Արտասահմանյան լրագրողների համար այց կկազմակերպվի ԼԺՀ–ի ողբերգության վայր. Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար այցելություն է կազմակերպում Ստարոբելսկի ողբերգության վայր։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաշվի առնելով երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արևմտյան ուժերի, մասնավորապես Լատվիայի` արժանապատվությունը կորցրած մշտական ներկայացուցչի բացահայտ սուտը, թե իբր Ստարոբելսկում Ուկրաինայի զինված ուժերի հարվածներ չեն եղել, մենք Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար կազմակերպում ենք այցելություն ողբերգության վայր։ Հուսով եմ, որ BBC-ն և CNN-ը արձակուրդ չեն գնա»,- գրել է Զախարովան տելեգրամյան ալիքում:
ՄԱԿ-ում Լատվիայի ներկայացուցիչ Սանիտա Պավլյուտա-Դեսլանդեսի հայտարարությունը, ըստ որի՝ ԼԺՀ-ին հասցված հարվածը «սադրանք է և ֆեյք», Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև «Իզվեստիա» թերթին։
«ՄԱԿ-ում Լատվիայի ներկայացուցիչ Սանիտա Պավլյուտա–Դեսլանդեսի նմաններին Սալասպիլսում հավաքագրում էին որպես բուժքույր, որոնք երեխաներից արյուն էին վերցնում Երրորդ ռայխի զինվորների համար… Շատերն էին հարցնում՝ ինչպես կարող է կինը անտարբեր մնալ երեխաների տառապանքների նկատմամբ: Այժմ դա մեր աչքերով ենք տեսնում» – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Լուգանսկի Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը մայիսի 22–ին հայտնեց, որ ուկրաինական զինուժը հարվածներ է հասցրել Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ հարվածը հասցվել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով։ Հանրակացարանում այդ պահին 86 ուսանող և աշխատակից է եղել։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 48 մարդ, զոհերի թիվը հասել է 10-ի: Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։



