Մարքեթինգից սահուն անցում երազանքների աշխատանքին. հելունագործության փերին՝ Լիլիթ Բաղդասարյանը
Փոքր հասակում յուրաքանչյուրս ունենք մեր երազանքների մասնագիտությունը՝ բժշկից մինչև կավագործ, ռեժիսորից մինչև բանաստեղծ, բայց հասուն տարիքում ընտրության չափանիշները փոխվում են և մենք հաճախ ինքներս մեր երազանքները կասկածի տակ ենք դնում, մատնում մոռացության՝ ընտրելով այն, ինչ կապահովի ապրուստի միջոց: Բայց մեր շուրջը բազմաթիվ են այն հերոսները, որոնք գնում են իրենց երազանքի լույսի հետևից և ամենապարզ թվացող հոբբին դարձնում են առօրյա աշխատանք: Նրանցից մեկն էլ Լիլիթն է Բաղդասարյան: Լիլիթը հելունագործությամբ փոքրուց է հետաքրքրվում. սկսել է տիկնիկների համար հագուստ գործելով, այժմ նույնն անում է մեծահասակների համար:
«Երբեք չեմ մտածել գործեմ ու վաճառեմ: Վերջերս նայում էի՝ ինչ սիրուն պայուսակներ կան, տեսա, որ հելունագործ հազարավոր պայուսակներ կան, որ այստեղ չեն վաճառվում, ինչն էլ վաճառում են, գները թանկ են: Մտածեցի՝ ես ֆրիլանսեր եմ, կարող եմ գործել և վաճառել»,- մեզ հետ զրույցում պատմում է Լիլիթը:
Լիլիթը մի քանի օր է՝ ինչ սկսել է սոցիալական ցանցերի միջոցով վաճառել իր աշխատանքները: Առաջին հրապարակումներից հետո ստացած նամակներում մարդիկ իրենց «մտահգոությունն» են հայտնել՝ ինչո՞ւ են գործված իրերն այդքան էժան:
«Որակը նույնն է, նույն թելերն են, նույն ժամանակն եմ ծախսում, ինչ բոլորը: Մտածում եմ՝ էժան վաճառեմ, որ բոլորն առնեն, ինչո՞ւ չէ: Եթե կարող եմ նույն պայուսակը, որն այլ վայրերում վաճառվում է 19.900 դրամով, ես վաճառեմ 6 հազար դրամով, ինչո՞ւ չանեմ»,- ասում է Լիլիթը:
Մարքեթոլոգ Լիլիթը սոցիալական ցանցերում էջերը բացել է մի քանի օրում և այժմ առավոտից երեկո գործում է, ինչպես իսկական հելունագործության փերի.
«Ես երբեք այսքան ուրախ չեմ եղել: Օֆիսում երբեք նման բան չես կարող անել: Համ հավես է, համ լավ է՝ տալիս ես աշխատանքդ, մարդիկ ուրախանում են»:
Պայուսակների և տոպերի համար Լիլիթն ընտրում է տարբեր թելեր՝ ակրիլ, պոլիակրիլ, բամբակ, տրիկոտաժ, պարան, ջուտ: Գործում է տոպեր, պայուսակներ, գլխարկներ, խալիներ: Իսկ թե ինչպես է հասցնում համադրել աշխատանքները, պարզվում է՝ այնքան էլ բարդ չէ.
«Քանի որ ես ֆրիլանսեր եմ, աշխատանքներս միմյանց չեն խանգարում: Իհարկե, հելունագործն այնքան գումար չի բերում, ինչքան մարքեթինգը, բայց ավելի հաճելի է, համակարգչի առջև չեմ նստում»:
«Հիմա փոխվում է: Ամեն մեկն ուզում է իր գործն ունենալ, որովհետև գիտի՝ ինչ-որ մեկի վրա աշխատելն ավելի դժվար է, քան ինքդ քեզ վրա: Ես եկամուտ հաշվել չեմ կարողանում նորմալ, չգիտեմ՝ ինչքան եմ ստացել, մեկ է երևի, դրա համար: Գաղափարն ուրիշ է, գաղափարն իմ հավեսն է: Ես ամբողջ օրը համակարգչի առջև աշխատում էի, իսկ հիմա կողքի դրված է, կինո է միացված կամ երգ, ես լսում եմ, նույնիսկ չեմ էլ նայում, կատուս գալիս է, կծիկի հետ խաղում է, դա է իմ հավեսը դարձել ու ես դա միայն տանը չեմ անում: Ամառանոցում եմ անում, ամառանոցի այգում եմ անում, սպասում եմ՝ մինչև խորովածը կլինի, այդ ընթացքում գործում եմ»,- մեզ հետ զրույցում կիսվում է Լիլիթը:
Հելունագործ փերու աշխատանքներից մեկն էլ այժմ իմ զգեստապահարանում է՝ պատրաստ ամեն մի պատահական և ոչ միայն հանդիպմանը հիացնելու իր արարչին, որ հրճվում է երջանկությունց, երբ փողոցում տեսնում է՝ ինչպես են իր պայուսակները «քայլում»:
Անի Գաբուզյան