Իտալացի հաղորդավարը Հայաստանի մասին սխալ արտահայտվելուց հետո չի վարել «Եվրատեսիլի» եզրափակիչը․ հայ համայնքը կարծում է՝ նկատողությունը քիչ է
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակչում իտալացի հաղորդավարի ոչ կոռեկտ արտահայություններն առաջացրել են հայերի վրդովմունքը։
Իտալահայ պրոդյուսեր Էդգար Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Եվրատեսիլի կիսաեզրափակչի ժամանակ Rai Gold (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) հեռուստաալիքի մեկնաբանը քմծիծաղով և ծաղրական տոնով ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի դեմ պատերազմն է հաղթել, այլև հայտնվել է եզրափակչում, իսկ Հայաստանը գումար չունենալու պատճառով չի էլ մասնակցել մրցույթին:
«Երբ տեղեկացա, որ նման բան է ասել, անմիջապես կապ հաստատեցի հաղորդավարի ու հեռուստաընկերության տնօրինության հետ: Ճիշտ է, ներողություն խնդրեց՝ ասելով, որ ծաղրանք չէր, հեռուստադիտողը սխալ է հասկացել, ամեն դեպքում նա նկատողություն է ստացել ու թույլ չեն տվել վարել մրցույթի եզրափակիչ փուլը»,- ասաց Էդգար Հովսեփյանը՝ շեշտելով, որ հստակ է մեկ բան՝ հաղորդավարը Հայաստանի մասին ոչինչ չգիտի, ինչ գրել են, այն էլ կարդացել է՝ ցանկանալով մի քիչ հումոր ներդնել:
«Երբ վիրավորում ես մի ամբողջ ազգի՝ կարծում եմ, որ միայն ներողությունը քիչ է: Չնայած պետական հեռուստաալիք է, պատկանում է կառավարությունը, բայց պետք է փորձենք հասնել նրան, որ որոշ ժամանակ դադարեցնեն նրա մասնակցությունը տարբեր հեռուստառադիոհաղորդումներին»,- հավելեց Էդգարը:
Ազգությամբ իտալացի Կամիլլո Բիանկոֆիորեն ևս կարծում է, որ հաղորդավարը բացարձակ գաղափար չունի ոչ Հայաստանի, ոչ էլ արցախյան հիմնախնդրի մասին:
«Վարողը եթերում ասաց, որ Հայաստանը չէր մասնակցում Եվրատեսիլին, քանի որ պատերազմ է պարտվել ու դրա պատճառով փող չունի, տնտեսական ճգնաժամ է ապրում: Ինձ թվում է՝ ինքն անտեղյակ էր, ու վերջ, ոչ թե դիտավորյալ է ասել: Արցախի հիմնախնդրին ծանոթ չէ Իտալիայի քաղաքացին, ոչ էլ 2020թ. պատերազմի մասին գիտեն: Հեռուստաալիքներում երբեք չեն քննարկել այս թեման: Չեն լուսաբանում ու չեն լուսաբանելու: Իտալական լրատվամիջոցները համաթուրքական են, Կառավարությունը՝ նույնպես: Արդեն ադրբեջանական գազ ու նավթ ենք ընդունում»,- նշեց Կամիլլոն:
Հավելենք, որ Իտալիայում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ իտալացի հաղորդավարի կողմից Հայաստանի հասցեին թույլ տված ոչ կոռեկտ արտահայտություններին: Ըստ դեսպանության հայտարարության՝ հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն վերահաստատել է՝ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։
«Վերջին օրերերին դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ «Եվրատեսիլում» Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամայից դժգոհություն է առաջացրել….»:
Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհություններին՝ իր ափսոսանքն է հայտնել նաև հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով, ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային և անհեթեթ են պատերազմների հետևանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը և ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել և շատ ցավում է դրա համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Հայաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին: «Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարությունում։