ԱՄՆ նախագահի հայամետ ուղերձը Բաքվին. հայաստանյան շահերն ընկալելի են գործընկերների համար

Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Հանրապետության օրվա առթիվ՝ որոշակի ուղերձներ հղելով նաև Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում:

Նամակում ԱՄՆ նախագահը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում օժանդակելուն։ Բայդենը նշել է, որ այս տարի լրանում է Ադրբեջանի անկախության 30 տարին, և այդ ընթացքում Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանի Հանրապետությունը, ամրապնդելով իրենց ժողովուրդների միջև կապերը, աշխատել են միասին անվտանգության, էներգետիկայի ու ժողովրդավարական կառավարման ուղղությամբ։

«ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է Հարավային գազային միջանցքը շահագործման հանձնելով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ներդրումը և այս տարի Կասպիցում Թուրքմենստանի հետ համատեղ հանքավայրի հետախուզման ու մշակման մասին հուշագրի ստորագրումը։ Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերին 20-ամյա աջակցության համար»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասված է ԱՄՆ նախագահի նամակում։

Սա ԱՄՆ նախագահ Բայդենի երկրորդ նամակն է Ալիևին: Առաջինը մարտին էր, երբ Ջո Բայդենը Նովրուզի կապակցությամբ նամակ հղեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մարտին ևս Բայդենի նամակում ասվում էր, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի հետ համատեղ կաշխատի անվտանգության և տարածաշրջանային խաղաղության ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ։ Ջո Բայդենը շեշտել էր, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հավատարիմ է կողմերին օգնելու՝ «հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»:

«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեկնաբանեց ուղերձի բովանդակությունը` նշելով, որ ԱՄՆ նախագահը երկու կարևոր շեշտադրում է անում, մեկը՝ արտաքին քաղաքական, մյուսը՝ ներքաղաքական:

Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ Բայդենի վարչակազմի այցեքարտը մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն են: Այս ոլորտի նկատմամբ ամերիկյան ուշադրությունը, Ստյուարտի որակմամբ, չափազանց մեծ է հատկապես այն երկրներում, որոնք խնդիր ունեն այդ ոլորտում:

«Այստեղ շեշտն այդ ոլորտում ամերիկաադրբեջանական համագործակցության վրա պատահական չէ: Այս ցուցիչը որոշող է լինելու: Մյուս շեշտը և ուղերձն ադրբեջանական կողմի համար չափազանց կարևոր՝ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը և հանգամանքին, որ այն կարգավորված չէ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ դա ասվում է Ադրբեջանի  նախագահին, որը համարում է, որ լուծված է հակամարտությունը, և չկա չլուծված որևէ հարց: Դիմումի մնացած հատվածներում նշված են հարաբերությունների անկյունաքարային կապող թեմաները»,- ասաց Ստյուարտը:

Նրա խոսքով, փոփոխվող աշխարհակարգի պայմաններում այս հարաբերությունները ևս կարող են էական փոփոխություններ ապրել՝ դառնալով ավելի անկարևոր, պայմանավորված աֆղանական հարցում ԱՄՆ նոր որոշումներով և իրանական Միջուկային գործարքի վերականգնմամբ: Սա, ըստ վերլուծաբանի, կարող է անդրադառնալ որոշ ծրագրերի սահմանափակման վրա, հատկապես՝ այն, որոնք իրականացվում էին Իրանի զսպման շրջանակում:

«Վերջին շրջանում և որքան ժամանակն անցնում է՝ ուրվագծվում է կոնկրետ Բայդենի քաղաքականության պատկերը Հարավային Կովկասում և հեռու տարածաշրջաններում: ԵԱՀԿ ՄԽ օրակարգից դուրս Միացյալ Նահանգները քիչ քայլեր է ձեռնարկելու, բայց փորձելու է այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի և Իրանի միջոցով հավասարակշռել տարածաշրջանը: Առաջնահերթ ուշադրությունն ԱՄՆ-ի այս տարածաշրջանից բավականին հեռու է, հենց այդ պատճառով Մինսկի խումբը չի կարողանում վերակենդանանալ, և այս ֆոնին ավելի արդյունավետ են դարձել այն երկրները, որոնք կոնկրետ շահեր ունեն տարածաշրջանում և կարող են ինչ-որ կերպ հավասարակշռել Թուրքիային, Ռուսաստանին»,- ասաց եվրոպացի վերլուծաբանը:

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, թե ԱՄՆ-ի կարծիքը, որ հակամարտությունը կարգավորված չէ՝ առանցքային հանգամանք է և աշխատում է հօգուտ ՀՀ դիվանագիտության, որի օրակարգում նշմարվում է այս հարցը: Նա վստահ է՝ ճիշտ աշխատանքի դեպքում այս դիրքորոշումից կարելի է օգտվել:

«Այստեղ նաև այդքան կարևոր չէ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ակտիվ չի գործում, քանի որ ակտիվ գործընթացներ կան թե կոնկրետ հակամարտության տարածաշրջանում, թե դրանից դուրս բոլոր խաղացողների կողմից, և կա աշխատելու շատ լայն դաշտ: ԱՄՆ-ը իրավիճակի վրա ազդում է իր քաղաքականությամբ՝ առանց ԵԱՀԿ ՄԽ-ի, այլ երկրների հանդեպ իր քաղաքականության վերանայմամբ, ինչը կարևոր նրբություն է: Տեսնում ենք, որ Արևմուտքի հետ բանակցություններին զուգահեռ՝ մեծ ակտիվություն է ցուցաբերում Իրանը՝ տարատեսակ  այցերով տարածաշրջան, փորձելով առաջ մղել Իրանին ձեռնտու հաղորդակցական ենթակառուցվածքներ տարածաշրջան, որոնք միտված են Վրաստանի հետ կապի վերականգնմանն ու Արևմուտքի հետ կապ ստեղծելուն:

Անընդհատ փոփոխությունների ականատեսն ենք, ու դրանք բավականին արտասովոր տեսք ունեն, չեն տեղավորվում մեզ հայտնի աշխարհակարգի շրջանակում: Բայց հայաստանյան  շահերն ընկալելի են, կան գործընկերներ, պետք է աշխատել ավելի ակտիվ»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով, իրավիճակը բարդ է հատկապես պատերազմում պարտությունից հետո, բայց ակնհայտորեն կան գործընկերներ ևս, որոնք դիրքեր են փոխում աշխարհում:

Տեսանյութեր

Լրահոս