«Պետք է վերջ տալ իլյուզիաներին և պատերազմի հերթական փուլը  կանխել ռազմատեխնիկական հավասարակշռություն ստեղծելու ճանապարհով». Արցախի նախագահի խորհրդական

Ադրբեջանի նախագահը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ակնկալում է որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։

«Այս հարցը մենք հասցրել ենք ռուսական կողմին: Սա մեզ անհանգստացնում է: Պատերազմն ավարտվել է. այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես համակերպվել է այս իրավիճակի հետ: Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին: Սա պատմության մեջ աննախադեպ պատկեր է, երբ պարտված ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը: Այս դեպքում, իհարկե, Հայաստանի զինումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մենք նման բան դեռ չենք տեսնում, չի նկատվում: Բայց  ռուսական կողմից որոշ հայտարարություններ են եղել»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին՝ Ալիևն ասել է, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

«Մի քանի անգամ բացեիբաց ասել եմ, որ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սկսեն սահմանազատման գործընթացը, այն է՝ սահմանների հաստատումը: Բայց մենք դեռ դրական պատասխան չենք ստացել Հայաստանից: Ըստ ամենայնի, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է։ Բաքուն այդ առաջարկը հավերժ սեղանին չի պահի։ «Եթե նրանք դեմ են դրան, ապա թող բացահայտ ասեն, որ չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս դեպքում մենք մեր քաղաքականությունը վարելու ենք սրան համապատասխան»,- շեշտել է նա:

Ադրբեջանի նախագահը նաև իր հարցազրույցում բացահայտ ասել է, որ Արցախում պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ «Ադրբեջանի պատմական հողերն» ազատագրելու համար։

Հայաստանն ինչպե՞ս կարող է այս հանգամանքն օգտագործել դիվանագիտական հարթակում՝ ցույց տալու, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է։ Ալիևի դիտարկումը, թե Ադրբեջանը երկար չի սպասելու, որ Հայաստանն արձագանքի իր առաջարկին՝ «խաղաղության պայմանագիր» կնքելուն, սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանը բացահայտ դիմում է պատերազմի սպառնալիքի, առհասարակ այսօր հայկական կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի թշնամուց եկող այս բացահայտ սպառնալիքները նվազեցնելու համար։

168.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի հետ։

«Ադրբեջանի նախագահի հարցազրույցում որևէ ենթատեքստային հատված չկա և ուղղակիորեն այն վերլուծելու կարիք էլ չկա։ Այսինքն՝ ամեն ինչ հստակ ասվեց: Այս ոճի բացատրությունը և հիմնավորումը պայմանավորված է դարձյալ Թուրքիայի դերակատարությամբ և երկու պետությունների սերտաճմամբ: Այսինքն՝ Ադրբեջանը տեսականում և գործնականում համոզված է, որ Թուրքիայի կողմից աջակցություն շարունակելու է ստանալ: Այս համատեքստում կրկին հայտարարվեց, որ թուրք-ադրբեջանական միասնությունն արդեն տարածաշրջանային գործոն է և հավակնում է ինչ-որ պահից վերաճել գլոբալ գործոնի»,- նշեց Նելլի Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսորությանը, մեր զրուցակիցը նկատեց՝ միջազգային հանրության և առհասարակ Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար հստակ է, թե ով է ագրեսորը, և պատերազմի սանձազերծման համար որևէ ապացույցի կարիք չկա։

«Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ուղղակի նպատակային էր այն իմաստով, որ անգամ ագրեսոր հայտարարվելու և ճանաչվելու և դրանից բխող մյուս  խնդիրներն այժմ երկրորդական բնույթ ունեն Ադրբեջանի համար։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից կիրառվել է կոշտ նախահարձակ ուժ, որն անպատժելի է մնացել, քանի որ միջազգային հարաբերությունների այս համակարգը որևէ օպերատիվ զսպող սցենար չի կիրառել»,- հավելեց Ն. Բաղդասարյանը։

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում  Ալիևի դժգոհությունները, Նելլի Բաղդասարյանը շեշտեց, որ այս դժգոհությունները հիմք են տալիս ասելու, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ ադրբեջանաթուրքական տարածքային հավակնությունների հիմնական զսպողը։

«Վերջին շրջանում խաղաղապահների հասցեին կիրառված ադրբեջանական պաշտոնական խոսույթը գալիս է համալրելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հատկանշական է, որ ՌԴ-ն ևս՝ որպես Եռակողմ հայտարարության կողմ, միայն ռազմատեխնիկական հավասարակշռությունն ապահովելու ճանապարհով է տեսնում Հարավային Կովկասում հասունացող հերթական պատերազմի զսպումը։ Այս առումով պատահական չէ համաժամանակյա՝ ՌԴ-ի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հանդիպման և հնչեցված հայտարարությունների համապատկերին ադրբեջանաիսրայելական աղբյուրների տեղեկատվական հոսքերի ապահովումը՝ Իսրայելից 2 միլիարդ դոլարի զենքի գնման  նախապատրաստությունների մասին։ Այսինքն՝ խաղը մեծ հաշվով խոշորացվել է, և նախկինում Ադրբեջանի կողմից մի քանի միլիոն դոլարի զենքի ներկրման տեղեկատվություններին փոխարինել է  միլիարդների խաղադրույքը։ Այն,  ի դեպ, կազմում է Ադրբեջանի սպառազինության այս տարվա բյուջեի գրեթե կեսը։ Փաստացի, պատերազմը չի ավարտվել, դրան զուգահեռ՝ Ադրբեջանը հետևողականորեն և անթաքույց պատրաստվում է պատերազմի միջոցով նոր խնդիրների լուծման, ուստի պետք է վերջ տալ իլյուզիաներին և պատերազմի հերթական փուլը կանխել ռազմատեխնիկական հավասարակշռություն ստեղծելու ճանապարհով»,- շեշտեց նա։

Նելլի Բաղդասարյանն ասաց, որ Ալիևի հայտարարությունը, թե «Խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը հավերժ սեղանին չի մնալու, միանշանակ սպառնալիք է։

«Խաղաղության համաձայնագիրը 1994 թվականից սկսած ամենասպասված միջազգային ակտը կարող է լինել մեզ համար, բայց Խաղաղության համաձայնագրի գնացող Ադրբեջանը դրանով փաթեթային լուծում է  տալու իր բոլոր տարածքային հավակնություններին։ Ուղղակի դա Արցախի Հանրապետության մնացած 3000 քառակուսի կիլոմետրի, այսպես կոչված, «միջազգային իրավական» ճանապարհով բռնազավթումն է, Սյունիքի օկուպացիան է, «միջանցքներ» ստանալու հարցն է, այսինքն՝ ուղղակիորեն վտանգվում է  հայկական երկու հանրապետությունների հետագա գոյությունը։ Հետևաբար՝ սահմանների դելիմիտացիան, որին ձգտում է Ադրբեջանը, այս փուլում չի կարող տեղի ունենալ, քանի դեռ հստակեցում չկա Արցախի կարգավիճակի հարցում, որի ցանկացած տարբերակ իր հիմքում պետք է ունենա ազգերի ինքնորոշման իրավունքը, որից օգտվել է Արցախի Հանրապետությունն իր հռչակման պահից, երեք տասնամյակ իրացրել է այդ իրավունքը և շարունակում է իրացնել։

Հստակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից կարգավորման հիմքում ընդունված հելսինկյան տրամաբանության երեք սկզբունքները միջազգային իրավունքի տեսանկյունից գերակա չեն մեկը մյուսի նկատմամբ։ Գործնականում ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով խախտվել է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի կողմից կիրառվել և շարունակում է կիրառվել ուժ և ուժի սպառնալիք։ Փաստացի միջանկյալ հետաձգված կարգավիճակի պայմաններում գտնվող Արցախի ինքնորոշումն առայժմ չի ճանաչվել: Սա նշանակում է, որ հակամարտությունը կարգավորված չէ»,- նշեց Արցախի Հանրաապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականը:

Նելլի Բաղդասարյանն անդրադարձավ նաև Արցախում և Հայաստանում թշնամու կողմից իրականացվող սադրանքներին, որոնք հիմնականում արտահայտվում են կրակոցների միջոցով՝ նշելով, որ նման սադրանքներն առաջիկայում շարունակվելու են։ Ադրբեջանը սադրանքների գնալով միաժամանակ շտապում է առաջինը հայտարարություն տալ և ասել, որ սադրանքներն իբրև իրականացրել է հայկական կողմը։

«Սա նպատակային քաղաքականություն է, որը, ի վերջո, Ադրբեջանին հարմար փուլում կարող է վերաճել էսկալացիայի առավել բարձր մակարդակի։ Ադրբեջանի հետպատերազմյան փուլի  նման գործելակերպն իր  տարածքային հավակնությունների համար հիմք ստեղծելն է  և ուժի և ուժի սպառնալիքի կիրառման տակ ՀՀ-ում տարածքային բռնազավթումների հասնելն է»,- եզրափակեց Նելլի Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս