«Եթե մենք ուզում ենք այստեղ ապրենք, ուրեմն նրանց հարևանությամբ պետք է ապրենք»․ Վահե Ղալումյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Լրատվական մի շարք կայքեր այսօր գրել էին, որ Տավուշի նախկին մարզպետ, ՔՊ-ական ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը սկսել է տավուշցիներին վիրավորել այն բանից հետո, երբ իր հասցեին հնչել է քննադատություն։
Նա Տավուշի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել, որը հարուցել է տավուշցիների դժգոհությունը։
Նա անդրադարձել է Տավուշի մարզից Ադրբեջանին զիջվող ենթադրյալ տարածքներին, նշել, որ այդ գյուղերը բնակեցված չեն: «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են»,- նշել է նա։
Այս հայտարարությունից վրդովված տավուշցիները Ֆեյսբուքում քննադատություններ են հնչեցրել Ղալումյանի հասցեին, ինչին ի պատասխան, Ղալումյանը օգտատերերին անձնական նամակներով հայհոյանքներ է գրել։
168.am-ի հետ զրույցում Վահե Ղալումյանն ասաց, որ եթե քննադատության արժանի քայլ է արել, ապա կարող են իրեն քննադատել, բայց ինքը երբեք չի ասել, որ «անկլավները» պետք է տան Ադրբեջանին։
– Պարոն Ղալումյան, Դուք պատգամավոր եք, և հասարաակության այս կամ այն հատվածը Ձեզ կարող է քննադատել, ինչո՞ւ եք այդքան ծանր տանում քննադատությունները և վիրավորում մարդկանց։
– Ես չեմ հիշում, որ որևէ մեկին վիրավորած լինեմ։
– Ձեր հարցազրույցում ասել եք, որ այդ «անկլավներում» մարդ չի բնակվում, դրա համար էլ պետք է տրվեն թշնամուն։ Այդ պատճառով են տավուշցիները Ձեզ քննադատել։
– Դրանց տալը կամ մնալը ես չեմ որոշում, դա մեր որոշելու խնդիրը չէ։ Ես բազմիցս շեշտել եմ, նորից եմ շեշետում, ասել եմ՝ կան ՀՀ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և կան ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ իսկապես պետք է մտնել, խոսել, որոշել։
– Որպես տավուշցի՝ խոսե՞լ եք տավուշցիների հետ, հասկացե՞լ եք, նրանք ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցերի վերաբերյալ։ Կամ՝ առհասարակ հարցրե՞լ եք նրանց կարծիքը, նրանք ուզո՞ւմ են ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել։
– Չապրե՞նք ընդհանրապես, Դուք այդպե՞ս եք մտածում։
– Պարոն Ղալումյան, հարցս հետևյալն էր՝ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ադրբեջանցիների հետ ապրել կողք կողքի։
– Հնարավոր կամ չհնարավորը բացարձակապես քննարկման թեմա չէ այստեղ, մենք կողք կողքի հարևան պետություններ ենք, եթե մենք ուզում ենք այստեղ ապրենք, ուրեմն նրանց հարևանությամբ պետք է ապրենք։ Բարդ տրամադրվածության խնդիր ես չեմ տեսնում։ Իսկ ինչպե՞ս ենք ապրել։
– Նկատի ունեք նախկինո՞ւմ։
– Այո, նախկինում ենք ապրել, ապագան դեռ չենք ապրել։
– Նախկինում ապրել եք ադրբեջանցիների հետ, բայց հիշո՞ւմ եք՝ 1992 թվականին ինչ եղավ Վազաշենում, Ոսկեպարում և այլ գյուղերում, երբ թշնամին պարզապես մորթում էր խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ ծերերին և երեխաներին։ Մտավախություն չունե՞ք, որ պատմությունը կարող է կրկնվել։
– Որևէ մեկը դրա երաշխիքը չի կարող տալ, թե ինչ կարող է լինել, բայց մենք հարևան պետություն ենք և պետք է փորձենք մեր միջև եղած կնճռոտ հարցերը, վիճաբանությունները հարթենք և ապրենք։ Մենք չենք կարող Հայաստանը թողնենք ու գնանք այլ տեղ ապրենք։
– Իսկ Ադրբեջանը դրան պատրա՞ստ է և արդյո՞ք այնպես է մտածում, ինչպես Դուք։ Օրինակ, մտածո՞ւմ է, որ Հայաստանն իր հարևանն է և նրա հետ պետք է խաղաղ ապրի։
– Ես չեմ կարող Ադրբեջանի անելիքները, գործողությունները մեկնաբանեմ և ասեմ, թե ինչ են մտածում։ Ինքս իրականությունից չեմ կարող կտրվել, իրականությունն այն է, որ մենք հարևան պետություն ենք և պետք է փորձենք, որպես հարևան, հարաբերություններ ստեղծենք ու ապրենք։ Մեր առաջին քայլը պետք է լինի կնճռոտ հարցերը, պրոբլեմատիկ խնդիրները դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծել։
– Մենք ունե՞նք դիվանագիտություն, մեկ ամսից ավելի է՝ Հայաստանն արտգործնախարարություն չունի, ինչպե՞ս եք պատկերացնում դիվանագիտության հարցերին լուծում տալը։
– Մենք կունենանք արտգործնախարարություն, եթե ԱԳՆ-ում որոշակի կադրային խնդիրներ կան, ապա դա չի նշանակում, որ այդ գերատեսչությունը չի գործում։ Մի քանի օր առաջ էլ գերիների վերադարձն այդ ոլորտի աշխատանքը չէ՞։
– Ըստ Ձեզ, եթե Ադրբեջանն ուզում է Հայաստանի հետ խաղաղ ապրել, ինչո՞ւ չի վերադարձնում հայ ռազմագերիներին։
– Իրականում սա պրոբլեմատիկ խնդիր է, բայց ի ուրախություն բոլորիս, հարցը քայլ առ քայլ ժամանակի ընթացքում լուծվում է։ Պետք է փորձել նույն ձևով, դիվանագիտական ճանապարհով միջազգային հանրության ճնշման տակ այդ հարցը լուծել։
– Որպես իշխող թիմի անդամ՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հետագա ճակատագիրը։
– Նորից բանակցությունների միջոցով, ինքնորոշման իրավունքով պետք է փորձել հասնել Արցախի անկախությանը՝ անջատում հանուն փրկության սկզբունքով, տարբեր ճանապարհներ կան, որոնցով պետք է փորձենք այդ հարցին լուծում տալ։
– Նոյեմբերի 9-ից հետո հասարակությունը մտավախություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, Դուք ի՞նչ կարծիք ունեք։
– Ես աբսուրդ մտքերը չեմ կարող մեկնաբանել, ես նման բան չեմ լսել։