Հակադրությունների կարևորությունը կրթության ոլորտում
Փիլիսոփայության մեջ կարևոր մի օրենք կա, որի նշանակությունը կյանքում հաճախ անտեսում ենք։ Խոսքը հակադրությունների միասնության և պայքարի օրենքի մասին է։ Այս օրենքը հատկապես կարևոր դեր ունի կրթության ոլորտում։ Մի քանի հայտնի գրքերի հեղինակ Սեթ Գոդինի վերջին գրքերից մեկը կոչվում է «Անվերջ խաղ»։ Այդ գրքում նա նշում է, որ կյանքում կան վերջավոր և անվերջ խաղեր։ Վերջավոր խաղերը մի օր ավարտվում են, քանի որ գտնվում է դրանց լուծման եղանակը։ Անվերջ խաղերը երբեք չեն ավարտվում, քանի որ դրանցում չկան հաղթողներ ու պարտվողներ, դրանք չունեն հանգուցալուծում։
Կրթությունը անվերջ խաղ է, քանի որ երբեք չի լինելու իրավիճակ, երբ ունենանք իդեալական կրթություն։ Վերջին տարիներին շատ խոսվեց Ֆինլանդիայի կրթական հրաշքի մասին։ Բայց մասնագետների համար պարզ է, որ դա չափազանցություն է։ Ֆինլանդիայի կրթության ոլորտում էլ կան բազմաթիվ խնդիրներ։ Ի տարբերություն ինժեներական, տեխնիկական ոլորտների, որոնցում հնարավոր է գտնել լուծումներ, կրթության ոլորտում չեն կարող լինել վերջնական լուծումներ։ Կրթությունն անվերջանալի պարադոքսների, հակադրությունների մեջ է, քանի որ այդպիսին է մարդու էությունը։ Հետևաբար՝ կրթության համակարգում ամենակարևոր բանը հակադրությունների միասնության և պայքարի օրենքի գիտակցումն է։
Օրինակ՝ կրթության ոլորտում առկա հակադրություններից մեկը ազգայինի և միջազգայինի միջև է։ Մարդկանց մի մասը գտնում է, որ Հայաստանի կրթության համակարգը պետք է զարգանա միայն ազգային արժեքների վրա, քանի որ միջազգային ծրագրերը նպատակ ունեն մեզ կտրել մեր արմատներից։ Մյուս մասը կարծում է, որ Հայաստանի կրթության ոլորտում պետք է ներդրվեն միջազգային օրակարգում առկա մոտեցումներ. ներառական կրթություն, պայքար բուլիինգի, ընտանեկան բռնության, խտրականության դեմ։ Մի մասը կարծում է, որ ճիշտն ավանդական, ուսուցչակենտրոն կրթությունն է, մյուսներն աշակերտակենտրոն կրթության կողմնակից են։ Մի մասը կարծում է, որ երեխաների մեջ պետք է զարգացնենք անհատականությունը։ Մյուսներն ասում են, որ ավելի կարևոր է ընտանիքին, ազգին պատկանելու զգացողության ձևավորումը։ Այսպիսի բազմաթիվ հակադրություններ կան կրթության ոլորտում։ Այս հակադրությունները գրեթե միշտ են եղել։ Պարզապես այսօր հաղորդակցության միջոցների զարգացման, գլոբալացման արդյունքում դրանք ավելի սրվել են ու ինտենսիվ են դարձել։
Կան երկրներ, որոնք նախընտրում են հակադրության բևեռներից մեկը և անտեսում մյուսը։ Փորձը ցույց է տալիս, որ նման քայլերն արդարացված չեն։ Այս առումով հետաքրքիր են Սինգապուրի կրթության ոլորտի հայտնի մասնագետներից մեկի` Պակ Տի Նգիի դիտարկումները։ Նա համարում է, որ Սինգապուրի կրթական համակարգը ամբողջությամբ կառուցված է հակադրությունների և դրանց համադրման վրա։ Այդպիսի հակադրության օրինակ է Սինգապուրի կրթության կարգախոսը. քիչ սովորեցրու, որ շատ սովորեն։ Սինգապուրում կարծում են, որ շատ սովորեցնելու արդյունքն այն է, որ երեխաները ժամանակ չեն ունենում շատ սովորելու։ Դրա համար պետք է քիչ սովորեցնել, որպեսզի սովորելու շատ ժամանակ մնա։ Ուսուցիչները պետք է ավելի շատ ժամանակ ծախսեն ոչ թե սովորեցնելու, այլ այն բանի վրա, թե ինչ կարելի է անել, որպեսզի աշակերտներն ավելի շատ սովորեն։
Սինգապուրում նաև փորձում են համադրել կենտրոնացված և ապակենտրոնացված կառավարումը։ «Մենք կենտրոնացնում ենք, որպեսզի հասնենք սիներգիայի, ապակենտրոնացնում ենք, որպեսզի հասնենք բազմազանության»,- գրում է Պակ Տի Նգին։ Սկզբնական շրջանում Սինգապուրի կրթական համակարգը խիստ կենտրոնացված էր։ Բայց հետագայում Սինգապուրում հասկացան, որ կենտրոնացումն ու ապակենտրոնացումը թեև հակադրություններ են, բայց պետք է տեղ ունենան կրթության համակարգում։
Հայաստանի կրթության ոլորտում հակադրությունների միասնությունը, ցավոք, լավ չի կառավարվում։ Օրինակ՝ բուհերի, դպրոցների կառավարման խորհուրդների հետ կապված վերջին որոշումներում նվազեցվում է դասախոսների, ուսուցիչների, ծնողների դերը՝ կառավարության ներկայացուցիչների թվի ավելացման հաշվին։ Սա բերելու է կենտրոնացված կառավարման՝ դուրս մղելով ապակենտրոնացումը։ Նույն խնդիրն առկա է գիտության ոլորտում։ Դուրս մղելով Գիտությունների ազգային ակադեմիային՝ նախարարությունը փորձում է միանձնյա ստանձնել գիտության կառավարումը։ Եթե Գիտությունների ազգային ակադեմիան վատ է աշխատում, ապա կարելի է մտածել աշխատանքը բարելավելու մասին։ Բայց երբ դուրս ենք մղում ակադեմիային, ապա դրանով խախտում ենք հակադրությունների միասնության և պայքարի օրենքը։
Կրթության ոլորտում մշտապես պետք է լինեն բևեռներ, պետք է լինի բանավեճ, քննարկում։ Նախարարությունը չպետք է խուսափի քննադատողներից, հակադրվողներից։ Կեղծ համաձայնությունը շատ ավելի վտանգավոր է, քան անկեղծ հակադրությունը։ Ինչպես ներշնչելն ու արտաշնչելն են փոխկապակցված, այնպես էլ՝ կենտրոնացումն ու ապակենտրոնացումը, ազգայինն ու միջազգայինը, անհատականն ու խմբայինն են փոխկապակցված։ Այս բևեռներից յուրաքանչյուրի անտեսումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ հասարակության զարգացման վրա։
Ինքնաթիռի գյուտի հեղինակ Ուիլբուր և Օրվիլ Րայթ եղբայրներն ամեն օր վիճում էին իրար հետ։ Ականտեսները պատմում էին, որ նրանց արհեստանոցից ամեն օր գոռգոռոցներ էին լսվում։ Եղբայրներից ավագը՝ Ուիլբուրը, այս կապակցությամբ նշում է, որ իրենց համար շատ կարևոր էին վեճերը։ «Բոլոր ճշմարտությունները միախառնված են սխալների հետ։ Բոլոր սխալների մեջ կան ճշմարտության հատիկներ։ Ազնիվ վեճի նպատակը միմյանց աչքերը մաքրելն է, որպեսզի երկու կողմերն էլ լավ տեսնեն»։
Մեր կրթական համակարգում ազնիվ վեճերի կարիք կա, որպեսզի հասկանանք ու կիրառենք հակադրությունների միասնության և պայքարի խորիմաստ օրենքը։