Բլինքենը խոստացել է Գազային օգնելու համար մոբիլիզացնել միջազգային աջակցությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է «մոբիլիզացնել միջազգային աջակցությունը»՝ Գազային օգնելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը, նշելով, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պահպանվում է, Բլինքենը խոստովանել է, որ այն չի լուծում իսրայելա-պաղեստինյան հակամարտության որեւէ հիմնական խնդիր:
Բլինքենը չի հանդիպի ՀԱՄԱՍ-ի հետ, որը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, ու որին Իսրայելն ու ԱՄՆ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն:
«Մենք կարծում ենք, որ պաղեստինցիներն ու իսրայելացիները հավասարաչափ արժանի են նրան, որ ապահով ու անվտանգ ապրեն, օգտվեն ազատության, հնարավորությունների և ժողովրդավարության հավասար չափերից, որպեսզի նրանց արժանապատվորեն վերաբերվեն»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Վերջինս իր մեկնաբանություններում համարյա չի հիշատակել պաղեստինցիներին՝ հայտարարելով «շատ հզոր» պատասխանի մասին, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը:
Նեթանյահուն խոսել է գրավյալ Արևմտյան ափին «տնտեսական աճ ապահովելու» մասին, բայց ասել է, որ խաղաղություն չի լինի, քանի դեռ պաղեստինցիները չեն ճանաչել Իսրայելը որպես «հրեական պետություն»:
Բլինքենը երեքշաբթի օրը կմեկնի Ռամալլա, որպեսզի հանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: