«Այդ անձնավորությունը՝ ինձ զանգած, ասեց. «մենք գալու ենք, Ձեզ ստուգենք»». Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով վկա
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:
Դատական նիստի ընթացքում դատարան հրավիրվեց ծրագրավորող, վկա Դավիթ Կարապետյանը: Նա 2-3 տարի առաջ Գևորգ Խաչատրյանի խնդրանքով սերվերի վրա գրանցել է ինֆորմացիոն վեբ կայք: Վկայի փոխանցմամբ՝ թե՛ կայքի անունը, թե՛ ներառած ինֆորմացիան ստացել է Գևորգ Խաչատրյանից, որի հետ ծանոթ է եղել ասպիրանտուրայում սովորելու տարիներից, աշխատանքն էլ կատարել է ընկերական հիմունքներով:
Հաջորդ վկան Վանաձորի ԲԿ տնտեսագետ Արփինե Պողոսյանն էր, որը համակարգում է ԲԿ-ի գնումների գործընթացը:
Արփինե Պողոսյանը, անդրադառնալով գործին առնչվող իրեն հայտնի նյութերին, նշեց, որ 2019թ. սկզբին որպես գնումների համակարգող՝ հայտարարել է հեմոդիալիզի պարագաների համար մրցույթ՝ հիմքում դնելով անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար համապատասխան մասնագետներից ստացած բնութագրերը: .Վկայի խոսքով՝ մրցույթը հայտարարելուց հետո գրություն են ստացել Լոռու մարզի առողջապահության վարչությունից, որի հիմքում դրված է եղել ՊՎԾ գրությունը, որտեղ առաջարկվել է փոփոխել հեմոդիալիզի պարագաների բնութագիրը: Վկայի փոխանցմամբ՝ համապատասխան հանձնաժողովը որոշել է, որ բնութագիրը չի փոփոխվում, ինչից հետո մրցույթը կայացել է, ապա նաև բողոքարկվել:
Արփինե Պողոսյանի խոսքով՝ ինքը պարագաներ բնութագրող անհրաժեշտ նկարագրերը ստանում է հանձնաժողովից, որում ներառված են ոլորտային մասնագետներ, ինքն էլ ստացած նկարագիրը համապատասխանեցնում է Գնումների մասին օրենքին, ինչից հետո հայտարարվում է մրցույթ:
Դատավարության մասնակիցների՝ դատախազի, պաշտպանների ու ամբաստանյալների հարցերին պատասխանելուց հետո դատարանը որոշում կայացրեց հրապարակել վկա Արփինե Պողոսյանի 2019թ. փետրվարի 21-ին տված նախաքննական ցուցմունքը:
«Հիմք ընդունելով, որ վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ, դատարանը որոշում է կայացնում հրապարակել վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը»,- հայտարարեց դատավոր Դավիթ Բալայանը:
Նախաքննության ընթացքում Պողոսյանը իր ցուցմունքով հայտնել էր, որ հեմոդիալիզի պարագաների մրցույթ հայտարարվում է ամեն տարի՝ ողջ տարվա համար անհրաժեշտ պարագաներ ապահովելու համար:
ՊՎԾ-ն էլ առաջարկել է գնման մրցույթ նախ հայտարարել անհրաժեշտ պարագաների 20%-ի համար, որպեսզի այլ ընկերություններ ևս հնարավորություն ունենան մասնակցելու մրցույթին:
Ցուցմունքը հրապարակելուց հետո ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի խնդրով հրապարակվեց նաև վկայի լրացուցիչ հարցաքննությունը, որը տեղի էր ունեցել 2019թ. հուլիսի 22-ին, ինչից հետո ամբաստանյալը պատասխանեց մի քանի հարցի:
Այսօր դատարանում հարցաքննված մյուս վկան Վահագն Մկրտչյանն էր, որը 2019թ. հունվար 15-ին նշանակվել է Վանաձոր ԲԿ-ի տնօրենի ԺՊ, իսկ այժմ հանդիսանում է Վանաձոր ԲԿ-ի տնօրեն:
Վահագն Մկրտչյանը դատարանում հայտարարեց, որ տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նշանակվելուց հետո իր աշխատանքային հեռախոսին զանգ է ստացել, որի ընթացքում գյումրեցու ակցենտով խոսող մարդը, որը ներկայացել է՝ որպես ՊՎԾ աշխատակից, տնօրեն ԺՊ-ին հայտնել է, որ պետք է հեմոդիալիզի պարագաների համար նախատեսված բնությագրերը փոխվեն, որպեսզի այլ ընկերություններ էլ կարողանան մասնակցել մրցույթին: Արդյունքում պարզվել է, որ ՊՎԾ-ից Վահագն Մկրտչյանին զանգած աշխատակիցը Գևորգ Խաչատրյանն է: Մկրտչյանի խոսքով՝ այս զանգից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել, ապա իրեն զանգած ՊՎԾ աշխատակցին հայտնել, որ բնութագրերը չեն փոխելու:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանի հարցին ի պատասխան՝ Վանաձորի ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ ՊՎԾ աշխատակիցը իրենից մերժում ստանալուց հետո հայտնել է Վանաձորի ԲԿ-ում ստուգումներ անելու մասին:
«Այդ անձնավորությունը՝ ինձ զանգած, ինձ ասեց՝ «մենք գալու ենք, Ձեզ ստուգենք»»,- դատարանում ասաց Վահագն Մկրտչյանը:
Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 30-ին:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ փոխվել էր բոլորի խափանման միջոց՝ կալանքը։