«Ստացվում է, որ թշնամին մտել է մեր տարածք ու մարդ է սպանում, ես արդեն չգիտեմ․․․ մեզ համար ամոթալի է լռելը». Գեղամասարի համայնքապետ

Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, թշնամին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում կրակել է հայ դիրքապահների ուղղությամբ։ Խոսակցություններ շրջանառվեցին, որ կրակոցի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, սակայն դրա մասին ՊՆ-ի հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար։

Քիչ անց ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ արդեն նշել էր, որ հայկական կողմն ունի մեկ զոհ։

Մինչև ՊՆ-ն կտարածեր պաշտոնական հաղորդագրությունը, 168.am Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է Գեղարքունիքում, և զոհ ունենալու վերաբերյալ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։

Հ. Ավետյանն ասաց, որ կրակոցի հետ կապված մանրամասներին չի տիրապետում, սակայն տեղյակ է, որ դրա հետևանքով մահացու վիրավորում է ստացել հայ պայմանագրային զինծառայող։

«Հանգամանքներն ինձ հայտնի չեն, որովհետև այդքան տեղյակ չեմ, սակայն արդեն զոհ ունենք։ Հայկական կողմը մինչև այժմ ամեն ինչ պետք է աներ, որ թշնամին դուրս գնար մեր սահմաններից, եթե թշնամին մինչև այժմ մեր սահմանները չի լքել, ես դրա մեջ արդեն լուրջ վտանգ եմ տեսնում։ Ով ուզում է՝ թող ինձ ասի, թե այս ամենը նորմալ է, իրենք դուրս կգան, մեկ է՝ չի համոզի, այս ամենը շատ վտանգավոր է։ Այս ամենն անձամբ ինձ շատ է անհանգստացնում, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը»,- նշեց Հակոբ Ավետյանը։

Գեղամասարի համայնքապետն անդրադարձավ նաև իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի հայտարարությանը, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ և անկլավներ՝ նշելով, որ եթե արդեն պետական պաշտոնյաներն են նման բան ասում, նրանց չի կարող համարել նորմալ մարդ։

«Իսկ նման բան ասողները գիտե՞ն, որ Ադրբեջանը գոյություն չուներ, երբ կար Հայաստան, մնում է ապացուցեն, որ Երևանն էլ է Ադրբեջանի տարածք, սա արդեն ծիծաղելի է։ Ես այդ մարդուն չգիտեմ՝ ինչ ասեմ, մի բան կասեմ՝ անհայրենասեր են, ես սա հեռախոսով եմ խոսում, հանգիստ եմ ու փափուկ, եթե դեմ առ դեմ տեսնեի, ավելի կոպիտ կարտահայտվեի։ Ի՞նչ է նշանակում՝ դա ադրբեջանական տարածք է, դե որ ադրբեջանական է, Ալիևն ասում է, Արցախն էլ, Սյունիքն էլ, Երևանն էլ ադրբեջանական են, ի՞նչ անենք, տա՞նք»,- հավելեց Հ. Ավետյանը։

Ըստ նրա, տեղի բնակիչներն արդեն որևէ լավ բան չեն մտածում, հատկապես այդ կրակոցներից  և զոհ ունենալուց հետո։

«Ստացվում է, որ թշնամին մտել է մեր տարածք ու մարդ է սպանում, ես արդեն չգիտեմ, թե մեր կողմից այդ ուղղությամբ ինչ է արվում, տեսանելի որևէ բան չկա։ Ես՝ որպես սահմանի բնակիչ, համայնքի ղեկավար, արդեն մեծ մտահոգություն ունեմ, եթե այս սպանության մասին լռենք, մեզ համար ամոթալի է, եթե չլռենք, արդեն չգիտեմ, ինչ հետևանքներ կլինի»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս