Պահանջում ենք թույլ չտալ բնակելի կամ այլ ոչ գիտական շինության կառուցում քիմիական ինստիտուտների տարածքում. Գիտաշխատողներն ահազանգում են

Վտանգված է Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը: Գիտաշխատողները պնդում են՝ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումը:

Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում՝ ջրավազանի տեղը, բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը:

Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են մի շարք պատճառներով։ Մասնավորապես՝ 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարևանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1 000 000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և էլ երբեք չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600․000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկամագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի՝ Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները և կենսաբանները ևս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված: Չնայած ինստիտուտը գիտահետազոտական է, և արտանետումներն արտադրողական չեն, սակայն բոլոր մասնաշենքերում իրականացվող հետազոտությունների ժամանակ լինում են արտանետումներ՝ թե՛ հոտավետ, թե՛ թունավոր նյութերի։ Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է ինստիտուտի անմիջապես կողքը, բնակիչներն ամենայն հավանականությամբ ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու։

Գիտաշխատողները հարց են բարձրացնում՝ այդ դեպքում ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ նորակառույցն են քանդելու։

Նրանց փոխանցմամբ՝ 2007թ. անօրինականության հետևանքով ինստիտուտը զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։ Սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով ինստիտուտի անվտանգության մակարդակը։ Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլև հանդիսանում է միկրոկլիմայի և միկրոէկոլոգիական համակարգի ամենակարևոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները։ Կառուցապատողները, բացի բարձրահարկ շենքից, նախատեսում են կառուցել գետնանցումներով ներքին ավտոկայանատեղի։ Այդտեղ տարվելիք շինարարական աշխատանքներն անմիջապես վտանգելու են ինստիտուտի տակ գտնվող քիմիական պահեստները։ Կենտրոնի շենքը և ջրավազանը որպես մեկ համալիր պատմամշակութային արժեք է համարվում։ Մասնավորապես, ջրավազանի կողքն է գտնվում քիմիական գիտությունների դոկտոր Արմենակ Մնջոյանի կիսանդրին, որը համարվում է հատուկ պահպանվող հուշարձան, ջրավազանի հիմնական խողովակը հին ժամանակներում կառուցված ջրատարի մի հատվածն է:

«Իոնական հեղուկների մշակում և կիրառություններ քիմիայում» խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 21-ին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Քննարկված առաջին ներդրումային ծրագիրը վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը:

«Կառավարության նիստից ենք տեղեկացել, որ ջրավազանի տեղում բազմաֆունկցիոնալ շինություն կառուցելու համար կառուցապատողին պետք է ներկայացնեն պատմամշակութային ջրատարի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ: Մեր պահանջն է՝ թույլ չտալ բնակելի կամ այլ ոչ գիտական շինության կառուցում քիմիական ինստիտուտների տարածքում»,- նշեց Արփինե Հարությունյանը՝ հայտնելով, որ հուլիսի 29-ին Կառավարության շենքի մոտ ժամը 10:00-ին բողոքի ակցիա է լինելու:

ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանն էլ հորդորեց չխափանել իրենց աշխատանքը:

«Չեմ ուզում, որ մեր աշխատանքը խափանվի, թողեն հանգիստ մենք աշխատենք»,- ասաց նա:

ՕԴՔԳՏԿ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանն էլ շարունակելով գործընկերներին՝ նկատեց. «Խնդիրը ոչ գիտական (բնակելի) շենքի և գիտական ինստիտուտի անհամատեղելիությունն է։ Անհամատեղելի է, քանի որ շենքի սարքելուց հետո բնակիչները հաստատ բողոքելու են, և այդ ժամանակ շենքն են քանդելո՞ւ, թե՞ ինստիտուտը։ Մյուս կողմից՝ ջրավազանը պետք է վերադարձվի ինստիտուտին, քանի որ դա ինստիտուտի անվտանգության համակարգի մի մասն է։ Պահանջն է՝ բացառել ոչ գիտական որևիցե կառույցի կառուցապատում և վերջնական հետ վերադարձնել ջրավազանը ինստիտուտին»։

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել: «Սակայն 10 տարի հետո՝ 2017թ., Քննչական կոմիտեն տալիս է եզրակացություն, որ այդ առևտրային ակտն ապօրինի է: Այսինքն, ապօրինի վաճառվել է մասնավորին, բայց քանի որ 10 տարի անցել է, քրեական պատասխանատվության հնարավոր չէ ենթարկել, այդ մարդը եկել ու ասում է, թե գիտական կենտրոնի մեջտեղը երկու 25 հարկանի շենք է սարքելու, այն դեպքում, որ 15 մետր այն կողմ գտնվում են քիմիական լաբորատորիաները: Ուզում են բնակելի շենք սարքել, սակայն նախ վնասում են գիտությանը. նորմալ օդափոխությունից, լույսից են կտրում: Սրան գումարած՝ մեզ մոտ ցանկություն կա սնդիկի պահեստ սարքել: ՄԱԿ-ի որոշում կա, որ սնդիկի շարժն արգելվում է: Պատկերացրեք, 200 ընտանիք՝ 25 հարկանի շենքում, բակ չկա, պետք է անընդհատ քիմիական նյութերի օդը շնչեն»,- մանրամասնել էր Արթուր Հարությունյանը:

Ճշտելու համար, թե կառուցապատման ի՞նչ նախագծի մասին է խոսքը, զրուցել էինք կառուցապատմանն ուղղված ներդրումային ծրագիրն իրականացնող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի հետ:

««Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտա 26/1 հասցեում ծրագրում է կառուցել էներգաարդյունավետ, բազմաֆունկցիոնալ համալիր: Ինչո՞ւ այդ հասցեում, քանի որ այդ հատվածը, կարելի է ասել՝ մեր քաղաքի համար ծառայում է՝ որպես քաղաքի հիմնական մուտք ու ելք, սակայն անուշադրության էր մատնված, անխնամ էր ու անբարեկարգ: Մեր ցանկությունը ներդրումային մի նախագիծ մշակելն էր, որը հնարավորություն կտար կառուցապատել այդ տարածքը, բարեկարգել այն, «շունչ հաղորդել» ամայացված տեղանքին՝ պահպանելով ճարտարապետական ներդաշնակությունը հարակից կառույցների հետ: Շատ արագ համախոհների խումբ հավաքվեց, ձևավորեցինք թիմ, գաղափարը զարգացրեցինք և որոշեցինք, որ այստեղ ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելը կլինի լավագույն լուծումը: Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը կունենա մի շարք առավելություններ. այն քաղաքի կենտրոնում չէ և կնպաստի տվյալ վարչական շրջանում կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև քաղաքային և համայնքային համաչափ զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը:

Նշեմ, որ մենք ծրագրում ենք կառուցել միայն մեկ շենք, որի հարկերի քանակը դեռ ինքներս չգիտենք, քանի որ համալիրը դեռևս էսքիզային նախագծման փուլում է, և շենքի վերջնական հարկայնության հարցը որոշում է Երևանի քաղաքապետարանը: Համալիրի նախագծի ամբողջական փաթեթը ներկայացնելու ենք Երևանի քաղաքապետարանի վերջնական հաստատմանը մինչև այս տարվա վերջ: Այդուհանդերձ, նշեմ, որ համալիրը չի գերազանցելու 17 հարկը»,- ասել էր Արտաշես Վարդանյանը:

Ի դեպ, նշված տարածքը հանդիսանում է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ «Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» տեղական նշանակության հուշարձան:

Տեսանյութեր

Լրահոս