Կառավարությունը փոշմանել է. շրջանառության հարկն ընդհանրապես կհանվի
Կառավարությունը մտադիր է հրաժարվել շրջանառության հարկից։ Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկն ընդհանրապես կդադարի գործել։ Այս հատվածում աշխատող բիզնեսը կտեղափոխվի հարկման ընդհանուր դաշտ և կհարկվի ավելացված արժեքի հարկով։ Կառավարությունը խնդիր ունի բյուջեի եկամուտների հետ կապված ու հակված է այդ խնդիրը լուծել նաև ՓՄՁ-ների վրա հարկային ճնշումը մեծացնելու միջոցով։
Ինչպես հայտնի է, անցած տարվա վերջին աշխատանքային օրը Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի որոշում, որը վերաբերում էր, այսպես կոչված, հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանը։ Այդ որոշման շրջանակներում ի սկզբանե նախատեսվում էր բարձրացնել շրջանառության հարկի հարկման դրույքաչափը և նվազեցնել գործող շեմը։
Սակայն կառավարությունը կարծես փոշմանել է։ Կառավարության որոշման տեսքով շրջանառվում է մի փաստաթուղթ՝ տնտեսության ու հարկային քաղաքականության տեսլականի վերաբերյալ, որով առաջարկվում է ընդհանրապես հրաժարվել շրջանառության հարկից։
«Վերացվում է շրջանառության հարկի ինստիտուտը, բոլոր ձեռնարկություններն անցնում են ընդհանուր հարկման դաշտ։ Բացառություն են մնում միկրոձեռնարկությունները և շատ փոքր թվով ոլորտներ, որոնցում տեսականորեն և ըստ միջազգային փորձի՝ ավելացված արժեքի հարկի հաշվարկը դժվար կիրառելի է (ապահովագրություն, վարկեր, բնակարանի վարձույթ, առողջապահություն, մանր գյուղատնտեսություն)»,- ասվում է այդ փաստաթղթում։
ՓՄՁ-ներ համար նախատեսվում է սահմանել տարբերակված ԱԱՀ։ Բայց ցանկացած պարագայում բեռն ավելի բարձր կլինի, քան այսօր գործողն է։
Հիշենենք, որ այսօր առևտրի ոլորտում շրջանառության հարկը 5 տոկոս է, որը կարող է նվազեցվել մինչև 1,5 տոկոս՝ կախված ապրանքների փաստաթղթավորման ծավալներից։ Այս հատվածում գործող տնտեսվարողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, 5 տոկոսից ավելի քիչ են վճարում։ Արտադրության ոլորտում շրջանառության հարկը 3,5 տոկոս է՝ նվազեցման նույն տրամաբանությամբ։
Շրջանառության հարկի վերացումով փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը կավելանա, երբեմն՝ շատ կտրուկ։ Ընդհանուր հարկային դաշտում դրանք ստիպված կլինեն շատ ավելին վճարել, քան վճարում են հիմա։
Շրջանառության հարկն անհամեմատ ավելի բարենպաստ հարկային դաշտ է ՓՄՁ-ների գործունեության համար։ Այն որոշակի հնարավորություն է, որպեսզի դիմանան խոշորների ճնշմանը։ Չնայած շատ դեպքերում դա էլ չի փրկում։ Պատահական չէ, որ փոքրերը աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ խոշորները շարունակում են ընդլայնվել ու խոշորանալ։
Այսպիսի պայմաններում գնալ շրջանառության հարկի վերացման՝ նշանակում է՝ ավելի վատացնել փոքր և միջին բիզնեսի վիճակը։
Բայց կառավարությունը հավանաբար նման մանրուքների հետևից չի ընկնում։ Բյուջեի խնդիրները սրվել են ու պահանջում են հրատապ քայլեր։
