Դպրոցի վճարն այս պահին տարեկան 1 մլն 800.000 դրամ է, մանկապարտեզինը՝ ամիսը 160.000 դրամ. Ծարավ Աղբյուրի բնակիչներն ահազանգում են
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչ մեկուկես տարի պայքարում է մի շարք խնդիրների՝ կանաչ տարածքների ու խաղահրապարակների սահմանափակ լինելու համար, սակայն դրանցից ամենակարևորը դպրոցի և մանկապարտեզի հարցն է:
Հարցն այն է, որ թաղամասը չունի քաղաքաշինական նորմերով սահմանված հեռավորությամբ դպրոց-մանկապարտեզ:
«Կառուցապատման ժամանակ շահառուներին հայտնում էին, որ լինելու է դպրոց, մանկապարտեզ, քանի որ հարևանությամբ մեծ տարածք կար, և ասում էին, որ դրա համար է նախատեսված: 2016 թվականին, երբ արդեն կարծես թե 3-րդ պրոյեկտն էր հանձնվում, մեզ համար անակնկալ ձևով պարզվեց, որ այդ տարածքը հատկացվել է «Գազպրոմ Արմենիային». սիմվոլիկ գումարով վաճառվել է՝ երեխաների համար դպրոց-մանկապարտեզ ու սպորտային համալիր կառուցելու նպատակով՝ «Գազպրոմը երեխաներին» ծրագրով: Մի քանի տարվա մեջ այդ համալիրը կառուցեց «Գազպրոմ Արմենիան», որը ներառում է դպրոց, մանկապարտեզ, սպորտային համալիրներ, լողավազան, սահադաշտ, սակայն այնպիսի վճարներ են սահմանված, որ երիտասարդները, ովքեր հիմնականում հիպոթեքով են բնակարաններ վերցրել, նրանց հասանելի չեն այդ դպրոցն ու մանկապարտեզը: Դպրոցի վճարն այս պահին տարեկան 1 մլն 800.000 դրամ է, մանկապարտեզինը՝ ամիսը 160.000 դրամ»,- մեզ հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից Սևակ Մինասյանը:
Ծարավ Աղբյուրի մեկ այլ բնակիչ՝ Աննա Ավետիսյանն էլ նշեց, որ եթե տարածք լինի, կարծում են՝ ներդրումներ հնարավոր կլինի ներգրավել:
«Հիմա հո «Գազպրոմ Արմենիայի» կառուցածը չե՞նք քանդելու՝ ասենք՝ մեզ խոստացել էիք հանրային դպրոց, մանկապարտեզ այդ տեղում, չարեցիք, հիմա քանդեք. դա ռեալ չէ: Հիմա համախմբվել ենք, բնակիչների շրջանում նախաձեռնող խումբ է ստեղծվել, ուզում ենք որտեղ հնարավոր է՝ դպրոց կամ մանկապարտեզ սարքել: Նման տարածք ունեինք, մասնավոր էր, դիմեցինք կառավարությանը՝ խնդրելով, որ հանրային գերակա շահ ճանաչեն, կառուցապատողն էլ, ով ուզում է շենք կառուցել այդտեղ, իրեն համայնքային ազատ հող տրամադրեն: Կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, դրական արձագանքեց, հաշվարկներ արեցին, մոտակա դպրոցի հեռավորությունը չափեցին, ու ասացին, որ՝ այո՛, անհրաժեշտ է կառուցել դպրոց, մանկապարտեզ:
Հարցում արեցինք քաղաքապետարան, պատասխանեցին, որ այդ հատվածում հնարավոր չէ տեղակայել հանրակրթական դպրոց: Հանդիպում կազմակերպվեց քաղաքապետարանում, խնդրել էին նախագիծ ներկայացնել, դա էլ արեցինք: Եթե 100 տոկոս չլուծվեր դպրոցի խնդիրը, գոնե կմեղմվեր: Ու եթե բնակիչներն ամեն օր 100 տոկոսով են սթրեսի ենթարկվում՝ հեռու տեղեր դպրոց տանելուց, այդպես գոնե 20 կամ 30 տոկոսը սթրեսի կենթարկվեր, նայած՝ ինչ մասշտաբի դպրոց կկառուցեին: Դիմել ենք դատարան, ամբողջ թաղամասով փաստաբան ենք վարձել, գումար հավաքել: Վիճակում ենք շինթույլտվությունը: Ամեն օր միայն 2000 դրամ ծախսվում է երեխաներին դպրոց տանել-բերելու վրա»,- մանրամասնեց տիկին Աննան:
Հավելենք, որ բնակիչների փոխանցմամբ՝ թաղամասի անմիջապես հարևանությամբ մի քանի մետրի վրա Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքում կառուցում են երկմուտքանի 12-հարկանի շենքեր, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու թաղամասի համար։