«Ադրբեջանն ուզում է, որ հայությունը լքի Արցախը, այդպես լուծեն Արցախի հիմնախնդիրը, ուզում է նաև, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից». Դավիթ Բաբայան
Ադրբեջանը շարունակում է սադրանքների դիմել Արցախում, այսպիսով՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Իսկ այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նկատեց՝ Ադրբեջանի սադրանքն ուղղված է ինչպես հայկական կողմին, այնպես էլ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։
«Ադրբեջանը մի երկիր է, որն իր քաղաքականությունը վարելիս երբեք մեկ նպատակ չի հետապնդում, անպայման մեկ քայլով մի քանի նպատակ է հետապնդում։ Օրինակ, Ադրբեջանը դիմում է սադրանքների՝ լավ հասկանալով, որ ռազմական առումով այս պահի դրությամբ այդ սադրանքները որևէ բանի չեն բերում։ Այսինքն՝ իրավիճակը չի փոխվում, լայնածավալ պատերազմ չի կարողանում սկսել, որովհետև Արցախում ռուս խաղաղապահ առաքելությունն է։ Այսինքն՝ եթե պատերազմ սկսեն, այն Արցախի դեմ չի լինելու, այլ լինելու է ռուս խաղաղապահ ուժերի ու Ռուսաստանի դեմ։ Պարզ է, որ Ադրբեջանը կողմ չէ, որպեսզի ռուս խաղաղապահները գտնվեն Արցախում, Թուրքիան և Ադրբեջանն ուզում են, որպեսզի այստեղ առհասարակ ռուսի հետք անգամ չլինի»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Միաժամանակ նա շեշտեց՝ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով ցանկանում է նաև ոչնչացնել Արցախն ու արցախահայությանը՝ հասկանալով, որ եթե արցախահայությունը չլինի Արցախում, ապա ռուս խաղաղապահները չեն լինի այնտեղ, բացի այդ, չի լինի հայոց պետականությունը, և այդ դեպքում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն՝ անկանխատեսելի հետևանքներով։
«Ադրբեջանն ուզում է, որ հայությունը լքի Արցախը, այսինքն՝ Արցախը հայաթափվի, այդպես լուծեն Արցախի հիմնախնդիրը, ուզում են նաև, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, այսինքն՝ վարկաբեկեն ռուսներին։ Այս ամենին հասնելու համար նման քայլերի են դիմում՝ քիչ ռեսուրս ծախսելով մարդկանց վախեցնում են, որպեսզի իրենց վաղվա ապագան չկապեն Արցախի հետ, և այնպես անեն, որ Արցախից մեծ թվով ազգաբնակչության արտահոսք լինի, սա էլ է շատ կարևոր հանգամանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ըստ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Ադրբեջանը նման քայլերով հետապնդում է նաև մեկ այլ նպատակ՝ փորձում է սեպ խրել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ՝ ցույց տալով, թե իբր ռուսներն էլ չեն կարողանում մեզ օգնել։
«Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահ առաքելությունն այս պահին չի ցանկանում աշխարհաքաղաքական խաղերին միջամտել, հասկանալով դրա ռիսկերը, դրա համար իրենց բուն նպատակն այն է, որպեսզի Արցախում չլինի լայնածավալ պատերազմ։ Մենք էլ այս ամենը պետք է հասկանանք և տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ քայլերով այնպես է անում, որ մարդիկ ասեն՝ ինչո՞ւ ռուսները չեն միջամտում՝ չհասկանալով, որ ռուսն Արցախ է եկել ոչ թե Ադրբեջանի կամ մեր դեմ պատերազմելու, այլ խաղաղությունը պահպանելու համար»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։