Բաժիններ՝

«Նման ձևով հարցեր լուծելը մեզ լավ տեղ չի տանում». Կամերային երաժշտական թատրոնի աշխատակազմը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում

Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակազմն օրեր առաջ նամակ էր գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հետպատերազմյան մեր երկրի համար թատերական միավորի ոչնչացումը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ:

«Սա թիկունքից հարված է մեր երկրին ու անվտանգությանը, քանի որ ապագա զինվորն ու սահմանապահը հենց թատրոնում, թանգարանում ու համերգասրահում է դառնում հայկականի կրողն ու անձնուրաց պաշտպանը: Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար, դրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են առողջ, ուժեղ և կայացած հասարակություն կրթելու և ձևավորելու համար: Հատկապես այն դեպքերում, երբ չունեն հանդիսատեսի պակաս, պարտաճանաչորեն կատարում են իրենց հարկային պարտավորությունները և տարին տարվա վրա հանդես են գալիս նոր ասելիքով: Պետական կամերային երաժշտական թատրոնն այս չափանիշերով աշխատող միավոր է, և պարզապես անհասկանալի է այս տեսակ կառույցի հետ նման կերպ վարվելու շարժառիթները»,- գրել էին նրանք:

Օրերս Կառավարությունից ստացել են նամակի պատասխանը, որտեղ եղել է գրված գրեթե այն, ինչի մասին խոսել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Դերասանների փոխանցմամբ՝ նամակում նշված է եղել, որ շատ պարային խմբեր, երգչախմբեր, նվագախմբեր շենքի խնդիր ունեն: Սակայն, թե ինչու այդ շենքի խնդիրը պետք է լուծվի մեկ այլ ուղղվածություն ունեցող բնագավառի՝ թատրոնի հետ, թատրոնի աշխատակազմն այդպես էլ չի հասկացել:

«Տպավորություն է, որ վարչապետին սխալ են իրականությունը ներկայացնում: Թատրոնը չի շեղվել  հիմնական կանոնադրությունից, մեր բոլոր ներկայացումները, մասնավորապես մանկականները, երաժշտական են: Կան տեխնիկական խնդիրներ, տվեք բարձրախոսներ, դերասանական կազմն էլ կերգի կենդանի հնչողությամբ: Ի՞նչ ասել է՝ եթե շեղվել է, ուրեմն պետք է փակել: Ո՞վ է որոշել, ի՞նչ հանձնախումբ է եկել: Պատասխան նամակում ավելի շատ գրվել էր, թե ինչ խմբեր ինչ խնդիրներ ունեն, և պետությունը փաստորեն չի կարողանում լուծել նրանց շենքային հարցերը, դրա համար որոշել են մեր հաշվին լուծե՞լ: Ինչքանո՞վ է դա հիմնավորված: Կասկածում եմ, որ վարչապետը տեղյակ է, թե շաբաթական քանի՞ ներկայացում ենք խաղում, քանի՞ դերասան կա մեր թատրոնում, քանի՞ հանդիսատես ենք ընդունում: Ինչպես հասկացել ենք՝ 2-3 հոգի են որոշել, իրար հետ պայմանավորվել: Մեր հասարակությունն ուղղակի պետք է անտարբեր չլինի, թույլ չտա, որ այդքան հեշտ ու հանգիստ թատրոն փակեն: Եթե սա թույլ տանք՝ կանցնեն այլ կառույցների. բուհերը կմիացնեն իրար, այլ թատրոններ, և այլն: Եվ հետո, եթե որևէ թատրոն չի ջեռուցվում, չեն փակում, չէ՞, ջեռուցում են: Եթե խնդիր կա, պետք է այն լուծել, իսկ թատրոն փակելով՝ խնդիր են առաջացնում: Նման ձևով հարցեր լուծելը մեզ լավ տեղ չի տանում, շատ վատ ճանապարհ է»,- մեզ հետ զրույցում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Զարուհի Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իրենց կարծիքով՝ որպես արվեստագետ՝ առաջինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պետք է հրաժարվի այդ շենքից, դեմ լինի թատրոնի փակմանը:

«Միևնույն է, հարցը չի լուծվում նվագախմբի համար, գալու են` շենքը քանդեն ու ընդամենը փորձասենյակ սարքեն»,- նկատեց Զարուհի Հակոբյանը:

Դերասանուհին ընդգծեց՝ թատրոնի աշխատակազմը պահանջում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խոսել ստեղծված իրավիճակի մասին, ավելի ճիշտ ներկայացնել խնդիրը:

Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանից հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք իրենք են շենքի ընտրությունը կատարել, թե՞ նախարարությունն է առաջարկել, ու այլ տարբերակներ եղե՞լ են առաջարկված, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ Ս․ Սմբատյանն ասել էր․ «Մենք ընտրություն չենք կատարել: Խնդրում ենք, որ նվագախումբը տեղ ունենա»:

Նա նշել էր, որ նվագախումբը 15 տարի է՝ չունի փորձ անելու վայր, և այդ խնդիրները մեկ օր պետք է կարգավորվեն: Հետևաբար՝ նվագախմբին պետք է տարածք՝ աշխատելու, փորձեր կատարելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Արմենպրեսի» հետ զրույցում վստահեցրել է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանների կարծիքով՝ այս նախագծի արդյունքում թատրոնը լուծարվելու է, ինչն իրենց համար անընդունելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս