Պակիստանը՝ հարավկովկասյան խնդիրներում. Բաքվում Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա հռչակագիր է ստորագրվել

Ադրբեջանի իշխանությունների հրավերով՝ Պակիստանը  ներքաշվում է  հարավկովկասյան զարգացումներում: «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սախիբա Գաֆարովան Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների հետ առաջին եռակողմ հանդիպմանը:  Ըստ նրա, եռակողմ պլատֆորմը ծառայելու է այդ երկրների ավելի սերտ միավորմանը:

Գաֆարովան տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման շրջանակում ընդունվելու է Բաքվի հռչակագիր:

«Հռչակագրում նշվելու է միջխորհրդարանական երկխոսության, համագործակցության ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Կարևոր եմ համարում նաև Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»,- ասել է Գաֆարովան:

Նշենք, որ նախօրեին նրանք ստորագրել են Բաքվի հռչակագիրը: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը նշել է, որ հռչակագիրն իր ներդրումը կունենա տարածաշրջանում անվտանգության հարցում, այն կարևոր դերակատարություն կունենա  եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալիզացիայի  հարցում: Իսկ Ասադ Կայսերը՝ Պակիստանի խորհրդարանի խոսնակը, իր հերթին նշել է, որ եռակողմ պլատֆորմի շրջանակում պարբերական հանդիպումներ են կազմակերպվելու համագործակցության առանցքային հարցերի քննարկման համար: Հռչակագրի տեքստը մասնակիորեն հրապարակվել է այսօր:

Հռչակագրում ասվում է, որ խորհրդարանների նախագահները հայտարարում են իրենց հավատարմությունը միջխորհրդարանական երկխոսությանը և համագործակցության զարգացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եղբայրական ժողովուրդների հետագա մերձեցման համար, հստակեցրել են վճռականությունը,  ամրապնդել առկա կապերը և խթանել մշտական ​​հանձնաժողովների, բարեկամության խմբերի և խորհրդարանների աշխատանքային խմբերի կապերը:

Նշվում է, որ երեք երկրների խորհրդարանների նախագահները կարևորում են երկկողմ և բազմակողմ միջխորհրդարանական կապերի դերը միջազգային խնդիրների լուծման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում, աջակցություն են հայտնում միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ խորհրդարանական վեհաժողովներին, որպես կառուցողական երկխոսության և համագործակցության հաջող հարթակ, ինչպես նաև կարևորում են որոշումներ կայացնելու գործընթացում կին խորհրդարանականների դերի և պատասխանատվության բարձրացմանն ուղղված քայլերը:

Խորհրդարանների խոսնակները դատապարտում են Հայաստանի կողմից Ադրբեջանին ականազերծված տարածքների քարտեզ իբրև թե չտրամադրելը, ընդգծելով իրենց լիակատար համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ գրավված տարածքները վերականգնելու և ներքին տեղահանվածների վերադարձը կազմակերպելու ջանքերում:

Տեսանյութեր

Լրահոս