Մեզ սպանում են արդեն ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաարցախյան ակցիաների պտուղները

Այսօր հայտնի դարձավ, որ Գեղարքունիքում ունենք թշնամու կրակոցից երկու զոհ… Գեղարքունիքում… Արդեն 2 զոհ…

Դժվար է հիշել, որ նախկինում մենք Գեղարքունիքում զոհ ունեցած լինենք թշնամու արձակած կրակոցից:

Փաստորեն, արդեն 13-րդ օրը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքում գտնվող թշնամին կրակում է… Կրակում է մեր հողում… Իսկ Ազգային ժողովում իմքայլական ուսապարկերը շարունակում են հոխորտալ:

Երբ այս տարվա սկզբում սկսեցին նշմարվել բանակը կազմաքանդելու, հայկական զորքերն Արցախից դուրս բերելու՝ իշխանությունների քայլերը, ու նրանց կողմից այդ նպատակով սկսեցին «միջոցառումներ» իրականացվել, շատերը զգուշացնում էին այսօրվա մասին:

Սակայն այդ «միջոցառումների» մասնակիցների մասը, վեր դասելով քաղաքական նպատակահարմարությունը, իսկ մյուս մասն էլ՝ ուրախացած, որ վերջապես իրենց երեխաներն իրենց կողքին կլինեն, ակտիվորեն նպաստում էին հայկական պետականության կորստին:

168.am-ը ևս անդրադարձել էր թեմային, զգուշացրել հակաարցախյան ակցիաների մասնակից ժամկետային զինծառայողների ծնողներին, որ այս ամենի ավարտը ողբերգական է լինելու, բայց, ավաղ, մարդիկ այլ առաջնահերթություններ ունեին:

Որևէ կերպ չկասկածելով իսկապես իրենց զավակների անվտանգությամբ մտահոգ ծնողների ազնիվ մղումներին, ուզում էինք նրանց հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի «փայլուն» ռազմական ու դիվանագիտական ունակությունների շնորհիվ (մնացած գնահատականները երբևէ կտա Քրեական օրենսգիրքը) Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ երկարել է մոտ 500 կմ-ով, և որոշ հատվածներում թշնամու և մեր դիրքերի միջև տարբերությունը 5 մետրից էլ պակաս է: Նրանց հռետորական հարց էինք ուղղել՝ արդյո՞ք Հայաստանում զոհվելը կամ հաշմանդամ դառնալն ավելի սփոփիչ են լինելու:

Ցավոք, մեզանից շատերն այդպես էլ չհասկացան, որ իրականում Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, մեր անվտանգության դարպասը, և Հադրութում կամ Ջաբրայիլի (և այլն)  դիրքերում կամ անվտանգության որևէ գոտում ծառայող զինվորն էր արհավիրքը հարյուրավոր կիլոմետրերով հեռացնում Հայաստանի սահմաններից։

«Մի դարձեք մանրադրամ կեղտոտ քաղաքական խաղերի մեջ, հարգելի ծնողներ, ժամկետային զինծառայողների հարազատներ, որովհետև, որքան էլ արնաքամ, բզկտված ու մի հոգու կամ մի ուժի կամոք փոքրացած, մենք, այնուամենայնիվ, մեկ ազգ ու երկու պետություն ունենք… Դեռ ունենք… Զգույշ եղեք ձեր արտահայտությունների ու գործողությունների մեջ, մի դարձեք ադրբեջանական քարոզչամեքենայի շարժիչ ուժը, մի նպաստեք բոլորիս ոչնչացմանը»,- հորդորել էինք մենք:

Այսօր արդեն քաղում ենք մեր անհեռատեսության ու եսամոլության պտուղները. Թշնամին մեր հողում է, մեր հողում է սպանում մեր երեխաներին, իսկ Նիկոլ Փաշինյանը մտածում է հայկական Զինուժի թիվը կրճատելու՝ նոր օրենսդրական նախաձեռնության մասին:

Տեսանյութեր

Լրահոս