Ի՞նչ հրահանգ է տրվել Ֆիննախին, ինչի՞ առաջ ենք կանգնելու եկամտահարկի վերադարձը դադարեցնելուց հետո. Արմեն Սաքապետոյանը մանրամասնում է

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել` մտահոգություն հայտնելով Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի վերադարձի կարգավորումները դադարեցնելու վերաբերյալ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ, իրավաբան Արմեն Սաքապետոյանը նշեց, որ Ֆինանսների նախարարությունը, լինելով պետության լիազոր մարմին, բյուջեի ծախսերի պլանավորման տեսակետից, գուցեև իրենց համար արդարացված, ներկայացրել է օրենքի նախագիծ, որով հայտնում է, որ եկամտահարկի վերադարձի ծախսն արդարացված չէ և առաջարկում է հրաժարվել այդ օրենքից, ինչը, իր բնորոշմամբ, բացասական հետևանք է ունենալու նույն բյուջեի վրա։

Դիտարկման, թե, ըստ կառավարության տարբեր ներկայացուցիչների հիմնավորումների, տարեցտարի ավելանում է հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ գնողների թիվը՝ դրանով պայմանավորված էլ պետությունը եկամտահարկի տեսքով բնակարան գնողներին արդեն իսկ վերադարձրել է 8 միլիարդ դրամից ավելի գումար, իսկ այդ ծախսը գնալով ավելի մեծ բեռ է դառնում պետության համար, Արմեն Սաքապետոյանը պատասխանեց.

«Կառավարությունը ճիշտ կանի՝ այդ հիպոթեքային վարկերի թվերի աճին զուգահեռ՝ ներկայացնի, թե կառուցապատման ոլորտից որքա՞ն հարկ է վճարվել պետական բյուջե։ Եթե մեկ օրինակով ներկայացնեմ, ապա 100 բնակարանով մեկ շենքի կառուցման և իրացման արդյունքում պետբյուջե է վճարվում 500 միլիոն դրամ ուղղակի հարկ՝ եկամտահարկ, շահութահարկ և ԱԱՀ։

Սրանից բացի, կան նաև անուղղակի հարկեր, որոնք գոյանում են տարատեսակ գործարքների արդյունքում։ Այսինքն՝ կառուցապատողը 1-2 տարվա ընթացքում պետությանը հատկացնում է 500 միլիոն դրամ, իսկ 15-50 տարվա ընթացքում եկամտահարկի տեսքով պետությունն այդ 100 բնակարանը գնած քաղաքացուն վերադարձնում է 250 միլիոն դրամ»։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է այդ դեպքում պետությունը հրաժարվում արագ այդ չափի եկամուտներ գեներացնելու  հնարավորությունից, Սաքապետոյանը պատասխանեց, որ հրաժարվում է Ֆինանսների նախարարությունը, որի վրա դրված է խնայողություններ ապահովելու հարց։

Ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամի՝ եթե լիներ լիազոր մարմին, որը կզբաղվեր կառուցապատողների խնդրով, ապա հնարավոր կլիներ ծավալել համագործակցություն և հասկացնել պատասխանատու մարմիններին, որ եկամտահարկ չվերադարձնելու դեպքում նաև հարկային եկամուտներ չեն գեներացվի պետբյուջե։

Միևնույն ժամանակ, Արմեն Սաքապետոյանը նաև շեշտեց՝ ընդունելով հանդերձ, որ եկամտահարկի վերադարձի մասին օրենքը ոչ թե սոցիալական, այլ տնտեսական բաղադրիչ ունի, իրենց խնդիրն այս ծրագիրը նույնությամբ պահպանելը չէ, իրենք պատրաստ են խելամիտ և ոլորտը չվնասող փոփոխությունների։

«Չէ՞ որ ինչ-որ բան հանելու փոխարեն, տեղը պետք է բերել այլ բան դնել, հետևապես, եթե եկամտահարկի վերադարձը դադարեցնում են, պետք է ոլորտը խթանող այլ գործիքակազմ ներդնեն, մինչդեռ Ֆինանսների նախարարությունն ասում է՝ մեր խնդիրը բյուջեի ծախսերը կրճատելն է, մենք գնում ենք ծախսերի կրճատման, թող ձեր հարցը բարձրացնողն էլ առաջարկի այլ գործիքակազմ և, քանի որ, մենք հենց այդ հարց բարձրացնող պետական մարմինը՝ լիազոր մարմինը, չունենք, կանգնել ենք խնդրի առաջ։

Հիմա փորձում ենք երկխոսություն ծավալել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Եթե մի կողմից՝ Ֆինանսների նախարարությունը կհայտարարի, որ ծրագիրը դադարեցնում են, մյուս կողմից՝ կառաջարկի, օրինակ, հիպոթեքային վարկավորման տոկոսները 12 տոկոսից իջեցնել 2-4 տոկոսի, ապա մենք այդ առաջարկը կողջունենք, չէ՞ որ հիպոթեքային շուկան զարգացնելու համար Հայաստանին տրվում են 2 տոկոսանոց վարկեր, որոնք 12 տոկոսով են հասնում մեր քաղաքացիներին։ Հիմա մենք առաջարկում ենք հետևյալը՝ եթե դադարեցնում եք եկամտահարկի վերադարձը, ապա եկեք վարկերի տոկոսադրույքը իջեցնելու գործիքը կիրառենք։

Մենք պետությանն առաջարկել ենք նաև ներդնել մեկ այլ համակարգ, որը ներդրված է, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մեխանիզմը հետևյալն է՝ բնակարան՝ կարգավիճակի դիմաց. օրինակ՝ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանում տալիս ենք կեցության կարգավիճակ՝ բնակարան գնելու պայմանով։ Այս մեխանիզմը ևս կխթանի կառուցապատման շուկան։ Մյուս առաջարկը վերաբերում է վթարային շենքերին. պետությանն ասում ենք՝ եթե կառուցապատողն ուզում է վթարային շենքերն իրացնի և տեղը կառուցի բազմաբնակարան շենք, ապա առաջարկում ենք որոշակի հարկատեսակներ տվյալ գործարքի դեպքում չկիրառել, փոխանակման գործարքների դեպքում հարկ չսահմանել, դրա հետևանքով կառուցապատողը կգնա 70 տարեկան շենքերը կփոխարինի նոր շենքերով ու կլուծի վթարային շենքերի հարցը»,- ասաց Սաքապետոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս