Փոքր խանութներում ՀԴՄ կտրոն չեն տալիս. Բաբկեն Պիպոյանը՝ «100 տարվա» հարևաններին չգժտեցնելու լուծման մասին
Հատկապես փոքր խանութներում, երկար ժամանակ է՝ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում: Քաղաքացիները հայտնում են, որ վաճառողը նայում է խանութ մտնող մարդուն, եթե մշտապես առևտուր անող կամ մոտակա շենքերի բնակիչներից է, ապա ՀԴՄ կտրոն չի տրամադրում: Սարքն ի ցույց են դնում այն ժամանակ, երբ անծանոթ է ներս մտնում:
«Մենք երբեք առաջնայինը երկրորդայինից չենք տարբերել: Չենք իմացել՝որտեղից է պետք սկսել: ՀԴՄ-ների հետ կապված կա լավագույն մեթոդը, որը կար ամենասկզբում, սակայն շատ արագ վերացավ: Ընդամենը մարդկանց պետք է ասել՝ հավաքեք այդ ՀԴՄ կտրոնները, բերեք ու դրա դիմաց տոկոս կստանաք: Այսինքն, քաղաքացուն այն իրավունքն ես տալիս, որով կարող է պահանջ ներկայացնել: Ու քաղաքացին ոչ թե ասում է՝ հարգելի խանութ, հիմա զանգելու եմ, որ հարկային մարմինը քեզ տուգանի, այլ կտրոնն է ուզում, քանի որ դրանից ունի փող: Եվ այն ժամանակ, երբ քաղաքացին խանութում ասում է՝ իմ ՀԴՄ-ն տուր, խանութի վաճառողը կամ սեփականատերը նրա հետ չի թշնամանում, որովհետև հասկանում է, որ այդ ՀԴՄ-ն մանրը վերադարձնելուն հավասար ինչ-որ բան է: Չի կարելի այնպիսի կարգավորումներ անել, որ մարդկային հարաբերությունների տիրույթ մտնի: Քաղաքացուն հենց այնպես չի կարելի տեսուչ սարքել»,- մեզ հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ քաղաքացուն պետք է տալ իրավունք, որ ինքը սեփական իրավունքից ելնելով՝ սկսի աշխատել և օժանդակի պետական վերահսկողական գործին:
«Օրինակ, եթե քաղաքացուն ասում են՝ կհավաքես 500 ՀԴՄ կտրոն և կստանաս 2500 դրամ, ու երբ քաղաքացին խանութում ասի՝ իմ ՀԴՄ-ն տուր, վաճառողը չի ասի՝ ի՞նչ ես քեզ կոտորում, մենք հարյուր տարվա հարևան ենք: Այսինքն, պետությունը պետք է կարողանա գործիքը գտնել և կիրառել: Իսկ մենք, հերիք չէ՝ չենք կիրառում, մի բան էլ գործիքը ման չենք գալիս, որպեսզի հասկանանք, թե ինչպես լուծենք խնդիրը»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը: