Օֆշորում գրանցված թուրք ներդրողի փողը գալիս է Հայաստան. այդ փողն այստեղ վտանգված չի լինի և կօգտագործվի՝ որպես մահակ. Կառլեն Խաչատրյան
Օրերս Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև՝ Կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագրերը: 2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը նպատակ է դրել ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ, որի համար, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության ներուժը, ինչպես նաև՝ իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով Կառավարության ընդունած այս ծրագրերին և սահմանված 7 տոկոս տնտեսական աճի տեսլականին, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ, ինչպես միջոցառումները, այնպես էլ 7 տոկոս տնտեսական աճին հասնելու նպատակադրումը դասվում է քաղցր կենացների շարքին, որովհետև տնտեսական աճ ունենալու համար Կառավարությունը նախ պետք է նպաստավոր միջավայր ստեղծի ներդրողների համար, սակայն անում է պահանջվողի ճիշտ հակառակը։
«Առհասարակ, աշխարհի զարգացած երկրների փորձն ապացուցում է, որ, երբ ուզում ենք՝ տնտեսությունն ունենա 5-7 տոկոս անընդհատ աճ, ապա դրա համար նախապայման է, որ ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափով լինեն օտարերկրյա ներդրումներ։ Դա Հայաստանի պարագայում պետք է ունենա հետևյալ տեսքը՝ խոսում ենք 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, ուրեմն պետք է ամեն տարի 2.5-3 միլիարդ դոլարի չափով ներդրումներ ունենանք։ Ինչ ունենք, սակայն, սրա փոխարեն. 2020 թվականին ունեցել ենք 0 տոկոս օտարերկրյա ներդրում, դրան նախորդող տարիներին՝ 2018-2019՝ 40 տոկոսով դրանց ծավալները պակասել են, իսկ ահա 2021 թվականի տնտեսության վիճակը հիմք չի տալիս օտարերկրյա ներդրողին իր փողը Հայաստանում ներդնելու համար, որովհետև կան անվտանգային խնդիրներ, որին զուգահեռ, շարունակաբար, Հայաստանում հասարակությունն աղքատանում է»,- ասաց Կառլեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մեր նման խնդիրներ ունեցող երկրում որևէ ողջամիտ ներդրող խոշոր գումար չի ներդնի։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունը, ըստ որի՝ Հայաստանում կիրականացվեն ինչպես 10 մլն դոլար արժեքով՝ 220 աշխատատեղով, այնպես էլ՝ 50 մշտական, 500 ժամանակավոր աշխատատեղ ապահովող 14 մլն դոլար արժեքով ներդրումային ծրագրեր, Կառլեն Խաչատրյանն արձագանքեց.
«Իսկ ովքե՞ր են այդ ընկերությունների սեփականատերերը։ Դրանք, ըստ իս, օֆշորում գրանցված ընկերություններ են, հետևաբար՝ դրանց սեփականատերերի անունները հայտնի չեն, իսկ այդ դեպքում վտանգ կա, որ օֆշորում գրանցված այդ ընկերությունների սեփականատերերը թուրքեր են, և հենց նրանք են Հայաստանում ներդրումներ անելու»,- ասաց Խաչատրյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ փոքր է հավանականությունը, որ առանց իշխանության իմացության՝ թուրքական կապիտալը հոսի Հայաստան։
«Մյուս կողմից, հաշվի առնելով պատերազմից հետո իշխանության կողմից հրապարակ նետվող թեզերը, չեմ կարծում, որ թուրքական կապիտալը Հայաստան բերելու հարցում իշխանությունը խնդիր է տեսնում»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ հենց խնդիր չտեսնելու հեռանկարում կարելի է դիտարկել նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո Թուրքիայի հետ սահմանին՝ Գյումրիում, մաքսատուն կառուցելու այս իշխանության քայլը։
«Իմ գնահատմամբ՝ մոտ 7 միլիոն դոլարը, որը ծախսել են Գյումրիում մաքսատուն կառուցելու համար, արդյունավետ ծախս չի եղել»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ իսկ որքանո՞վ է ապահովագրված օտարերկրյա խոշոր ներդրողի ներդրած փողը Հայաստանում, երբ մի դեպքում՝ մենք ունենք միլիոնավոր դոլարների ներդրում կատարած գործարար, ոը տարիներ շարունակ չի կարողանում կյանքի կոչել իր ներդրումային ծրագիրը՝ Ամուլսարի հանքի շահագործումը, մյուս դեպքում էլ, իշխանությունը պարալիզացնում է արտարժույթով Հայաստանի բյուջե փող բերող Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատի աշխատանքն ու պետական բյուջեն զրկում միլիարդավոր դրամների եկամուտներից, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց.
«Այս ընկերություններին պետք է ավելացնել նաև «Սանիտեք» ընկերության կողմից Հայաստանի դեմ եվրադատարան ներկայացված հայցը։ Այս խոշոր ներդրող ընկերությունների շուրջ Հայաստանում կատարվողը լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր երկրի համար, որովհետև ցանկացած պոտենցիալ ներդրող հստակ խաղի կանոն է ուզում։ Սակայն, Հայաստանում թուրքական կապիտալի հետ որևէ բան չի լինի. թուրքական կապիտալը Հայաստան գալով՝ երկարաժամկետ խնդիր է լուծելու։ Թուրք ներդրողի փողը Հայաստանում վտանգված չի լինի. այդ գումարները կլցվեն մեր տնտեսության մեջ և պատեհ առիթի ժամանակ կօգտագործվեն մեր դեմ՝ որպես տնտեսական մահակ։ Պատկերացրեք՝ 5-7 տարի անց տնտեսության 10-15 տոկոսը թուրքական կապիտալ է, իսկ դա նշանակում է՝ աշխատողների 15-20 տոկոսը զբաղված է լինելու թուրքական ընկերություններում, ուստի, եթե որոշեն այդ ընկերությունները փակել, այդքան տոկոսով հարկ բյուջե չի գնալու, և այդքան տոկոսով աշխատող դառնալու է գործազուրկ»,- ասաց Խաչատրյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում