Քովիդ-19-ով հիվանդացած անձինք ցմահ վարակի նկատմամբ իմունիտետ կարող են ունենալ. Գիտնականներ

Քովիդ-19-ով հիվանդացած մարդկանց մոտ կորոնավիրուսի նկատմամբ կայուն իմունիտետ է ձևավորվում, որն արդեն առողջացած պացիենտին վարակից կայուն պաշտպանությամբ է ապահովում տասնամյակների ընթացքում, ընդ որում, անգամ այն դեպքում, երբ հիվանդությունը մարդը թեթև է տարել: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսպիսի անսպասելի եզրահանգման են եկել միանգամից 2 ամերիկացի գիտնականներ իրենց կատարած հետազոտությունների արդյունքում:

Դրանցից առաջինը կատարվել է Վաշինգտոնի համալսարանի իմունաբանների կողմից, իսկ երկրորդը՝ Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայի անձնակազմի կողմից:

Մինչև վերջերս համարվում էր, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի նկատմամբ իմունիտետը երկար չի պահպանվում: Այսպիսի եզրահանգման բազմաթիվ հետազոտությունից հետո, որոնք ցույց էին տվել, որ առողջացած հիվանդների արյան մեջ Քովիդից պաշտպանող սպեցիֆիկ հակամարմինների խտությունը սկսում է արագ նվազել արդեն առողջանալուց մի քանի ամիս անց, եկել էին տարբեր գիտնականներ:

Փորձագետների մեծ մասն իմունային պաշտպանության արդյունավետությունը գնահատում էր մոտ 1.5-2 տարի, և նոր հետազոտության արդյունքները նրանց համար հաճելի անակնկալ էին:

Միևնույն ժամանակ անկախ փորձագետները կոչ են անում այս նորությանը վերաբերվել զուսպ լավատեսությամբ ու ժամանակից շուտ չուրախանալ, քանի որ գիտական գրականության մեջ հայտնի են կրկնավարակի բազմաթիվ դեպքեր, իսկ ցմահ ինունիտետի վերաբերյալ տարբերակը զուտ տեսություն է, սակայն բավականին ճշմարտանման:

Թշնամուն պետք է դեմքով ճանաչել

Սպեցիֆիկ իմունիտետը մեր օրգանիզմում ապահովում են ոչ միայն արյան մեջ լուծված սպիտակուցային մոլեկուլները՝ հակամարմինները, այլև, այսպես կոչված, T-հիշողության բջիջները:

Հանդիպելով նոր, անհայտ վարակի հարուցչի հետ ու գտնելով այն բուժող բանալին՝ լիմֆոցիտները հիշում են վնասարարին ու կրկնավարակի դեպքում անմիջապես մարտի են նետում անհրաժեշտ ձևի չեզոքացնող հակամարմիններին՝ ապահովելով արագ ու արդյունավետ իմունային պատասխան:

Սենտ-Լյուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները գրեթե մեկ տարի հետևել են 77 պացիենտների արյան վիճակի փոփոխությանը, ովքեր հիմնականում հիվանդությունը թեթև են տարել:

Գրեթե ողջ ընթացքում պաշտպանական հակամարմինների խտությունը, որոնք հիվանդին օգնել են հաղթահարել հիվանդությունը, շարունակում էր ընկնել՝ սկզբում շատ արագ, ապա՝ միջինում առողջացումից 4 ամիս անց՝ ավելի դանդաղ:

Սակայն, ըստ հետազոտության հիմնական հեղինակ, իմունոլոգիայի պրոֆեսոր Ալի Էլլեբեդիի, ինչ-որ պահի հակամարմինների մակարդակը դադարում էր նվազել, քանի որ կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը պահող հիշողության բջիջները պահպանում էին իրենց ակտիվությունը ու հիվանդին ապահովում պաշտպանական մոլեկուլների նվազագույն անհրաժեշտ քանակով:

«Մենք Քովիդով հիվանդացած պացիենտի մոտ հիվանդության սկզբից 11 ամիս անց հայտնաբերեցինք հակամարմիններ արտադրող բջիջներ: Այդ բջիջները կշարունակեն ապրել պացիենտի մարմնում ու արտադրել անհրաժեշտ հակամարմիններ, քանի դեռ ինքը կենդանի է, իսկ դա նշանակում է՝ իմունիտետը շատ երկար կպահպանվի»,- պատմել է պրոֆեսորը:

Բացի պարբերական անալիզներից, 20 պացիենտներից գիտնականները հետազոտության համար վերցրել էին նաև ողնուղեղի նմուշներ վարակվելուց՝ նախ 7-8 ամիս, ապա 1 տարի անց: Քովիդային հակամարմինների համար ծրագրավորված հիշողության սպեցիֆիկ T-լիմֆոցիտներ հայտնաբերվեցին 19 նմուշներից 15-ում:

Երկրորդ հետազոտության հեղինակների խոսքով՝ տրամաբանական է ենթադրել, որ պատվաստման արդյունքում ձեռք բերված իմունիտետը նույնքան տևական կլինի: Բացառված չէ նաև, որ երկարատև պաշտպանության հույս կարող են ունենալ նաև այն բժիշկները, ովքեր Քովիդ-19-ը տարել են անսիմպտոմ:

Ռեդինգի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Էդվարդսը կարծում է՝ ցավոք, իմունային համակարգի բջիջների չափումները մեզ հնարավորություն չեն տալիս ճշգրտությամբ կանխատեսել՝ կլինե՞ն արդյոք կրկնավարակներ, ե՞րբ կլինեն ու ինչպե՞ս կընթանան:

«Իհարկե, իմունաբանների տվյալները կարևոր են, և սա գերազանց նորություն է, բայց այն չի տալիս մեզ այն հարցի պատասխանը, թե համավարակն ինչպես կզարգանա: Այդ հարցին ի վիճակի են պատասխանել միայն էպիդեմիոլոգիական հետազոտությունները, որոնք վարում են առողջացած պացիենտների մոնիտորինգը ու համեմատում նրանց հետ, ովքեր դեռ չեն հիվանդացել: Իսկ այդ աշխատանքները դեռ ցույց են տալիս, որ կրկնավարակ հնարավոր է»,- եզրափակել է պրոֆեսոր Էդվարդսը:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս