Մարդկային ռեսուրսի զարգացման վրա մի՛ խնայեք
Հայաստանում ամենաթերագնահատված աշխատանքներից մեկը մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերն են։ Կարող ենք հսկայական գումարներ ծախսել ենթակառուցվածքների, միջոցառումների, գովազդի, ուռճացված աշխատակազմի վրա։ Բայց երբ հերթը հասնում է մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերին, որոնք իրականում ոչ թե ծախս են, այլ ներդրում, պարզվում է, որ գումար չկա։ Սա մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկն է։
Երբ ասում են, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար գումար չկա, ինչ-որ կերպ հասկանում ես։ 37 հազար մարդու աշխատավարձը բարձրացնելը հեշտ բան չէ։ Բայց դժվար է հասկանալ, երբ 5 տարին մեկ ուսուցչին վերապատրաստելու համար հատկացվում է ընդամենը 25 հազար դրամ։ Այդ գումարի դիմաց վերապատրաստող կազմակերպությունը պետք է շուրջ 110 ժամ (1 ժամը 60 րոպե է սահմանվում, ոչ թե ակադեմիական 40-45 րոպե) վերապատրաստի ուսուցչին։ Այսինքն՝ 1 ուսուցչի վերապատրաստման 1 ժամի դիմաց կառավարությունը վճարում է 227 դրամ՝ ներառյալ հարկերը։
Այդ գումարից եթե հանենք հարկերը, գրասենյակային ծախսերը, ճանապարհածախսը, ադմինիստրատիվ ծախսերը, ապա կստացվի ծիծաղելի գումար։ Ավելին, 25 հազար դրամը շատ համարվեց հեռավար վերապատրաստման համար, և հեռավար վերապատրաստման գումարը սահմանվեց 20800 դրամ։ Այսինքն՝ կառավարությունը որոշեց մեկ ուսուցչի հեռավար վերապատրաստման վրա խնայել 4200 դրամ։
Պատգամավորներին տրվող հավելավճարները 5 անգամ բազմապատկելու, քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձը կտրուկ բարձրացնելու ֆոնին, կրթության վրա կատարված այս խնայողությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք սրտացավ չենք կրթության նկատմամբ։
Իհարկե, կարող են բերվել պատճառաբանություններ, որ կան պետական նորմատիվներ, որոնք հնարավորություն չեն տալիս բարձր վարձատրել։ Բայց այդ նորմատիվները միշտ կարելի է փոխել։
Համեմատության համար նշեմ, որ դպրոցի ղեկավարման հավաստագիր ստանալու համար անցկացվող վերապատրաստումների վճարը 80 հազար դրամ է։ Բայց այս գումարը վճարում է ոչ թե պետությունը, այլ տնօրենի հավաստագիր ստանալու ցանկություն ունեցող մասնավոր անձը։ Ընդ որում, հավաստագրման վերապատրաստումները շատ ավելի քիչ բաղադրիչներ ունեն, շատ ավելի կարճատև են։ Բայց քանի որ այստեղ վճարում են մասնավոր անհատները, սահմանված է ողջամիտ գին։ Իսկ ուսուցչի դեպքում գումարն ավելի քան 3 անգամ քիչ է, իսկ վերապատրաստման ծրագիրն ավելի բազամաբաղադրիչ է ու ծախսատար։ Բայց քանի որ կրթության ոլորտում մարդիկ քիչ են վաստակում, անգամ նման ցածր վճարման դեպքում դժգոհություններ չկան։ Սակայն այս ամենը չեն կարող որակի վրա չազդել։ Հայաստանում ուսուցիչների վերապատրաստումները խնդրահարույց են եղել նաև այն պատճառով, որ դրանց դիմաց մարդիկ չնչին վարձատրություն են ստացել։
Իմ պատկերացմամբ, ուսուցիչների վերապատրաստումը Հայաստանի կրթության ոլորտի ամենապատասխանատու աշխատանքներից մեկն է։ Այս գործով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ունեն լայն մտահորիզոն, կարդում են մասնագիտական և գեղարվեստական գրքեր, հիանալի տիրապետում են թվային գործիքներին, օգտվում են օտարալեզու աղբյուրներից, ունեն լսարանի հետ հաղորդակցվելու բարձրակարգ հմտություններ, փայլուն տիրապետում են առարկայի բովանդակությանը և բնագավառի նոր զարգացումներին, կարողանում են ուսուցիչներին մտածել սովորեցնել, ոչ թե պարզապես մտքեր փոխանցել։ Մի խոսքով, պետության համար ուսուցիչ վերապատրաստողը պետք է լինի առանցքային մասնագետ, որի վրա պետք է ներդրումներ կատարվեն։
Այդ մարդիկ պետք է հիմնականում զբաղվեն վերապատրաստումներով, ոչ թե բազմաթիվ այլ գործերին զուգահեռ, նաև վերապատրաստում անեն։ Բայց մարդիկ ստիպված են համատեղել իրենց այլ աշխատանքները վերապատրաստումների հետ, քանի որ վարձատրությունն այնքան ցածր է, որ դրանով նույնիսկ անհրաժեշտ գրականություն չես կարող գնել։
Ցավալի է նաև այն իրողությունը, որ վերապատրաստումների համար գումար հատկացնելիս, հաշվարկում են միայն այն ժամանակը, որը վերապատրաստողն աշխատում է լսարանում։
Մտածում են՝ 1 ժամում 3 հազար դրամ վաստակելը վատ չէ։ Բայց չեն հաշվարկում այն հսկայական ժամանակը, ռեսուրսները, որոնք վերապատրաստողը պետք է ծախսի նախապատրաստման, ինքնակրթության վրա։ Ուսուցչի, դասախոսի, վերապատրաստողի աշխատանքը չպետք է հաշվարկվի միայն լսարանային ժամաքանակով։ Դասավանդողը լսարանային ժամավճարի առնվազն 20-30%-ի չափով պետք է հավելավճար ստանա նախապատրաստական աշխատանքի համար։ Այս հանգամանքը հաշվի չի առնվում։
Հայաստանում բոլորը խոսում են փոփոխությունների մասին։ Բայց որպեսզի փոփոխություններ տեղի ունենան, մենք պետք է փոխենք աշխատաոճը, կազմակերպման ձևերը։ Վերջապես, չպետք է ափսոսանք մարդկային կապիտալի վրա ներդրումներ կատարել։ Եթե ուզում ես լավ մասնագետներ ունենալ, պիտի ունենաս լավ ուսուցիչներ։ Եթե ուզում ես լավ ուսուցիչներ ունենալ, պիտի ներդրումներ անես մանկավարժական կրթության և ուսուցիչների վերապատրաստման ոլորտներում։ Արդեն սկսվել են ուսուցիչների ատեստացիոն վերապատրաստումները։ Ի՞նչ ներդրում արեց մեր կառավարությունն այդ գործընթացն ավելի որակյալ իրականացնելու համար։ Ի՞նչ ռեսուրսներ, աջակցություն ստացան այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են այդ պատասխանատու գործընթացը։ Ընտրության ի՞նչ չափանիշեր կիրառվեցին, որպեսզի ուսուցիչների հետ աշխատեն որակյալ մասնագետները…
Ընտրվեց նեոլիբերալ լուծումը։ Մենք ձեզ տալիս ենք 25 հազար դրամ։ Դուք գնացեք ու մրցեք իրար հետ։ Իսկ մենք կվերահսկենք ձեզ։ Ովքեր վատ աշխատեն, դուրս կմնան։ Որևէ ապրանքի արտադրության համար գուցե այս մոդելը աշխատի, բայց մարդկային կապիտալի զարգացման համար այլ մոտեցումներ են պահանջվում։