Տնտեսական աճի դեֆեկտը

Կառավարությունը որոշել է վերանայել այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը և 3,2-ից դարձնել 6 տոկոս։ 6 տոկոսը, անշուշտ, ավելի բարձր է, քան նախորդ՝ 3,2 տոկոսը։ Բայց պետք է հաշվի առնել, որ դա լինելու է անցած տարվա 7,6 տոկոս անկումից հետո։ Եթե նույնիսկ հաջողվի տարին փակել 6 տոկոս տնտեսական աճով, միևնույն է, մենք ամբողջությամբ հետ չենք բերելու նախորդ տարվա կորուստները։ ՀՆԱ-ն կշարունակի մնալ ավելի ցածր, քան եղել է 2019թ.։

Ու դեռ հարց է՝ կառավարությանը կհաջողվի՞ ապահովել 6 տոկոս տնտեսական աճ, թե՞ ոչ։

Առայժմ հայտնի է միայն առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը։ Համաձայն դրա, մեր տնտեսությունը եղել է անկումային։ Տարվա առաջին 3 ամիսներին 3,3 տոկոս անկում ենք ունեցել։ Այն էլ՝ նման բարձր գնաճի պայմաններում։

Իհարկե, 5 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճ է գրանցվել։ Բայց դա դեռ տնտեսական աճ չէ։

Առաջին կիսամյակի տնտեսական աճի նախնական ցուցանիշները հայտնի կլինեն օգոստոսի սկզբին։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի քիչ թե շատ գնահատել կանխատեսվող 6 տոկոս տնտեսական աճի հավանականությունը։

Այս պահին դրա հետ կապված անորոշությունները շատ են։ Ճիշտ է, ապրիլ-մայիս ամիսներին, նախորդ տարվա խորը անկումից հետո, ունեցանք տնտեսական ակտիվության բարձր աճեր, բայց դա շատ հարաբերական է։ Առաջիկայում խիստ նվազելու է անցած տարվա բազային էֆեկտի ազդեցությունը, ու այդ ժամանակ կերևա մեր տնտեսական աճի պոտենցիալը։

Ակնհայտ է, որ մինչև հիմա շատ բան կախված է եղել անցած տարվա ցածր բազայից, բարձր գնաճից ու պղնձի միջազգային գների կտրուկ բարձրացումից։

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք նպաստել են տնտեսական ցուցանիշների բարելավմանը, թեև մեր տնտեսության իրական վիճակը դրանից չի լավացել, իսկ աճի պոտենցիալը չի բարելավվել։ Այսօր պղինձը թանկ է, իսկ գնաճը՝ բարձր, տնտեսական ցուցանիշները բարելավվում են։ Վաղը հակառակը կլինի, ցուցանիշները կվատանան։

Սրա վրա հույս չի կարելի դնել։ Պետք է մտածել տնտեսության իրական զարգացումների մասին, որոնք չեն երևում։ Զարմանալի չէ, որ ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումները՝ մեր տնտեսության այս տարվա աճի վերաբերյալ, շատ ավելի պահպանողական են։

Թեև Համաշխարհային բանկը ևս վերջերս վերանայեց մեր տնտեսության գնահատականները, այնուհանդերձ բավարարվեց նրանով, որ տնտեսական աճի ակնկալիքը բարձրացրեց ընդամենը 0,3 տոկոսային կետով։

Ըստ այդմ, տնտեսական աճի սպասումը 3,1 տոկոսից դարձրեց 3,4 տոկոս։ Սա շատ ավելի ցածր է, քան համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը։

Հիշեցնենք, որ ՀԲ-ն այս տարի սպասում է համաշխարհային տնտեսության 5,6 տոկոս աճ։ 2,2 տոկոսային կետով ավելի բարձր, քան Հայաստանի դեպքում։

Տարվա սկզբի նվազեցումից հետո, մեր տնտեսության այս տարվա աճի կանխատեսումը վերջերս սրբագրեց նաև Կենտրոնական բանկը։ Հիմա արդեն ԿԲ-ն 4,6 տոկոս աճի հավանականություն է տեսնում՝ նախկին 1,4-ի փոխարեն։

