«Ալիևի բոլոր հայտարարություններին հայկական կողմը կարող է հակադարձել հրապարակելով հազարավոր փաստեր՝ ցուցադրելով գրականությունը, որոնք պահվում են արխիվում․ Տիգրան Զարգարյան

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ «Զանգեզուրը, Երևանը և Սևանը պատմական ադրբեջանական հողեր են», և իրենք անպայման վերադառնալու են այդ տարածքներ։

Առաջին անգամ չէ, երբ Ալիևը ցույց է տալիս հայկական տարածքային ամբողջականության նկատմամբ եղած իր նկրտումները, իսկ հայկական կողմից դրանց վերաբերյալ չկա որևէ համարժեք արձագանք։

Միայն երեկ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսելով` խաթարում է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի կողմից հայկական հողերին տիրանալու նկրտումները խանգարում են միայն եռակողմ հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներին։

168.am-ի հետ զրույցում Ազգային գրադարանի նախկին տնօրեն, ճարտարագետ Տիգրան Զարգարյանն ասաց, որ Ալիևի բոլոր հայտարարություններին հայկական կողմը կարող է հակադարձել հրապարակելով հազարավոր փաստեր՝ ցուցադրելով գրականությունը, որոնք պահվում են Ազգային գրադարանի արխիվում։

«Նման գրականության պակաս մենք չունենք, գոնե այս գրականության միջոցով պատասխանեն Ադրբեջանին։ Ինչ-ինչ, բայց Խորհրդային Միության տարիներին մենք ահռելի գրականություն ենք տպել մեր պատմության մասին։ Մենք ունենք ակադեմիական գրականության, ահռելի քանակությամբ նյութեր։ Էլ չեմ ասում, որ 1920 թվականից առաջ էլ տպագրված մեծ քանակի գրականություն ունենք։ Եթե պետական մակարդով Ադրբեջանին չեն պատասխանում, կարծում եմ՝ նման քայլ պետք է անեն մեր ազգագրագետները, պատմաբանները։ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է այս հարցում շատ ակտիվ»,- նշեց Տիգրան Զարգարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ազգային արխիվում պահպանվում են բազմաթիվ քարտեզներ, որտեղ, ճիշտ է՝ Խորհրդային Միության ժամանակ վարչատարածքային բաժանումներ են իրականացվել և Սյունիքի մարզի Սև լճի 25 տոկոսը ներկայացվում է՝ որպես ադրբեջանական, սակայն այն հայկական է և միայն մեկ նպատակով է հատկացվել Ադրբեջանին, որպեսզի թշնամու անասուններն արածելուց հետո լճից ջուր խմեն։

«Դե, Խորհրդային Միության ժամանակ սահման չի եղել, ադրբեջանցիներն իրենց անասուններին բերել Սյունիքում արածեցրել են, գնացել, եկել են, լճի մի մասն էլ  Հայաստանը տվել է, որ իրենց կովերին ջուր տան»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանում ու Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին, Տիգրան Զարգարյանն ասաց, որ այս վիճակին երկիրը հասցվեց բոլորի անտարբերության և ինքնավստահության պատճառով։

«Կարծես թե մեր ռազմավարական գործընկերների հետ մենք դրսում այդպես էլ չկարողացանք լեզու գտնել։ Նախորդ իշխանությունները, լավ թե վատ, ավելի ճկուն էին և մի լարի վրա կարողանում են դիվանագիտություն վարել, նրանց դիվանագիտական դպրոցը շատ ճկուն էր, այսինքն՝ լեզու էին գտնում Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ռուսաստանի հետ։ Այս նորեկներն այլ պատկերացումներ ունեն և իրենց այդ պատկերացումներն են իրագործում և դեռևս մինչև վերջ չեն հասցրել, տեսնում ենք, էլի, արդյունքն ինչ է։ Պետք է բանակցեին, ավելի ճկուն լինեին, այլ ոչ թե ամեն ինչ բերեին ու հանգեցնեին պատերազմի, պատերազմն ամենավատագույն լուծումն էր, հատկապես մեզ համար։ Տեսանք, թե թշնամին ինչ թիկունք ուներ, նրանց Պակիստանը, Թուրքիան էին պաշտպանում, նավթային դոլարներով Ադրբեջանն ավելի ճկուն գտնվեց։ Ցավալի է այս ամենը, մենք կորցրեցինք շատ բաներ, 30 տարվա զրկանքներով ստեղծած ամեն բան կորցրեցինք, ու ամենացավալին մարդկային զոհերն էին, մինչև այսօր ես իմ տեղը չեմ գտնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ, այս ամենից հետո մարդիկ շատ են կոտրվել, այդ թվում՝ մտավորականների մի մասը, իսկ երկրի հետ կապված բոլոր հարցերը գտնվում են քաղաքական հարթակում, հետևաբար՝ մտավորականությունը որևէ բան չի կարող անել։

«Կներեք, էլի, հիմա ո՞վ է մտավորականությանը նայում կամ նրան լսում։ Այս իրավիճակում մտավորականությանը մնում է միայն աշխատել, ստեղծել ինչ-որ բարիքներ»,- եզրափակեց Տիգրան Զարգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս