Ադրբեջանցիների Սյունիքում լինելն իրական վտանգի տակ է դնում խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը. Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը, որը երեկվանից գտնվում էր Սյունիքի մարզում, այսօր Գորիսի համայնքապետի հետ եղել է Սև լճի հարակից տարածքում, դիտարկումներ է արել լճի այն հատվածներում, որտեղ երկու օր է՝ գտնվում են ադրբեջանցի զինվորականները, բնակիչների հետ քննարկել են խնդիրներն ու պատրաստվում են զեկույցներ ներկայացնել միջազգային կառույցներին:

«Խոսքը գնում է ադրբեջանական զինվորականների ՀՀ ինքնիշխան տարածքում հանցավոր ներկայության մասին, և դա կոպտորեն խախտում է Հայաստանի քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքները:

Նրանք եկել են ինչ-որ կեղծ քարտեզներով, որովհետև նախ՝ դեռ հերիք չէ սահմանազատում-սահմանագծում երբևէ որևէ անգամ չի եղել, բացի այդ, խորհրդային ժամանակաշրջանի բացահայտ կեղծ քարտեզներով ղեկավարվելու մասին է խոսքը, դրանից բացի, նրանց ներկայությունն այստեղ հատկապես պետք է ընդգծել այն առումով, որ տեսեք, դա կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները, որովհետև նախ՝ մարդկանց զրկում է արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, դրանից բացի, նրանք երբ եկել էին, զենքի ցուցադրումով նաև սպառնացել էինք հովիվին: Բացի այդ, բացահայտ է, որ նրանց ներկայությունն ուղիղ վտանգի տակ է դնում, վտանգում է մեր սահմանային բնակիչների կյանքը, առողջությունը»,- Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ն ուշադրություն է հրավիրում այն վտանգին, որ ադրբեջանիցների՝ Սևի լճի հատվածում տեղակայվելը կարող է հանգեցնել բնակիչների մոտ՝ ջրի օգտագործման տեսանկյունից, վտանգի:

«Այն նաև շատ վտանգավոր է և իրական վտանգի տակ է դնում խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը մեր սահմանային բնակիչների համար, որովհետև շատ բնակավայրեր սնուցվում են այդ ջրային պաշարներով: Ուշադրություն պետք է դարձնել, որովհետև խոսքը ոչ միայն վերաբերում է ոռոգման ջրին կամ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների խմելու համար օգտագործվող ջրին, այլ մարդկանց խմելու ջրին: Պետք է շեշտել, որ խոսքը ոչ միայն վերաբերում է Գորիս համայնքի, այլ այդ վտանգները առկա են Տեղ համայնքի, Խոզնավար, Խնածաղ, Վանատուր գյուղերի համար, այդ վտանգները առկա են Սիսիան համայնքի գյուղերի համար և, իհարկե, նաև Գորիս համայնքի համար»,- ասաց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների՝ Սյունիքի մարզում տեղակայվելուն զուգահեռ՝ տարածվեց տեղեկություն, թե Սիսիանում մի խումբ բնակիչներ ջրից թունավորվել են: Երեկ հայտնի դարձավ, որ նրանց թիվը 296-ն է: Առողջապահության նախարարի ԺՊ-ին ուղղված լրագրողների հարցին, թե կասկած կա՞, որ սա կարող է ադրբեջանցիների կողմից թունավորման փորձ լինել, Անահիտ Ավանեսյանը նշել է, թե այդ պահին որևէ բան այդ մասին իրենց չի հուշում:

 

Տեսանյութեր

Լրահոս