Վիկտոր Համբարձումյանի թոռնուհիներն Արցախի երեխաների համար Բյուրականի աստղադիտարանում ամառային մաթեմատիկական ճամբար են անցկացնում
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գլխավոր քարտուղար Թերեզա Լագոյը (Պորտուգալիա) տեղեկացրել է, որ հայտնի են դարձել ՄԱՄ բաժանմունքների և հանձնաժողովների նոր կազմերը, որոնք աշխատելու են 2021-2024թթ․։ «Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը» հանձնաժողովի կազմում վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը։
ԲԱ տնօրենի փոխանցմամբ՝ այժմ հանձնաժողովը մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկը, որի մեջ ընդգրկելու են առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցները, սարքերը, ինչպես նաև ոչ նյութական ժառանգությունը։ Ըստ մտահղացման՝ այդ ցանկը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ:
«Հայաստանի կողմից ներկայացվելիք ցանկը մշակվում է ԲԱ կողմից և իր մեջ ներառելու է հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և Բյուրականի աստղադիտարանի ճարտարապետական համալիրը։ Այս ամենն առայժմ ընդգրկվում է Միջազգային աստղագիտական միության ցանկում: Դիտարկում ենք նաև որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ: Սովորաբար ամեն երկրի միջազգային կոմիտեն է ներկայացնում, բայց այս նախաձեռնությամբ արդեն ներկայացված վայրերը դառնում են թեկնածու:
Մինչ օրս, օրինակ, Զորաց քարերն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Ժայռապատկերները ցրված են, բայց ամենաշատը կան Գեղամա լեռներում:
Առաջին հերթին՝ սա ճանաչելիություն է տալու, ինչպես Գառնիի, Գեղարդի, Սանահինի ու Հաղպատի դեպքում է: Ամեն երկիր իր ցանկը կներկայացնի, հետո կորոշենք, թե դրանցից որոնք ենք տանում դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:
Խոսելով կատարվող այլ աշխատանքների մասին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը տեղեկացրեց, որ հունիսի 22-ից հուլիսի 2-ը Վիկտոր Համբարձումյանի թոռնուհիներ, մաթեմատիկոսներ Աննա Համբարձումյանի և Գայանե Պանինայի նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ Բյուրականի աստղադիտարանում անցկացվում է ամառային մաթեմատիկական ճամբար՝ Արցախի, մասնավորապես՝ Հադրութի և Շուշիի շրջանների 25 երեխաների և պատանիների համար։ Դասավանդում են նաև Ռուսաստանից Հայաստան եկած այլ դասախոսներ:
Ճամբարը նպատակ է հետապնդում խորացնել մասնակիցների մաթեմատիկական գիտելիքները, օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում, բարելավել ռազմական գործողություններից տուժած երեխաների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև նպաստել գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական կապի զարգացմանը։