Ծանր կորուստ
Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, լրագրող, բոլորիս սիրելի Արմեն Շեկոյանը։ Արմենը խորհրդային վերջին շրջանի ու նորանկախ Հայաստանի իսկական, մաքուր մտավորականության ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, նա գրականություն էր՝ մարդու մեջ, ու մարդ՝ գրականության մեջ։
Արմենը նաև Երևանն էր, Երևանն՝ իր մասով, նաև Արմեն Շեկոյանն էր։
Հատկապես ավագ սերնդի լրագրողները երջանկություն են ունեցել ոչ միայն ճանաչելու, այլ նաև աշխատելու, ընկերություն անելու Արմենի հետ, ինչը բազմապատկում է նրա կորստի ցավը։
Մենք կորցրեցինք իսկական մտավորականի ու լավագույն ընկերոջ, որի բացակայությունը զգալու ենք այնպես, ինչպես զգում էինք նրա մշտական ներկայությունը։
Հանգչիր խաղաղությամբ, Արմեն ջան։
«168 Ժամ» թերթի խմբագրությունը ցավակցում է Արմեն Շեկոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա գրականությունը գնահատողներին։
Արմեն Շեկոյանի կենսագրությունը
Ծնվել է 1953թ. մարտի 28-ին, Երևանում:
1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը,
1985թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։
1976-90թթ․ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»):
1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։
1990-92թթ․ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը,
1992-97թթ․՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների: Գրողի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։ Լույս է ընծայել «Ձեզ հետ միասին» (1979թ.), «Ճոճք» (1982թ.), «Բախտ» (1987թ.), «Վարդավառ» (1988թ.), «Թուղթ ու գիր» (1990թ.), «Աղանդեր» (1996թ.), «Անտիպոեզիա» (2000թ.), «Երևան-հյուրանոց» (2003թ.) բանաստեղծությունների ժողովածուները:
Գրել է նաև մանուկների համար («Երկու քույրիկ», 1992թ.): Հեղինակել է «Մետաքսի ճանապարհը» (2004թ.) պատմվածքների ժողովածուն, «Հայկական ժամանակ» (2006-12թթ․) վեպը, որը 2006թ-ից երկար տարիներ տպագրվել է «Առավոտ» օրաթերթում։
Ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն և այլ լեզուներով։
1981թ. Վրաստանում անցկացվող Վ.Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ.Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005թ. «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների, 2017թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: