, մինչդեռ աշխատանքները չեն երևում, ապա հետաքրքրվեց ջրից զանգվածային թունավորումների պատճառների մասին:
Կարեն Սարգսյանը վստահեցրեց՝ վերջին թունավորումները չեն եղել իրենց սպասարկվող համակարգերից սնվող բաժանորդների մոտ, այլ ինչ-որ տարաներով վաճառված ջրից, ապա տեղեկացրեց, որ թե՛ Վեոլիա ջուրը, թե՛ Առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ը պարբերաբար նմուշառումներ ու ջրի որակի ստուգումներ են իրականացնում:
Ջրամբարների շինարարության մասին էլ Ջրային կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ արդեն երկու ջրամբարի նախագծման աշխատանքների մրցույթ են հայտարարել. առաջիկայում կմեկնարկի Կապսի ջրամբարի շինարարությունը և կավարտվի Վեդու ջրամբարի շինարարությունը:
Տեղեկացնենք նաև, որ Գործադիրում հավանության արժանացած և ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվող նախագիծը հավանության չի արժանացել բնապահպանների կողմից, նրանց գնահատմամբ՝ 170 մլն խմ ջրառի գերազանցումը նշանակում է՝ խախտել Սևանա լճի հաշվեկշիռը:
Բնապահպաններն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև «S.O.S. Սևան» նախաձեռնությամբ և կոչով դիմել կառավարությանն ու Ազգային ժողովին.
«Մենք՝ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներս, կոչ ենք անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին՝ կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը:
Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել: Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն՝ նշվեց Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու հանգամանքը:
Օրինագծի քննարկմանը ներկայացվեցին տվյալներ ջրամբարների լցվածության, շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում ջրի հոսքի կտրուկ նվազման վերաբերյալ: Տեղեկություններ ներկայացվեցին նաև ոռոգման սեզոնի՝ ժամանակից շուտ մեկնարկի, ջրի սակավություն ունեցող տարածքների մասին և այլն: Բարձրացվեց անգամ լրացուցիչ արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված հասույթի նպատակային օգտագործման հարցը: Ոչ մի խոսք չեղավ, թե հավելյալ ջրառի արդյունքում ինչ հետևանքներ կլինեն Սևանա լճի համար, որն արդեն իսկ բացասական հաշվեկշիռ ունի: Ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ Սևանը, արդեն մի քանի տարի է՝ ծաղկում է, և որ միայն մակարդակի բարձրացումը կարող է փրկել լիճը ճահճացման գործընթացից»:
Նախաձեռնության անդամներն անդրադառնալով ոռոգման ջրի խնդիրներին՝ նշել էին, որ դեռևս 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունած 1201-Ա որոշման հիմնավորումից պարզ է դարձել որ չկա որևէ առաջընթաց Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործման կանխարգելման հարցում:
«Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ առաջին հերթին՝ ապահովելու ջրի սակավություն ունեցող Արարատյան դաշտի հողերի ոռոգման բնականոն ընթացքը, ուղղակիորեն արգելելով Արարատյան դաշտի խորքային հորերի ջրերի օգտագործումը, դադարեցնել հայտնի 7 ձկնաբուծարաններին ապօրինի տրված ջրօգտագործման թույլտվությունները, մինչև հարցի կարգավորումն ընդհուպ նույնիսկ դատական կարգով: Կոչ ենք անում ապահովել Սևանա լճի դրական հաշվեկշիռ»: