«Ես գրեթե վստահ եմ, որ այսօրվա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ստեփանակերտն էլ հանձնել թշնամուն և դրանով լուծել Արցախի հարցը». Աշոտ Սևյան

Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ, դեռևս չի ընդունել իր բնակիչներին, որոնք այնտեղից դուրս էին եկել Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, երբ Քարվաճառը հանձնվեց թշնամուն։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, ով երեկ է վերադարձել Չարեքթարից, պատմեց, որ բնակիչները չեն վերադարձել Չարեքթար, քանի որ անվտանգության որևէ երաշխիք չկա։

«Կարելի է ասել՝ թուրքերը մեր տանից 100 մետր հեռավորության վրա ազատ շրջում են։ Իհարկե, մեր զինվորները կանգնած են, բայց քանի որ բոլոր բարձունքներում թշնամին է կանգնած, խաղաղ բնակիչը նրանց համար 100 տոկոսանոց թիրախ է, որևէ պահող օղակ չկա։ Բնակիչներն էլ չեն վերադառնում, երևի մեկը մյուսից իմանալով, որ մարդ չի գալիս, վախենում են իրենց անվտանգության համար»,- նշեց Աշոտ Սևյանը։

Չնայած այս ամենին, Աշոտ Սևյանը որոշել է՝ վերադառնալու է Չարեքթար, սակայն առանց ընտանիքի, և քանի որ չկա անվտանգության երաշխիք, հետևաբար՝ չի մտածում իր 9-ամյա երեխային տանել թշնամուն շատ մոտ։

«Ես հենց այդ նպատակով էի գնացել Չարեքար, տեսնելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարելի է ձեռք առնել, որպեսզի չարեքթարցիները վերադառնան գյուղ։ Որպեսզի բնակիչները վերադառնան գյուղ, պետք է գոնե մինիմում ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ, միակ ելքը սա է բնակիչների վերադարձի համար։ Սակայն սա իրատեսական չեմ համարում, որովհետև մեր ղեկավարությունը դրա համար ոչինչ չի անում, իսկ բնակիչներին էլ նման հնարավորություն չեն տալիս։ Ինքս վերադառնալու եմ Չարեքթար՝ առանց ընտանիքի, մնալու եմ այնտեղ այնքան ժամանակ, մինչև զգամ՝ անվտանգության երաշխիքներ կան, դրանից հետո միայն ընտանիքիս կտեղափոխեմ։ Ինքս չեմ պատրաստվում իմ 9 տարեկան երեխային սարքել քաղաքական թիրախ»,- հավելեց Ա. Սևյանը։

Նա Արցախի հետագա ապագայի առնչությամբ լուրջ մտավախություններ ունի, նախ՝ ՀՀ իշխանությունների վերընտրվելուց, ապա՝ Արցախ կատարած 3-օրյա այցելությունից հետո։

«Ես գրեթե վստահ եմ, որ այսօրվա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ստեփանակերտն էլ հանձնել թշնամուն։ Արցախ կատարած իմ այցի ժամանակ ես այդպիսի տպավորություն ստացա։ Պարզ է դառնում, որ այսօրվա իշխանությունները պատրաստվում են հանձնել Ստեփանակերտը և դրանով լուծել Արցախի հարցը»,- ընդգծեց նա։

Ազատամարտիկը միաժամանակ շեշտեց՝ չգիտի, թե ով է նստելու ու սպասելու, մինչև Ստեփանակերտն էլ հանձնեն, բայց մեկ բան հստակ գիտի՝ ինքը չի նստելու ու սպասի դրան, քանի որ ասել է՝ ռևանշ լինելու է, անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու ղեկավարման բարձր էշելոններում՝ ռևանշ լինելու է։

«Քանի դեռ կա ազգային գաղափար, թեկուզ շատ չնչին, մեր աշխատելու ենք ինչ-որ բան փոխելու՝ կկարողանա՞նք՝ լավ կլինի, չե՞նք կարողանա՝ կարևորը՝ կմտածենք, որ  արեցինք ամեն ինչ, սակայն չստացվեց։

Երեկ մի քանի մարդկանց հետ ունեցել եմ հետևյալ խոսակցությունը, որ երբ 1988 թվականի սկսվեց արցախյան շարժումը, դրան մասնակցում էր բնակչության 10 տոկոսը, իսկ պատերազմին մասնակցեց 0,1 տոկոսը և այդ 0,1 տոկոսը կարող է իրավիճակ փոխել։ Կարևորը՝ պետք է համախմբվենք, թեկուզ քիչ լինենք, սակայն միասնական։ Առհասարակ ես մեր քաղաքական դաշտում որևէ մեկի վրա հույս չէի դրել, որ նրանք կարող են ինչ-որ բան փոխել։ Կապիտուլյանտի հետ ընտրությունների գնացողներն ապացուցեցին, որ ոչնչություն են, և չկարողացան կապիտուլյանտին հեռացնել, ստիպված նրա թելադրանքով սկսեցին ընտրությունների մասնակցել։ Դավաճանի հետ առհասարակ քաղաքական լեզվով չեն խոսում, նրա հետ միայն զենքի ու ուժի լեզվով են խոսում, ինչը չարեցին»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ, Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչների մի մասն այրել էին սեփական աշխատանքով ստեղծած տունը՝ թշնամուն չթողնելու համար։

Բնակիչներին ասվել էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառը հանձնվելու է թշնամուն, և նրանք մինչ այդ պետք է լքեն իրենց տներն ու գյուղը։ Սակայն հետագայում պարզվել է, որ այն չի անցնելու թշնամու վերահսկողության տակ, քանի որ գյուղը ոչ թե Քարվաճառի վարչական շրջանում է ընդգրկված, այլ Մարտակերտի։

Հիշեցնենք նաև՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս