Վտանգավոր խաղեր․ հակաարցախյան ակցիաների՝ Նիկոլ Փաշինյանի հետին նպատակը

Նոյեմբերի 9-ին ստորագրած իր կապիտուլյացիոն փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է վստահեցնում, ոչ թե անվտանգության երաշխիքներ տվեց ՀՀ ու Արցախի քաղաքացիներին, այլ նոր անվտանգային խնդիրների առջև կանգնեցրեց հայկական երկու պետություններին:

Րոպե առ րոպե կործանվող պետության վրա փակվող դագաղի վերջին խփվող մեխն ըստ էության բանակի կազմաքանդումն ու Արցախից հայկական Զինված ուժերի դուրսբերումն է, ինչը, եթե հավատանք տարատեսակ տեղական ու հատկապես ռուսական աղբյուրներին, պարտավորվել է կատարել Նիկոլ Փաշինյանը:

Ցավալի է, որ կամա թե ակամա այս վտանգավոր խաղի մեջ են ներքաշվել նաև այն ժամկետային զինծառայողների ծնողներից շատերը, որոնց զավակները մարտական հերթափոխի են եկել Հայաստան, ու հիմա ծնողները հրաժարվում են նրանց ուղարկել Արցախ: Վերջին օրերին հատկապես ականատես ենք լինում այդ թեմայով բողոքի ակցիաների:

Անշուշտ, հասկանալի է այդ ծնողների տագնապը, ովքեր անվտանգության երկաթյա երաշխիքներ են ուզում ստանալ իրենց երեխաների համար: Խորապես ըմբռնելի է նրանց անհանգստությունը, ում երեխաները եղել են 44-օրյա ահասարսուռ պատերազմի կիզակետում, տեսել են մահն իրենց աչքերի առաջ, կորցրել են ընկերներ, միգուցե մինչ այժմ ունեն հոգեբանական խնդիրներ, ու նրանք այլևս չեն ուզում սրտխփոցով սպասել իրենց զավակներից եկող զանգերին: Մարդկանց հասկանալի կերպով ու իրավացիորեն անվտանգության երաշխիքներ են պետք, և պետությունը կամ այն, ինչ մնացել է դրանից, պետք է տրամադրի դրանք:

Սակայն բողոքող ծնողների մեջ կան այնպիսիները, ովքեր ակնհայտ հակաարցախյան քարոզ են տանում, ինչը վտանգում է բոլորիս անվտանգությունը, էլ չենք խոսում այն մասին, որ նրանց ելույթները դառնում են ադրբեջանական կայքերի գլխավոր նյութերը, և մեր թշնամին սրանց վերնագրերում հատկապես նշում է, որ հայաստանցիները չեն ցանկանում ծառայել Ղարաբաղում:

Այստեղ է, թերևս, թաքնված շան գլուխը, որովհետև կա տեղեկություն և ոչ հիմնազուրկ, որ հակաարցախյան քարոզ տանող ծնողներից ոմանք ակտիվ կապի մեջ են Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի և Ազգային ժողովի (ԱԺ) իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ, և չի բացառվում, որ այդ բողոքները թեժացնելը բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից, ով որևէ կերպ հայկական Զինված ուժերի դուրսբերումն Արցախից արդարացնելու համար հիմա էլ կարող է ասել՝ դե, ի՞նչ անեմ, չեն ուզում գնալ Արցախում ծառայելու:

Կրկնում ենք՝ որևէ կերպ չկասկածելով իսկապես իրենց զավակների անվտանգությամբ մտահոգ ծնողների ազնիվ մղումներին, ուզում ենք նրանց հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի «փայլուն» ռազմական ու դիվանագիտական ունակությունների շնորհիվ (մնացած գնահատականները երբևէ կտա Քրեական օրենսգիրքը) Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ երկարել է մոտ 500 կմ-ով, և որոշ հատվածներում թշնամու և մեր դիրքերի միջև տարբերությունը 5 մետրից էլ պակաս է:

Հիմա որտե՞ղ է ավելի անվտանգ ծառայել՝ Արցախո՞ւմ, թե՞ Հայաստանում, թե՞, Աստված մի արասցե, Հայաստանում զոհվելը կամ հաշմանդամ դառնալն ավելի սփոփիչ են լինելու:

Ցավոք, մեզանից շատերն այդպես էլ չհասկացան, որ իրականում Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, մեր անվտանգության դարպասը, և Հադրութում կամ Ջաբրայիլի (և այլն)  դիրքերում կամ անվտանգության որևէ գոտում ծառայող զինվորն էր արհավիրքը հարյուրավոր կիլոմետրերով հեռացնում Հայաստանի սահմաններից։

Մի դարձեք մանրադրամ կեղտոտ քաղաքական խաղերի մեջ, հարգելի ծնողներ, ժամկետային զինծառայողների հարազատներ, որովհետև, որքան էլ արնաքամ, բզկտված ու մի հոգու կամ մի ուժի կամոք փոքրացած, մենք, այնուամենայնիվ, մեկ ազգ ու երկու պետություն ունենք… Դեռ ունենք… Զգույշ եղեք ձեր արտահայտությունների ու գործողությունների մեջ, որովհետև դրանք նաև շատ դեպքերում հանցակազմ են պարունակում, և մի բացառեք, որ այս իշխանությունները մի օր ձեր իսկ խոսքերը կարող են ձեր դեմ ուղղել, մի դարձեք ադրբեջանական քարոզչամեքենայի շարժիչ ուժը, մի նպաստեք բոլորիս ոչնչացմանը, անշուշտ, պահանջեք անվտանգության երաշխիքներ, բայց ողջամիտ գործեք:

Տեսանյութեր

Լրահոս