«Ես ապրելու երկար ժամանակ չունեմ, պետք է ազատագրված Արցախը տեսնեմ․ տղերքին ասել եմ, ինչ ուզում եք՝ արեք, Արցախը պետք է ազատագրված տեսնեմ». Մարտունեցի ազատամարտիկ
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայողների կողքին կանգնել ու նրանց հետ միասին հայրենիքում խաղաղ ապրելու համար պայքարել են նաև Արցախի առաջին հերոսամարտին մասնակցած ազատամարտիկները։ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը 44-օրյա պատերազմում հերոսական կռիվ է տվել քաղաքը պաշտպանելու համար։
Մարտունեցի 67-ամյա ազատամարտիկ Էռնեստ Դադամյանը, ինչպես Արցախի առաջին, այնպես էլ 44-օրյա պատերազմում, նաև ապրիլյան պատերազմում իր հերոսական պայքարի մասին համեստորեն լռում է, ասում է՝ այն, ինչ արել է, իր սուրբ պարտականությունն է եղել և արել է սեփական երկրի համար։
Մարտունու համայնքապետարանում համայնքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը մեզ հետ զրույցում, մատնացույց անելով Էռնեստ Դադամյանին, ասել էր, թե իր համար նա և նրա նմանները հերոսներ են, որոնք կարողացել են թշնամուց ազատագրել կարևոր նշանակության դիրք, որը համարվում է Մարտունու դարպասը, և դրանով իսկ չեզոքացրել են քաղաքի գլխին կախված վտանգը։
Էռնեստ Դադամյանին խնդրեցինք պատմել այդ ճակատագրական օրվա մասին, սակայն վերջինս կրկին համեստորեն լռեց՝ նշելով․ «Ցավդ տանեմ, ես խոսելուց չկամ, գործ է, արել եմ, էլի»։
Երկարատև դադարից հետո Էռնեստ Դադամյանն ասաց, որ Մարտունին թշնամին չի կարողացել գրավել, որովհետև իր նման հարյուրավոր մարտունեցիներ են ոտքի կանգնել, բարձրացել դիրքեր ու 18-20 տարեկան զինվորներին դարձել թև ու թիկունք։
Հարցին, թե ինչո՞ւ կորսվեց Արցախի 75 տոկոսը, Էռնեստ Դադամյանը ցավով պատասխանեց, որ այս պատերազմում չկար այն միասնականությունը, ինչ տեսել էր 90-ականներին։
«Չկար միասնականություն, չկար ընդհանուր հրամանատարություն, ամենքն իրենց համար ինչպես ուզում, կռվում էին, դրա համար էլ այսպես ստացվեց։ Հիմա մեր ժողովրդի մեջ հայրենասիրությունն է փոխվել, իր հողը սիրող շատ քիչ մարդ է մնացել։ Այժմ մարդկանց մոտ առաջին տեղում շահամոլությունն է, եսասիրությունը, ուրիշ ի՞նչ ասեմ…»,– 168.am–ի հետ զրույցում ասաց Էռնեստ Դադամյանը։
Խոսքը կիսատ թողնելով՝ Էռնեստ Դադամյանը վերհիշեց 90-ականները, երբ մարտի դաշտ էր մեկնել՝ ընդամենը 40 տարեկան էր, գիտեր, վստահ էր, որ հաղթելու են, քանի որ տեսնում էր ողջ հայության միասնականությունը, պայքարելու մղումը։
«Դե, այն ժամանակ մենք ընդհանուր հրամանատարություն ունեինք, Ավո ունեինք։ Իսկ այս կռվի ժամանակ գրեթե բոլորը ձեռքները թափ են տվել, մեր հրամանատարը եղել է մեր քաղաքապետը՝ Ազնավուր Սաղյանը, ջահել տղա է, մենք ենք նրան ընտրել, նրան էլ ենթարկվել։ Մենք թե՛ կռվում էինք, թե՛ զինվորին հաց ու ջուր էինք հասցնում, թե՛ վիրավորներին էինք ռազմադաշտից բերում, իսկ 90-ականներին այդպես չէր՝ կռվի դաշտից 1-1,5 կիլոմետր հեռավորության վրա եղել է բուժկետը, որից հետո կանգած էին խոհարարները, որոնք միշտ տաք ճաշ էին պատրաստում զինվորի համար, իսկ այս կռվի ժամանակ նման բան չկար։
Պատկերացրեք, որ այս կռվի վերջին օրերին հիվանդանոցներն ու հոսպիտալներն այստեղից հանել են, մենք վիրավորներին Դրմբոն և Վանք պետք է հասցնեինք։
Այսինքն՝ հսկայական տարածություն պետք է անցնեինք, 70 կիլոմետր կտրում, վիրավորին հասցնում էինք, որ օգնություն ցույց տային։ Ախր, 90-ականներին այդպիսի բան չի եղել, երբ վիրավորին բերում էին, 1 կիլոմետր հեռու պատերազմի դաշտից վերքը մշակում էին, այնուհետև ուղարկում հոսպիտալ։ Այս կռիվն ուրիշ է եղել…»։
Երբ Էռնեստ Դադամյանը սկսեց խոսել Արցախի կորսված տարածքների մասին, մասնավորապես՝ Շուշիի անկումից՝ երկար դադար տվեց, վերցրեց ծխախոտը, երկար նայեց, այնուհետև կտրուկ շարժումով այն սեղանի մյուս կողմում դրեց և ասաց, որ մինչև այսօր գլխում այդպես էլ չի տեղավորվում, որ կարող էին այս ձևով պարտություն կրել։
Էռնեստ Դադամյանը կրկին լռեց՝ հայացքը հառել էր պատուհանից դուրս, ասես ինչ-որ բան էր փնտրում, գուցե մտքերով Շուշիում էր, Հադրութում, Քաշաթաղում, գուցե խոսում էր այն երիտասարդների հետ, որոնք այդպես էլ պատերազմից չվերադարձան, հետո, կոտրելով այդ լռությունը, շարունակեց.
«Դե գիտեք, այնպես չէր, որ իմ արածը հերոսություն էր, հիմա դուրս արի ու Մարտունիում քայլիր, ով այստեղ մնացել է, բոլորն էլ հերոսներ են, բոլորն էլ այս պատերազմին ինչ-որ բան տվել են և գուցե շատ ավելին են տվել, քան մնացածը։ Նրանք իրենց պարտքն են կատարել, հերոսությունը ո՞րն է, հերոսությունն այն կլիներ, որ հաղթեինք, պարտվելը հերոսություն չէ։ Գիտես, այսքան բանից հետո դժվար է ապրելու համար ուժ գտնել, բայց սա իմ հողն է, ես ապրելու ուժ պետք է գտնեմ, որ այստեղ ապրեմ։ Մի քանի անգամ հեռուստատեսությամբ լսել եմ, որ Հայաստանում որոշ մարդիկ ասում են, թե Արցախը կորցրել ենք… ինչ ասեմ՝ եթե այդ մարդիկ մտածում են, որ Արցախ այլևս չկա, դա իրենց պրոբլեմն է, Արցախը կա ու լինելու է։ Իմ գլխում չի տեղավորվում, որ ասում են՝ ղարաբաղցի, հայաստանցի, չգիտեմ, սա ի՞նչ է, որ մտել է այս ժողովրդի մեջ։ Երևանից ու Հայաստանի տարբեր վայրերից ընկերներ ունեմ՝ միասին պատերազմով ենք անցել, հիմա էլ որ գամ Հայաստան, այնքան երիտասարդ ընկերներ ունեմ, նրանց ինձ հետ ծանոթացրեց ու ընկերացրեց այս պատերազմը։
Արի ճիշտը խոսենք, նորմա՞լ է, երբ, օրինակ, ասում են՝ եկեք Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք, իրենց ասածի իմաստը հասկանո՞ւմ են այդ մարդիկ։ Այն ժամանակ, երբ Արցախի 75 տոկոսը կար, Հայաստանը հանգիստ ապրում էր, իսկի չէին էլ մտածում վտանգի մասին, հիմա տեսեք՝ Հայաստանի ամբողջ սահմանով կրակում են, ու տարօրինակն այն է, որ կրկին վտանգը չեն գիտակցում, ու ես չեմ կարող ընկալել՝ պատճառն ի՞նչն է։
Չեմ ուզում ասեմ՝ այս մեկն էշ է, մյուսը՝ հիմար, բայց, ի վերջո, ազգային մտածողություն պետք է լինի՞, թե՞ ոչ։ Դու գիտես՝ ինչո՞ւ է թուրքը մեզ հաղթել, որովհետև նա մեզ թշնամի է ներկայացրել իր մատաղ սերնդի մոտ, առաջ է տարել իր ազգայինը։ Բա մեր ազգայինն ո՞ւր մնաց, հիմա պետք է ես հոմոսեքսուալի՞ստ դառնամ, որ ասեն՝ լավ մարդ է։ Ուզում եմ հասկանալ, թե մեր ազգայինն ինչի՞ն է խանգարում։
Մենք այդքան ազգային հերոսներ ունենք, իրենք որտեղի՞ց են ծնվել՝ ազգային դաստիարակությունից, նրանց փողով չեն առել, չէ՞, նրանք իրենց կյանքը տվել են հանուն ազգի, ոչ թե ասել են՝ ինձ 1 միլիոն դոլար տվեք՝ գնամ ապրեմ, ազգն էլ ինչ ուզում է՝ թող լինի։ Ազգայինը ազգը պահելու համար է, ազգային ճաշատեսակից սկսած մինչև ազգային մտածելակերպ է, եթե այս ամենը պահպանեինք, ու մեր համար առաջնային լիներ, ապա մենք այս օրը չէինք ունենա։ Ազգայինը կորավ այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին մտածել միայն փողի մասին»։
Ազատամարտիկի համար անհասկանալի է, թե ինչու է այսօր այդքան ստորադասվում ազգայինը, սա հարց է, որի պատասխանը, նրա խոսքով՝ գուցե տան երկրի ղեկավարները, որոնք երկիրը պետք է պահեն ազգայինով ու ժողովրդի մասին մտածելով։
«Եթե հիմա մենք մեր հայրենիքը կորցրեցինք՝ դառնալու ենք ոչնչություն, որևէ մեկը մեզ հաշվի չի առնելու, կգնանք ֆրանսիաներում ու ամերիկաներում կձուլվենք այլազգիներին և մեր հետքը չի էլ մնա։ Նայի՛ր՝ հայկական սփյուռքում հայի ինքնությունը նրա մտածելակերպը չի՞ պահել, եկեղեցին չի՞ պահել, կարո՞ղ է ամերիկացին է պահել, չէ՛։ Հայոց լեզուն, Առաքելական եկեղեցին, ազգային մտածելակերպն այդ մարդկանց պահել է որպես հայ, ինչպես ուզում ես՝ մտածի, եթե ազգային մտածելակերպը չլիներ, այսօր մենք հայկական սփյուռք չէինք ունենա»։
Այսօր ազատամարտիկին մտահոգող միակ խնդիրն Արցախի ճակատագիրն է, ասում է՝ հոգու խորքում փայլում է այն հույսը, որ Արցախն ազատ է ապրելու, բայց այս հույսն իրականություն դարձնելու համար Արցախում զինվորական ծառայությունը պետք է պարտադիր լինի, քանի որ, երբ ռուսը դուրս գա Արցախից, Բերձորը հինգ րոպեում թշնամին փակելու է։
«Հայաստանի իշխանությունների կարծիքով՝ ուզում է ժողովրդին մատաղ անի, ինքն այնտեղ լավ ապրի՞, չի՛ ստացվելու, նա չի կարող լավ ապրել։ Աստված չանի, եթե նման սցենար լինի, որ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս… ես չգիտեմ՝ դուք դրանց ինչպես եք դիմանում, բայց մենք նման ցավի չենք դիմանա։ Ես որ իմ հողն այստեղ թողնեմ, իմացեք՝ հողս ծախողներին բոլորին կոտորելու եմ, որքան էլ հասակով մեծ լինեմ։ Հիմա որ վաղն ինձ տանեն Երասխ, չե՞մ գնա կռվեմ, ո՞վ է ասել, որ Երասը միայն Երասխում ապրողինն է, դա մեր հողն է՝ բոլորինս։ Ինչպե՞ս է ստացվել, որ Երասխը հանկարծ դարձել է ադրբեջանական հող, ամբողջ Նախիջևանը տվեցին թուրքին, հիմա Նախիջևանի ու Հայաստանի մեջտեղի այդ գյուղն ադրբեջանակա՞ն է, այդ ո՞ր քարտեզն են տեսել»։
Էռնեստ Դադամյանը 1990 թվականներին կռվել է Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ, ասում է՝ հրամանատարը պետք է լինի Մոնթեի նման՝ ինչ հասցնի ու կարողանա՝ անի, և ինչ ասի՝ անմիջապես իրականացվի։
Թերևս, Առաջին ազատամարտում տարած հաղթանակի պատճառներից մեկն էլ սա է եղել, ինչը չի կարող ասել 44-օրյա պատերազմի մասին։ Թեև մարտունեցիները Մոնթեի օրինակին էլ հետևեցին, որ կարողացան Մարտունին պահել։
«Մոնթեն միայն հրամանատար չէր, ինչ հասցնում՝ անում էր՝ զենք էր տեղափոխում, վիրավորներին օգնություն ցույց տալիս, ամեն ինչ։ Մոնթեն… նա իսկական հայ է, այ ազգային մտածելակերպը նրա մոտ է եղել, նրա համար պատերազմի օրերին 1 փամփուշտն ավելի թանկ էր, քան 10 պարկ շաքարավազը։
Երբ Քարվաճառն ազատագրվեց, թշնամու պահեստները վերցրեցինք, լիքը ապրանք կար, Մոնթեն ասաց, որ սնունդը մեզ պետք չէ, վերցնենք միայն զենքերը, մեքենայի մեջ բարձել եմ միայն զենքը, Մոնթեի համար զենքն էր գլխավորը։
Հիշում եմ՝ մի անգամ գիշերով շակալները սկսեցին ոռնալ, մի տղա, ով պետք է պատերազմից առաջ հանգստանար, չէր կարողանում քնել, վեր կացավ ու մի շակալի խփեց, որ մյուսները փախնեն։ Գիտեք՝ Մոնթեն ինչքան զայրացավ, ասաց՝ այդ մեկ փամփուշտը թշնամու համար էր, ինչո՞ւ կրակեցիր շակալին, այդ կենդանին մեղք էր, պետք է ապրեր։
Մոնթեն իր մի փամփուշտի արժեքը գիտեր։ Երբ նոր ֆորմաներ էին բաժանում, նա առաջինը զինվորին էր հագցնում, իր համար չէր վերցնում, ամեն ինչ անում էր, որ զինվորն իրեն ապահով զգա։ Հիմա չէ, չգիտեմ՝ ինչով են զբաղված եղել գեներալից մինչև պալկովնիկ»։
Նա չի հավատում Ալիևի այն պնդումներին, թե ուզում է Հայաստանի հետ խաղաղ ապրել, վստահ է՝ բլեֆ է անում։
«Եթե պետք է թշնամուց վախենալով ապրեն, ավելի լավ է սատկեն, ուրիշ ոչ մի բան։ Ավտոմատը ձեռքներիս բարձրացել ենք դիրքեր, ամեն կողմից կրակ էր թափում թշնամին, որ կողմից հարձակվում էր, վազում էինք այն կողմ, 18 տարեկան երեխեքը կանգնած էին, պարզ է, չէ՞, որ այդ երեխաները պատերազմ առաջին անգամ են տեսնում, ու գուցե ինչ-որ տեղ վախ էին զգում, բայց ինձ ասում էին՝ այ պապի, այստեղ ի՞նչ ես անում, ինչի՞ ես եկել, ասել եմ՝ եկել եմ ձեզ օգնելու։ Այդ երեխեքը ռիսկով զենքերը վերցրել ու իմ հետևից եկել են։ Այսինքն՝ եթե զինվորի կողքին թեկուզ մի տարեց, մի գեներալ կանգնի, իրավիճակն այլ կլինի, բայց իրենցից մարդ չի եղել, այդ երեխեքը մեզ են վստահել»։
Զրույցի վերջում Էռնեստ Դադամյանը ժպտալով ասաց՝ փաստորեն, եթե իրեն կարողանում են խոսեցնել, լավ էլ խոսում է։
«Դե, խոսեցրիք, խոսեցի էլի։ Գիտես, Արցախը պետք է ազատագրվի, ես ապրելու երկար ժամանակ չունեմ, պետք է ազատագրված Արցախը տեսնեմ։ Տղերքին ասել եմ, ինչ ուզում եք՝ արեք, Արցախը պետք է ազատագրված տեսնեմ, թոռս Շուշիից է եկել, պետք է վերադառնա։ Ես այստեղից ոչ մի տեղ գնացողը չեմ, սա հստակ է»։
Մեր զրույցի ժամանակ Էռնեստ Դադամյանի մարտական ընկերներից մեկի հետ մեկ այլ լրագրող էր զրուցում, երբ հարցազրույցն ավարտեցինք, նա ասաց, որ անպայման հարցազրույցն իր ընկերոջ հարցազրույցի հետ միասին հրապարակենք։
Երբ ասացի, որ տարբեր լրատվամիջոցներից ենք, հնարավոր չէ, նա կատակեց.
«Մեզ ոչ ոք, նույնիսկ պատերազմը չբաժանեց, դուք բաժանո՞ւմ եք»։