«Գերակատարումները» ծանր նստեցին ՊԵԿ նախագահի վրա

Այլևս պարզ է, որ ՊԵԿ նախագահը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Ճիշտ է, նրա հրաժարականի վերաբերյալ լուրերը պաշտոնապես ո՛չ հերքվում են և, ո՛չ էլ հաստատվում, բայց դա ընդամենը ժամանակի հարց է։

ՊԵԿ նախագահի հեռանալը շատերի համար անսպասելի էր։ Ինչո՞ւ անսպասելի, որովհետև, մինչև վերջերս կառավարությունը խոսում էր բյուջեի եկամուտների բարձր կատարողականի ու գերակատարումների մասին։ Սա ենթադրում էր, որ ՊԵԿ նախագահը պիտի խրախուսվեր և ոչ թե ազատվեր աշխատանքից։

Բայց հրաժարական է ներկայացրել։ Այն էլ՝ ոչ սեփական ցանկությամբ։

Այս հրաժարականը տարօրինակ էր նաև նրանով, որ ընտրությունների ժամանակ ՊԵԿ նախագահն իրեն դրսևորել էր իշխանություններին հավատարիմ զինվորի նման. մասնակցում էր նախընտրական քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանի հետ մեկնում մարզեր, կազմակերպում հավաքներին մարդկանց մոբիլիզացնելու աշխատանքներ և այլն։ Ու այդքանից հետո որոշեցին ազատվել Էդվարդ Հովհաննիսյանից։

Նա ՊԵԿ նախագահի պաշտոնում է անցած տարվա հունիսից, երբ հանկարծակի հրաժարական տվեց և հեռացավ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ ՊԵԿ նախագահի պաշտոնում Էդվարդ Հովհաննիսյանն աշխատեց մեկ տարուց մի փոքր ավելի։

Անցած տարի նրա ղեկավարած կառույցի գործունեության արդյունքում ունեցանք նախատեսված հարկային մուտքերի լուրջ թերակատարում։ Պետական բյուջեով ի սկզբանե պլանավորված 1 տրիլիոն 607 մլրդ դրամի փոխարեն՝ բյուջեի հարկային եկամուտները կազմեցին 1 տրիլիոն 385 մլրդ դրամ։ 222 միլիարդով ավելի պակաս մուտքեր ստացվեցին, քան ակնկալվում էր։

Իհարկե, տեսնելով, որ բյուջեի եկամուտները թերակատարվում են՝ կառավարությունը 2 անգամ վերանայեց ու նվազեցրեց դրանք։ Արդյունքում՝ տարեվերջին փորձեցին տպավորություն ստեղծել, որ մուտքերը նույնիսկ գերակատարվել են։ Այնինչ՝ իրականում դրանք անհամեմատ ավելի քիչ էին, քան նախատեսվում էր ստանալ։

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա առաջին կեսին հարկային եկամուտների կատարողականն ավելի բարձր է։ Մուտքերը, նախորդ ճգնաժամային տարվա համեմատ, աճել են։ Այլ հարց է, թե դա ինչի հաշվին է եղել։

Ավելացել են ԱԱՀ մուտքերը։ Եթե անցած տարվա առաջին կեսին դրանք կազմել էին 213 մլրդ դրամ, այս տարի կազմել են 242 միլիարդ։ ԱԱՀ մուտքերն ավելացել են, առաջին հերթին՝ սպառողի աղքատացման հաշվին։

ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, ինչը գանձվում է իրացումից։ Այդ հարկն իրականում վճարում են սպառողները։ Սպառողների հիմնական մասի եկամուտներն այս տարի չեն ավելացել, բայց, ինչպես տեսնում ենք, նրանց կողմից կատարված գնումների հաշվին ավելացել են ԱԱՀ մուտքերը։

Էական դեր է ունեցել գնաճը։ Հայաստանի տնտեսությունն ու սպառողական շուկան մեծապես նստած է ներմուծման վրա։ Ներմուծման թանկացումը, ինչին ականատես եղանք միջազգային շուկաներում գների բարձրացման ու դրամի թուլացման հետևանքով,  ավելացրել է սահմանին գանձվող ԱԱՀ մուտքերը։

Ի տարբերություն ԱԱՀ-ի, նվազել է շրջանառության հարկը։ Վարչապետն ու կառավարության անդամներն առիթը բաց չեն թողնում խոսելու առևտրի շրջանառությունների ավելացման մասին, բայց, ինչպես վկայում են պաշտոնական ցուցանիշները, ունենք շրջանառության հարկի նվազում։

Անցած տարի, երբ առևտրի շրջանառությունները համավարակի ու տնտեսական ճգնաժամի պատճառով պակասել էին, հավաքվել էր 14,7 մլրդ դրամ, այս տարի հավաքվել է 14,3 միլիարդ։ Այն էլ՝ առկա բարձր գնաճի պայմաններում։