Կենտրոնական բանկն իր այս գնահատականները պայմանավորեց արտաքին միջավայրից թելադրված ազդակներով, ինչպես նաև ներքին տնտեսության որոշ ճյուղերում նկատվող աշխուժությամբ։ Խոսքը, մասնավորապես, արդյունաբերության ու ծառայությունների ոլորտների մասին է, որտեղ աճի կանխատեսումները վերանայվեցին բարձրացման ուղղությամբ։ Մեկը կապված էր պղնձի բարձր գների, մյուսը՝ զբոսաշրջության հետ։

Կենտրոնական բանկը հույս ունի, որ տարվա երկրորդ կեսում այդ միտումները կպահպանվեն։ Փոխարենը՝ վերապահումներով է մոտենում գյուղատնտեսությանն ու շինարարությանը։ Գյուղատնտեսության ոլորտում նախկինում ակնկալվող աճը նույնիսկ նվազեցվել է։ Նվազումը պայմանավորվել է վերջին շրջանի եղանակային անբարենպաստ պայմաններով և ոռոգման խնդիրներով։

Արդեն հայտնի է, որ մի շարք տարածքներում և մի շարք բուսատեսակների հետ կապված ունենք լուրջ խնդիրներ։ Բույսը չորացել է, և բերքը չկա կամ սակավ է։

Կենտրոնական բանկում կարծում են, որ այդ գործոնի հետևանքով բուսաբուծությանը հասցված վնասը գյուղատնտեսության ճյուղի վրա կունենա 0,7 տոկոսային կետի բացասական ազդեցություն։

Թեև գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ անակնկալներ միշտ էլ սպասվում են։ Ռիսկերն այստեղ շատ են, ու դրանք կարող են ի հայտ գալ ցանկացած պահի։

Շինարարության նկատմամբ ևս Կենտրոնական բանկի սպասումները լավատեսական չեն։ Չնայած ոչ վաղ անցյալում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարում էր, որ Հայաստանն արդեն շինհրապարակ է, ԿԲ-ն նույնիսկ նվազեցրել է ոլորտի աճի հավանականությունը։

«Շինարարության ճյուղում նախորդ ծրագրի համեմատությամբ ավելի փոքր աճ է ակնկալվում, քանի որ սպասվում է, որ տարեսկզբին գրանցված աճն աստիճանաբար կմարի»,- կարծում են Կենտրոնական բանկում։

Շինարարության մեջ սպասվող հնարավոր աճը ԿԲ-ն կապում է հիմնականում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների հետ։ Այնինչ՝ համարում է, որ կազմակերպությունների ու բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ պայմանավորված անորոշությունների հետևանքով մասնավոր ներդրումների հետաձգմամբ։

Այդ խնդիրը, անշուշտ, միայն շինարարության մեջ չէ։ Այն առկա է նաև տնտեսության մյուս բոլոր հատվածներում։ Անորոշությունների հետևանքով, որոնք պահպանվում են նաև ընտրություններից հետո, տնտեսությունը սպասումների մեջ է։ Այն աճերն էլ, որոնք կան, լավ աշխատանքի կամ տնտեսության զարգացումների արդյունք չեն։ Դրանք լինելու էին, անկախ նրանից, թե ինչպես է աշխատում կառավարությունը։ Գնաճը բարձր է, ու դա ինքնաբերաբար ազդում է տնտեսության ցուցանիշների վրա։ Կամ մետաղների միջազգային գները, որոնք ոչնչով կապված չեն մեր կառավարության աշխատանքի հետ։ Պղինձը դրսում թանկանում է, ու դա բերում է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ արտահանման ծավալների ավելացման։

Սրանք գործոններ են, որոնք կարճաժամկետ էֆեկտ են ապահովում։ Այդպիսի աճերով պետք չէ շատ ուրախանալ։ Ցանկացած պահի դրանք կարող են փոխել ուղղությունը։ Այդ պատճառով հարկավոր է մտածել առաջին հերթին տնտեսության պոտենցիալի վերականգնման և իրական զարգացումների համար հիմքերի ստեղծման մասին։ Սա շատ ավելի կարևոր է, քան այն կարճաժամկետ էֆեկտները, որոնք ինչ-որ պահի կարող են արձանագրվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս