«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը թուրք-ադրբեջանական ուժերի կողմից չորս կողմերից ընկնում է շրջափակման մեջ». Քաղաքագետ
Ադրբեջանի նախագահը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին՝ հայտարարելով, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
«Մի քանի անգամ բացեիբաց ասել եմ, որ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սկսեն սահմանազատման գործընթացը, այն է՝ սահմանների հաստատումը: Բայց մենք դեռ դրական պատասխան չենք ստացել Հայաստանից: Ըստ ամենայնի, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է։ Բաքուն այդ առաջարկը հավերժ սեղանին չի պահի։ «Եթե նրանք դեմ են դրան, ապա թող բացահայտ ասեն, որ չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս դեպքում մենք մեր քաղաքականությունը վարելու ենք սրան համապատասխան»,- ասել է Ալիևը:
Միաժամանակ նա ասել է, որ հայ ժողովուրդը համակերպվել է այն իրավիճակի հետ, որն այսօր կա Հայաստանում ու Արցախում։
«Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին: Սա պատմության մեջ աննախադեպ պատկեր է, երբ պարտված ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը: Այս դեպքում, իհարկե, Հայաստանի զինումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մենք նման բան դեռ չենք տեսնում, չի նկատվում: Բայց ռուսական կողմից որոշ հայտարարություններ են եղել»,- հավելել է նա։
168.am-ի հետ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն ասաց՝ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալից հայտարարությունները որոշակի ռազմավարություն են, որն Ադրբեջանը բավականին երկար ժամանակ իրականացնում է։
«Այս հայտարարությունները կազմում են Ադրբեջանի վարած քաղաքականության մի մասը։ Պետք է հաշվի առնել, որ Ալիևի ասած այդ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլև հետաքրքրում է Իրանին, Ռուսաստանին, սա բավականին բարդ թնջուկ է տարբեր երկրների պատկերացումներում, որոնք հաճախ հակասական բնույթ են կրում։ Ակնհայտ է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ սարսափելի հետևանքներով, ամենաքիչը հետաքրքրում է Հայաստանին, որովհետև այդ դեպքում Հայաստանը լիովին չորս կողմերից շրջափակման մեջ է ընկնում թուրք-ադրբեջանական ուժերի կողմից»,- ասաց Գագիկ Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ Ալիևն իր հերթական հարտարարությամբ գուցե փորձում է մեծ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Իրավիճակը բարդ է, և հնարավոր չէ որևէ հստակ վերլուծություն անել, քանի որ ամեն րոպե տեղի են ունենում զարգացումներ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։
Այս համատեքստում նա անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին՝ շեշտելով, որ այդ հարաբերությունները երբեք շատ լավ չեն եղել։
«Այժմ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են սրվել, այսօր Քաբուլի օդանավակայանի ուժերը ոչ միայն թուրքական են, այլև ադրբեջանական, որոնք փորձում են կարգ հաստատել։ Այնպես որ, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարված են։ Ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանը Թուրքիայի դեմ 13-14 պատերազմ է վարել, և, թերևս, այս ցիկլը դրանով չի ավարտվի։
Կարծում եմ՝ Ռուսաստանն իր ուշադրությունն ուղղել է Կենտրոնական Ասիայի երկրների վրա՝ Թալիբանի հետ կապված և այլն, բայց և այնպես, բավականին լավ է պատկերացնում, որ այդ ամենը մասն է իր ընդհանուր քաղաքականության»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Նա նաև ընդգծեց, որ այսօր Ադրբեջանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ։
«Մինչդեռ ռուս վերլուծաբանները բազմիցս հայտարարել են, որ ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում վերանայման կարիք չունի, նրանք պետք է մնան այնտեղ, ավելին՝ ռուս խաղաղապահների ներկայությունը նաև հասնում է Հայաստանի տարածք։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը դիվանագիտական ճակատում որևէ բան ի վիճակի չի իրականացնել։ Այսօր ռուսական կողմն էլ է լավ հասկանում այն սպառնալիքները, որոնք գալիս են թուրքական կողմից։ Ըստ իս, այժմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ, հույս ունեմ, որ Ռուսաստանը դա լավ հասկանում է և կկատարի անհրաժեշտ քայլեր, որոնք ինչ-որ տեղ կբխեն նաև մեր շահերից»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։