Անցած տարվա համեմատ՝ արտաքուստ ավելացել է շահութահարկը, բայց դա մեծ բլեֆի արդյունք է։ Այն արհեստական և միանգամյա աճ է, որովհետև կառավարությունը որոշել էր անցած տարվանից կուտակված շահութահարկի մի մասը տեղափոխել այս տարի։

Եթե դա տեղի չունենար, ականատես կլինեինք շահութահարկի վճարների զգալի կրճատման։ Պատահական չէ, որ նույնիսկ անցած տարվա ակնկալիքներն այս տարվա մուտքերի վրա գրելուց հետո՝ շահութահարկի գծով գանձված գումարներն ավելի քիչ են, քան 2019թ. էին։ Այն ժամանակ տարվա առաջին կեսին հավաքվել էր 113 մլրդ դրամ, այս տարի, այսպես ասած, միավորված շահութահարկը կազմել է 108,8 միլիարդ։

Եկամտային հարկի գծով աճ կա, բայց փոքր՝ ընդամենը 1,2 տոկոս։ Հավաքվել է 210,6 մլրդ դրամի եկամտային հարկ, ինչը 3,6 միլիարդով ավելի է անցած տարվանից։

Նվազել են ակցիզային հարկի մուտքերը։ Այն էլ՝ շուրջ 17 տոկոսով։ Անցած տարի հավաքվել էր 52,6 մլրդ դրամի ակցիզային հարկ, այս տարի հավաքվել է 43,7 միլիարդ։

Ակցիզային հարկի մուտքերի անկումը կապված է հիմնականում ներքին տնտեսության հետ։ Ենթաակցիզային ապրանքների, մասնավորապես՝ ծխախոտի արտադրության ոլորտում ունենք լուրջ հետընթաց։ Արտադրության ծավալներն այս տարի կտրուկ կրճատվել են՝ անցած տարվա ոչ պակաս կտրուկ կրճատումից հետո։ Տպավորություն է, որ ակցիզային հարկի բարձրացումը, որը վերջին տարիներին ինտենսիվ ձևով իրականացնում են իշխանությունները, սկսել է հարվածել տեղական արտադրության մրցունակությանը։

Արտադրության ծավալների կրճատման հետևանքով նվազել են այս ոլորտից գանձվող հարկերը։

Եթե այդպես շարունակվի, առաջիկայում ևս դրանք կշարունակեն նվազել։ Կառավարությունն իրականացնում է ակցիզային հարկի բարձրացման քաղաքականություն, ինչն էլ, ըստ էության, խորտակում է մեր տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծխախոտի արտադրությունը։

Եկամուտների ավելացում ունենք մի շարք հարկատեսակների առումով։ Բայց դա քիչ կապ ունի ՊԵԿ աշխատանքի արդյունավետության հետ։

Ավելացել են սոցիալական վճարները. անցած տարվա համեմատ՝ 90 տոկոսով, ինչը կենսաթոշակային ֆոնդերին կատարվող վճարի ավելացման հետ է կապված։ Եթե նախկինում աշխատավարձերից պահվում էր՝ 2,5, այս տարվա սկզբից պահվում է 3,5 տոկոս։

Գրեթե նույնքան կտրուկ ավելացել են նաև այլ հարկային եկամուտները։ Աճը, որը հասնում է 83,5 տոկոսի, գերազանցապես դրոշմանշային վճարի շեմի բարձրացման արդյունք է։ Դրա հաշվին նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի ավելի շատ դրոշմանշային վճար է հավաքվել։ Այդ գումարը ամբողջությամբ գնում է հիմնադրամ, որտեղից հոգում են զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական կարիքները։

Գրեթե 5 միլիարդով կամ 17 տոկոսով ավելացել է բնապահպանական հարկը և բնօգտագործման վճարը՝ պայմանավորված ընդերքի արդյունահանման ծավալների աճով և մետաղների գների բարձրացմամբ։ Տարվա առաջին կեսին ահա այսպիսի փոփոխություններ են կրել հարկային եկամուտները։ Բայց դրանք, ըստ էության, բավարար չեղան, որպեսզի ՊԵԿ նախագահը պահպանի իր պաշտոնը։ Նրա աշխատանքից հավանաբար այնքան էլ գոհ չեն եղել։ Թեև գոհ լինել-չլինելը կառավարության համար լուրջ կատեգորիա չէ։ Այստեղ առաջնորդվում են այլ սկզբունքներով։ Այդ սկզբունքներով էլ նշանակում ու ազատում են պաշտոնյաներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս