«Այս պոպուլիստների, ոչ պրոֆեսիոնալների, սուտասանների, մանիպուլյատորների գործունեությունը պետք է օր առաջ կասեցվի». Աշոտ Բարսեղյան
Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է վերացնել շրջանառության հարկը, և ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ՝ հարկային ընդհանուր համակարգում կիրառել ԱԱՀ տարբերակված հարկային դրույքներ:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշումն ավելացնելու է տնտեսվարողի բեռը:
«Սա հերթական չմտածված և չհաշվարկված քայլն է նախարարության, անձամբ նախարարի կողմից, «319 տոկոսանոց տուրիզմի աճի» և «երկնիշ տնտեսական աճի» միֆերի հերթական դրսևորումն է: Պարոն Քերոբյանին բազմիցս կոչ եմ արել զուսպ մնալ իր արտահայտությունների մեջ և ուշադիր լինել իր տնտեսական հաշվարկների մեջ, քանի որ նրա ակադեմիական բազան թույլ է, և նա չի հանդիսանում տնտեսական ոլորտում ակադեմիական գիտելիքների կրող, իրեն նույնպես խորհուրդ եմ տվել օր առաջ հրաժարական տալ՝ տեղը զիջելով մասնագետի և պրոֆեսիոնալի, սակայն, հաշվի առնելով, որ այս կառավարության հետ այլևս ոչ մի նորմալ մարդ, նորմալ պրոֆեսիոնալ չի ուզում համագործակցել, հետևությունը մեկն է․ այս կառավարությունը պարզապես պետք է հեռանա՝ իր հետ տանելով այս ամբողջ գաղջը, սուտը, մանիպուլյացիան, այս արտահայտվող հիմար թվերը, որոնք իրենց տակ չունեն ո՛չ տնտեսական, ո՛չ տրամաբանական հիմք»,- ասաց Բարսեղյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԱՀ-ի անցնելու մասին խոսակցությունները սկսվել են 2018-ին, այն ժամանակ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են Կառավարության, ՊԵԿ-ի, Ֆինանսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև վարչապետի հետ, եկել են եզրակացության, որ հարկման փոփոխության տակ դրված հաշվարկներն անհիմն են:
«Միասին հաշվարկեցինք նոր բազա, որը թույլ կտար ապագա 10 տարվա ընթացքում գոնե մնալ հարկման այն դաշտում, որը մենք ունենք հիմա՝ 2019-ից, այն է՝ շրջանառության հարկ` 6 % հարկով, և չենք խոսում ընդհանուր հարկման դաշտ անցնելու մասին, որովհետև ընդհանուր հարկման դաշտ անցնելուն պես մեր ծախսերն առնվազն կկրկնապատկվեն, որը կբերի սպառողական գների աճի, որը կբերի բիզնեսի տեմպերի նվազմանը, աճի մասին այլևս խոսք լինել չի կարող, սա մեծ շոկի կենթարկի ամբողջ ինդուստրիան, որն իր մեջ ներառում է 50.000 աշխատատեղ, եթե սրան գումարենք նաև միջոցառումների անցկացման ոլորտը, ապա խոսում ենք 80.000 հոգու մասին: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը սաստեց Էկոնոմիկայի նախարարության այս անհիմն առաջարկությունը:
Ես հասկանում եմ, որ Կառավարության ժամանակավոր պատասխանատուն հրահանգել է ամեն գնով ստանալ ինչ-որ թվեր, որն իրենք տնտեսական ժանգլյորության ժանրից կարող են ներկայացնել, հերթական թոզը փչել սպառողների աչքին, այս անգամ՝ նախընտրական էտապում, որը մենք թույլ չենք տալու:
Խնդրում եմ ասածներս չդիտարկել քաղաքական կոնտեքստում, որովհետև նոյեմբերի 9-ից հետո չկա քաղաքական կոնտեքստ, կա միայն հայրենիքի փրկության կոնտեքստ: Այս պոպուլիստների, ոչ պրոֆեսիոնալների, սուտասանների, մանիպուլյատորների գործունեությունը պետք է օր առաջ կասեցվի»,- ասաց Բարսեղյանը:
Գործարարը նշեց, որ տնտեսությունը խորը ճգնաժամի շեմին է: Բարսեղյանի պնդմամբ՝ կորոնավիրուսից և պատերազմից հետո հանրային սննդի ոլորտը վերականգնվել է ընդամենը 30%-ով, շրջանառությունը վերականգնվել է միայն կիսով չափ, ոլորտն էլ դեռ չի հասցրել փոխհատուցել կրած վնասները:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահը նշեց, որ այս սեզոնին սպասում էին զբոսաշրջության աճ, ինչի համար նախարարությունը ոչինչ չի արել:
«Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը զրոյական է»,- ասաց Բարսեղյանը:
Չնայած գործարարի այս պնդմանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում»։
Աշոտ Բարսեղյանին հարցրինք՝ այդ ներդրումների հոսքը, աշխատատեղերի աճը տեսնո՞ւմ է:
«Գործարարների ոլորտում մենք բոլորս իրար հետ շփվում ենք, և կուլիսների ետևում ոչ ցենզուրային արտահայտություններ են հնչում ոչ միայն Էկոնոմիկայի նախարարի գործունեության հետ կապված, նրա հեղած, հորդած ստերի նկատմամբ, այլ նաև ամբողջ կառավարության գործունեության նկատմամբ: Գործարար համայնքը, բացի մի քանի գործարարից, որոնք տենչում են ադրբեջանաթուրքական տնտեսական կապեր հաստատել օր առաջ՝ ի վնաս մեր հայրենիքի, մնացած բոլորը, որը գործարարների 99.9 %-ն է կազմում, արդեն վստահ են, որ քաղաքական ձևավորված «Կոնսենսուս -1» գաղափարախոսությունն այլևս իրականություն է, և հունիսի 20-ից հետո հույս ունենք, որ կստեղծվի պրոֆեսիոնալներից կազմված կառավարություն, որը կփորձի երկիրը հանել ճգնաժամից, տնտեսական ոլորտում, մնացած բոլոր ոլորտների պես, տիրում է քաոս, և՛ գյուղատնտեսությունում, և՛ մնացած բնագավառներում, գաղտնիք չէ, թե ինչ բարձիթողի վիճակ է, պետություն գոյություն չունի, չի աշխատում պետական ոչ մի համակարգ, բացի «գերագույն գլխավոր հրամանատար» իրեն հռչակած անձնավորությանը սպասարկող ուժային կառույցներից»:
Երեկ Նիկոլ Փաշինյանը Երևանի տարբեր շրջաններում իր հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր՝ «եթե որևէ բիզնես կասի, որ ինքը երբևէ ավելի լավ միջավայրում է աշխատել, քան հիմա, ինքը ուղղակի ճիշտ չի ասում»: Աշոտ Բարսեղյանին նաև հարցրինք, թե արդյո՞ք բիզնեսը հիմա այդպիսի լավ միջավայրում է աշխատում:
«Ես կսկսեի հակառակից, արդյոք մի բան ճի՞շտ է ասել Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում, այսինքն, մեղադրելով ամենին և ամենայնը, բացի իրենից, նա այս անգամ ևս իր ընկեր Վահան Քերոբյանի ոճով աճպարարություն է անում: Ինչի՞ մասին ենք խոսում, հայրենիքի, պետականության, պետական ինստիտուտների կորստի պարագայում խոսում ենք ազատականացված տնտեսությունից, ինչ-որ պրոցեսներ, այո, քանի որ իրենք անգործունյա են և պրոֆեսիոնալներ չեն, կատարվում է ինքն իրեն, որոշ պրոցեսներ հեշտացել են, միաժամանակ դժվարացել են շատ ավելի կարևոր պրոցեսներ, միաժամանակ անգործության է մատնված մի ամբողջ համակարգ: Կոչ կանեի պարոն Փաշինյանին սկսել հերքել իր ստերը՝ սկսած իր գործունեության առաջին օրվանից, կամ առնվազն կառավարությունը գլխավորելուց հետո, 100-ից ավելի բացահայտված սուտ կա, խորհուրդ կտամ այդ ստերից սկսել»: