Ամեն ինչ իրար միացնելու՝ իշխանությունների տարօրինակ մոլուցքը

2018 թվականին ՀՀ–ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորեկ իշխանավորները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լծվեցին որոշ նախարարություններ իրար միավորելու գործին՝ բացատրելով, թե այսպիսով խնայողություններ կանեն։ Նրանք վստահեցնում էին, թե նախկին իշխանությունների ժամանակ պետական համակարգն ուռճացված է եղել, ուստի իրենք եկել են, որպեսզի այդ ամենը հարթեցնեն, գումարներն էլ վերադարձնեն ժողովրդին։

Այսպիսով՝ 2019 թվականին իշխանությունները որոշեցին, որ պետք է Մշակույթի, Սպորտի և երիտասարդության, Կրթության և գիտության նախարարությունները միավորեն և դարձնեն սուպերնախարարություն՝ ԿԳՄՍՆ, որի նախարար կարգեցին Կառավարության աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Նախարարությունները միավորելուց հետո իշխանությունները միավորեցին նաև մի շարք ՊՈԱԿ-ներ՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Թե իշխանությունները որքան գումար «խնայեցին»՝ միավորելով նախարարությունները, այլ քննարկման թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում։ Խնդիրն այն է, որ այժմ էլ այդ սուպերնախարարությունը՝ ԿԳՄՍՆ-ն, պատրաստվում է Կամերային երաժշտական թատրոնը միավորել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի հետ։

Օրերս ԿԳՄՍ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն այս մասին տեղեկացրել էր Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմին, ինչը վրդովմունքի ու բողոքի հերթական առիթ է դարձել։

Իր հարցազրույցներից մեկում Արա Խզմալյանն ասել էր, որ թատրոնները կմիավորեն, իսկ Կամերային երաժշտական թատրոնի շենքը նպատակահարմար են գտել հանձնել Պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությանը։

Ինչ վերաբերում է Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը կրճատելուն, Արա Խզմալյանն ասել էր, որ որոշումը այնպիսին է, որ ստեղծագործական կազմն ամբողջությամբ պահպանվելու է և տեղափոխվելու է Պարոնյան թատրոն։

«Վարչական հատվածում ինչ-որ հաստիքներ կարող են կրճատվել, բայց ինչ-որ մաս էլ կմնա, որովհետև, ի վերջո, նույն Սիմֆոնիկ նվագախմբին անհրաժեշտ են լինելու կադրային ռեսուրսներ։ Այսինքն՝ պիտի մաքսիմալ քիչ կրճատումներ իրականացնենք, անհրաժեշտության դեպքում։ Դիրքորոշումը հետևյալն է՝ պահել ստեղծագործական կազմը»,- նշել էր նա։

2016 թվականին, երբ Կամերային երաժշտական թատրոնում խժդժություններ կային, և թատրոնի այն ժամանակվա ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն իր բաց նամակով Մշակույթի նախարարությանը խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը, Արա Խզմալյանը, ով այդ ժամանակ «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» հ/կ ղեկավարն էր, դրան կտրուկ դեմ էր արտահայտվել՝ ասելով, որ՝ ինչ կլինի, երբ 70 մարդ միասին դիմի դատարան և պահանջի ազատման հիմնավորում, հետևաբար՝ մի բան առաջարկելուց առաջ մարդ պետք է երկար մտածի։

Այսօր որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ թատրոնը միավորելուց հետո ամբողջ աշխատակազմը չի լուծարվի և չի դիմի դատարան՝ պահանջելով հիմնավորում թատրոնին այդպիսով պարապուրդի մատնելու համար։

Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ Հայաստանի գործող իշխանությունները մի օր էլ որոշեն, որ «խնայողություններ» անելու նպատակով պետք է ոչ թե միավորեն բոլոր թատրոնները, այլ փակեն, շենքերն օտարեն և երկրում թողնեն մեկ թատրոն՝ բաց երկնքի տակ։

Կամ, օրինակ, միավորեն բոլոր գերտեսչությունների շենքերը՝ Ոստիկանությունը միավորեն ԱԱԾ-ին, խորհրդարանը, Արտգործնախարարությունը՝ սուպերնախարարության՝ ԿԳՄՍՆ-ի հետ, մյուս բոլոր գերատեսչությունները փակեն և թողնեն կառավարություն և ԿԳՄՍՆ։

Թերևս, ճիշտ կլիներ, եթե այս իշխանություններն ինչ–որ բան միավորելու հերթական մոլուցքից առաջ հետահայաց նայեն՝ հասկանալու համար, թե Մշակույթի նախարարությունը միավորելով Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության նախարարության հետ՝ ի՞նչ արդյունք են արձանագրել, կամ առհասարակ արդյունք կա՞, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս