
Արդեն մի քանի տարի է, Հայաստան թռչող արագիլներն աղտոտվում են, պատճառը դեռ վերացված չէ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, որում մասնավորապես նշված էր, թե իրենք ահազանգեր են ստանում սպիտակ արագիլների աղտոտման դեպքերի մասին, և խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Արագիլների աղտոտման դեպքեր գրանցվել են հիմնականում Արմավիրի և Արարատի մարզերում: 168.am-ը երեկ անդրադարձել էր թեմային, զրուցել Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանի հետ՝ պարզելու արագիլների աղտոտման պատճառները:
Ըստ բնապահպանի՝ պատճառները տարբեր կարող են լինել, ուսումնասիրությունները շարունակվում են, այս տարի կարծես թե աղտոտվածության շրջանակը մեծացել է, Արարատում, Արմավիրում դեպքերը շատացել են:
Այսօր էլ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը մեր հարցին, թե որո՞նք են թռչունների աղտոտման պատճառները և ինչի՞ կարող են հանգեցնել, պատասխանեց.
«Դա հիմնականում ձկնաբուծարանների շրջակայքում է լինում: Այնտեղ օգտագործվում են նյութեր ձուկը բազմացնելու համար, հետո, որ ձուկը հայթայթում են, օգտագործում են, ձկան թափոնները նետում են ափերին, ջրերին և այլն: Այդ բոլորն այդտեղ հավաքվում է, թափոնները մեծ քանակությամբ յուղոտ նյութեր են պարունակում, և այդ յուղոտ նյութերով ծածկվում է արագիլների մարմինները, հետո էլ այդ յուղի վրա փոշի է նստում, տարբեր կեղտոտ նյութեր և դեպքեր են եղել, որ արագիլը նույնիսկ չի կարողացել թռչել: Անցած տարի երիտասարդ բնապահպաններն անգամ գնացին, լողացրին, մաքրեցին արագիլներին, կերակրեցին»,- ասաց Դանիելյանը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է կանխարգելել արագիլների աղտոտման դեպքերը, բնապահպանը պատասխանեց.
«Թափոնները չպետք է շրջակայքում տարածվեն: Իհարկե, լավ է, որ նախորդ տարի գնացել, լողացրել էին, փրկել էին, որովհետև նրանք չէին կարող թռչել, սնվել, բայց դա միայն վերջին կետն է, իսկ սկիզբը՝ չաղտոտելն է: Դա օրենքի խնդիր է, ձկնաբուծարանները պետք է օրենքը պահպանեն»: