Խոնարհ մարդը զերծ է գոռոզությունից ու հպարտությունից…
Մեզ համար խոնարհության կատարյալ օրինակ է Հիսուս Քրիստոս, Ով մարդկությանը փորձեց հասցնել Աստվածային խոնարհության: Այնպիսի խոնարհության, որը վանելով ատելություն՝ ծնում է սեր, հույս, ներդաշնակություն, ներողամտություն, երջանկություն ու այս կերպ մերժում է խավարը՝ լույս սփռելով աշխարհի վրա:
«Խոնարհեցրու քո անձը և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և Նա փառավորում է Իր կամքը կատարող խոնարհներին» (Սիրաքի իմաստ. 3:20):
Եփրեմ Ասորին խոսելով խոնարհության մասին ասել է. «Առանց խոնարհամտության իզուր են ամեն ջանք, ամեն մի ժուժկալություն, հնազանդություն, անընչասիրություն, իմաստություն: Քանի որ բարու սկիզբը և վերջը՝ խոնարհամտությունն է, ինչպես չարի սկիզբը և վերջը՝ բարձրամտությունը: Իսկ այս պիղծ հոգին հնարամիտ է և բազմաձև. ըստ որի ամեն ջանք օգտագործում է բոլորին և ամեն մեկին տիրելու նպատակով. ինչ ճանապարհով էլ նրանք գնան, ցանցեր է լարում: Իմաստունին որսում է իմաստությամբ, ուժեղին՝ ուժով, հարուստին՝ հարստությամբ: Այդպես էլ չի դադարում գայթակղել նաև հոգևոր կյանք վարողներին և ցանց է լարում աշխարհից հրաժարվածներին՝ առանձնության մեջ, ժուժկալին՝ ժուժկալության մեջ, անխոսին՝ անխոսության մեջ, անընչասերին՝ անընչասիրության մեջ, գիտունին՝ գիտունության մեջ, երկյուղածին՝ երկյուղածության մեջ: Այդ պատճառով, գիտենալով այդ կրքի դաժանությունը «քանի որ, այն որտեղ արմատ ձգի, այնտեղ փչացնում է և՛ մարդուն, և՛ նրա ջանքերը», Տերն այն հաղթահարելու համար մեզ տվել է խոնարհամտությունը, ասելով. «Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, ա՛յն արեցինք» (Ղկ. 17. 10):
Խոնարհ մարդը զերծ է գոռոզությունից ու հպարտությունից։ Նա իրեն ուրիշներից վեր չի դասում։ Ցանկացած անկատար մարդ, ով խոնարհ է, նաև համեստ է, այսինքն՝գիտակցում է իր սահմանափակ կարողությունները։
«Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան`սնապարծությամբ,այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ: Միայն ձեր շահը մի փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք` ընկերոջ շահն էլ» (Փիլ. 2.3-4):