Միգրացիայի խնդիրը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը ԵՄ ինստիտուտների հանդեպ. Մելոնի

Միգրացիայի խնդիրը լուծելու անկարողությունը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը Եվրոպական միության ինստիտուտների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ անվերահսկելի միգրացիոն հոսքերը խնդիրներ են ստեղծում քաղաքացիների անվտանգության համար։ Դրանից տուժում է նաև տնտեսությունը, աճում է սոցիալական լարվածությունը։

Մելոնին նշել է, որ հանգամանքները ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Միջերկրածովյան երկրների հետ համագործակցությանը (որոնք Եվրոպայի հարավ անօրինական միգրացիայի հիմնական աղբյուրներից և ուղիներից են– խմբ.)՝ շեշտը դնելով տնտեսական փոխգործակցության վրա։

Նա ընդգծել է, որ անօրինական միգրացիայի ուղիները գործում են հենց այն երկրներում, որոնց հետ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը (նկատի ունի Ալժիրը և Լիբիան– խմբ.):

Այսպիսով, Մելոնիի խոսքով, ԵՄ երկրների համար միանգամից մի քանի խնդիր է փոխկապակցված՝ միգրացիան, էներգետիկան, ինչպես նաև արհեստական բանականությունը:

«Երբ քաղաքացիները տեսնում են, որ կարևորագույն խնդիրները չեն լուծվում, վստահությունը  ինստիտուտների նկատմամբ կորչում է, մարդիկ դառնում են ավելի խոցելի մանիպուլյացիաների հանդեպ, այդ թվում՝ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված մանիպուլյացիաների»,-հայտարարել է Իտալիայի վարչապետը՝ հավելելով, որ ԵՄ երկրները պետք է այս խնդիրների լուծումները մշակեն միասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031