Արտասահմանցիներն ու մեր անշարժ գույքը

Օտարերկրացիների գործարքները մեր երկրի անշարժ գույքի շուկայում արդեն այլ իմաստ ու ընկալում ունեն: 2019-ից պաշտոնական վիճակագրությունն առանձնացնում և հրապարակում է օտարերկրյա քաղաքացիների վաճառած ու գնած անշարժ գույքը:

Այդ պահին, կարելի է ենթադրել, որ «հեղափոխական» էյֆորիայի տակ՝ երիտասարդ պաշտոնատարներին թվում էր, թե արտասահմանցի մեր հայրենակիցները (հատկապես անկախության շրջանում արտագաղթածները) հայրենիքում տուն-տեղ-բիզնես են դնելու: Բայց վիճակագրությունն անողոք (կամ անզգացմունք՝ եթե կուզեք) արձանագրում էր, որ օտարերկրացիներն ամեն ամիս ավելի շատ նախկինում (իմա՝ նախկին իշխանությունների օրոք) ձեռք բերած անշարժ գույքն էին վաճառում, քան գնում:

«Ինչո՞ւ եմ անշարժ գույքի մեր շուկայում գործարք կատարող արտասահմանյան քաղաքացիներին հայրենակից անվանում» հարցի պատասխանը բոլոր հետաքրքրվողները կգտնեն՝ ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը: Առքուվաճառք կատարող «Արտասահմանյան քաղաքացիների» ճնշող մեծամասնությունն այն երկրներից է, ուր մեծ հայկական համայնքներ կան: Բնականաբար, ամենաշատ գործարքներ կատարում են Ռուսաստանի քաղաքացիները: Օրինակ, այս տարվա մարտ ամսին օտարերկրացիները գնել են 112 անշարժ գույք, որից 69-ը՝ ՌԴ քաղաքացիները: 14 գույք գնել են ԱՄՆ քաղաքացիներ: Իսկ երրորդն  իրանցիներն են՝ 10 գույք: Նույն համամասնությունը կա վաճառքի պարագային: Մարտին արտերկրացիները վաճառել են 249 գույք, որից 200-ը՝ ՌԴ քաղաքացիները, 9-ը՝ ԱՄՆ քաղաքացիները, իսկ 6-ը՝ իրանցիները:

Սակայն այն պահից, երբ պարզվեց, որ Երևանում անշարժ գույք ձեռք բերած Իրանի քաղաքացին ազգությամբ ադրբեջանցի էր՝ պարզ դարձավ, որ անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների (հատկապես՝ ՌԴ և Իրանի քաղաքացիների պարագային) գործունեությունը, զուտ տնտեսականից բացի, այլ վերլուծությունների կարիք ունի: Բայց քանի դեռ մեր երկրի անվտանգությունն ապահովող համակարգն այդ որակին չի հասել, շարունակենք երևույթը դիտարկել զուտ վիճակագրության մակարդակում: Իսկ զուտ վիճակագրական մակարդակում պարզ է, որ առայժմ օտարերկրացիները շատ ավելի մեծ քանակով անշարժ գույք են վաճառում, քան գնում:

Թվերի շարժը ներկայացնենք 2020-ի նոյեմբերից:

Այդ ամիս օտարերկրացիները գնել են 80 անշարժ գույք և վաճառել են 154 հատ: Դեկտեմբեր ամսին գնել են 87 անշարժ գույք, վաճառել՝ 208-ը: Այս գործարքների քանակը կարելի է համարել ավելի վաղ կայացրած որոշումների ու գործարքների արդյունք: Որովհետև այս տարվա առքուվաճառքի ծավալները կտրուկ անկում են գրանցել:

Հնարավոր է, որ այդ անկումը, հետպարտության շրջանից բացի, որոշակի սեզոնայնություն էլ է պարունակում: Բայց վերադառնանք «չոր» թվերին:

Հունվարին մեր շուկայում օտարերկրացիները գնել են 68 գույք, վաճառել՝ 103-ը: Փետրվար ամսվա համապատասխան թվերը հետևյալն են՝ 76 և 212: Մարտ ամսին արտասահմանցիները գնել են 112 գույք, վաճառել՝ 249:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունն «անշարժ գույք» ասելով՝ վարում է բազմաբնակարան շենքերի բնակարանների, բնակելի տների (առանձնատների), արտադրական նշանակության շինությունների, հասարակական նշանակության շինությունների, ավտոտնակների և հողի հետ կատարվող գործարքների հաշվառում:

Ընդ որում՝ «հող» անվանումով գույքի պարագային առանձնացվում են նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքները: Զուտ առքուվաճառքի քանակով ամենաշատ գործարքներ կատարվում են հենց հողի հետ: Այն սովորաբար ամենամեծ ցուցանիշն ունի և համարյա մշտապես գերազանցում է բազմաբնակարանային շենքերի բնակարանների առքուվաճառքի քանակին:

Օրինակ, ամենավերջին պաշտոնական տվյալը: Այս տարվա մարտին գրանցվել է հողերի 2168 առքուվաճառք, որից գյուղատնտեսական հողերի մասնաբաժինը 1304-ն է (բնակարանների վաճառքի քանակը 1409 է):

«Ինչո՞ւ ուշադրություն դարձնել գյուղատնտեսական նշանակության հողերի առքուվաճառքին» հարցն ամենևին էլ հռետորական չէ:

Հողերի և հատկապես գյուղատնտեսական հողերի գնման պարագային օտարերկրյա քաղաքացիների համար որոշակի օրենսդրական սահմանափակումներ կան: Սահմանափակումներ, որոնք չեն գործում իրավաբանական անձանց պարագային: Այսինքն՝ «խորամանկ» օտարերկրացին, իրավաբանական անձ գրանցելով, կարող է մասնակցել հողերի առքուվաճառքին: Իսկ սա զուտ տեսական վտանգ չէ: Մեզանում միշտ էլ իրավաբանական անձինք հողերի (ու հատկապես գյուղատնտեսական հողերի) գնման հարցում ակտիվ են:

Օրինակ, իրավաբանական անձինք 2021-ի մարտին անշարժ գույքի շուկայում գնման 194 գործարք են կատարել, որից 102-ը հողի գնում է (որից 72-ը՝  գյուղնշանակության հողեր): Այս նույն ընթացքում իրավաբանական անձինք վաճառել են ընդամենը 30 հող (որից 17-ը՝ գյուղնշանակության):

Ահա այսպիսին է անշարժ գույքի շուկայի մի մասի վիճակագրությունը տարածաշրջանային «կոմունիկացիաների պաշտոնական բացումից» առաջ:

Տեսանյութեր

Լրահոս