Այդ քայլերից մեկն էլ լինելու է ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Կա մտադրություն՝ արդեն հաջորդ տարվանից սկսել համակարգի ներդրումը։ Այն կլինի ոչ թե միանգամից, այլ փուլ առ փուլ։ Առաջին փուլում կհայտարարագրվեն այն եկամուտները, որոնք ավելի կլինեն տարեկան 12 մլն դրամից։ 2023թ. հայտարարագրման համակարգ կանցնեն նաև 6 միլիոնից ավելի եկամուտ ունեցողները։ Երրորդ տարում՝ կներառվեն տարեկան 2 մլն դրամից ավելի եկամուտներ ունեցող ֆիզիկական անձինք։
2 միլիոնից ցածր եկամուտներ ունեցողների համար հայտարարագրում, ըստ էություն, չի նախատեսվում։
Հարկային ճեղքի կրճատման անվան տակ կառավարությունն այսպիսի քայլերով ակնկալում է ավելացնել բյուջեի եկամուտները։ Վերջին 2 տարվա կտրվածքով դրանք առաջ չեն գնացել, մի բան էլ, հետ են մնացել։ Անցած տարի ունեցանք հարկային եկամուտների կրճատում։ Դրանք գրեթե 80 մլրդ դրամով պակաս էին նախորդ տարվանից։
Այս տարվա համար ևս բյուջեով նախատեսված ցուցանիշն ավելի ցածր է, քան 2019թ. հավաքված հարկային եկամուտների փաստացի կատարողականն էր։
2019թ. ներքին տնտեսությունից հավաքվել էր 1 տրիլիոն 464 մլրդ դրամի հարկ ու տուրք։ Այս տարվա բյուջեով պլանավորված է ստանալ 1 տրիլիոն 440 մլրդ դրամ։
Այսինքն՝ դեռ 24 միլիարդ պետք կլինի 2019թ. հասնելու համար։
Կստացվի, որ 2 տարվա կտրվածքով բյուջեի հարկային եկամուտների աճ բացարձակ չենք ունենա։ Փոխարենը՝ կպարզվի, որ լրացուցիչ 1-1,5 մլրդ դոլարի պարտք ենք կուտակել։ Չհաշված, որ ավելացել են նաև ներսում կառավարության ստանձնած ֆինանսական պարտավորությունները։ Սա անհանգստացնող է, և այդ մասին սկսել են ահազանգել նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները։
«Իշխանությունները պետք է միջնաժամկետ հատվածում պահպանեն ամուր ֆիսկալ շրջանակ, որի հիմքում պետք է դրված լինեն հարկային բազայի ընդլայնման միջոցառումները, ինչպիսիք են՝ օրինակ, շրջանառության և բնապահպանական հարկերի բարեփոխումները և եկամտահարկի հայտարարագրերի համակարգը, ինչպես նաև ընթացիկ ծախսերի զսպումը՝ պարտքի կայունության՝ իշխանությունների որդեգրած նպատակին համահունչ, այն է՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2026 թվականի տարեվերջին հասցնել 60 տոկոսից ցածր մակարդակի: Այդ միջոցառումները խիստ կարևոր են՝ հետագա առաջնահերթ սոցիալական ծախսերի և զարգացման ծրագրերի համար բավարար ռեսուրսներ ապահովելու նպատակով: Պետք է շարունակվեն ֆիսկալ համակարգի կատարելագործման ուղղությամբ ջանքերը՝ ներառյալ ֆիսկալ ռիսկերի մոնիտորինգի ընդգրկման ընդլայնումը, շինարարության համար պատրաստ հանրային ներդրումների ծրագրերի ընթացիկ փաթեթի ձևավորումը, ինչպես նաև ՊԵԿ-ի հարկային կարգապահության ռազմավարության իրագործումը»,- արձանագրել է Արժույթի Միջազգային Հիմնադրամը՝ Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ օրերս արված հայտարարության մեջ։
Սրանով ԱՄՀ-ն իր մտահոգություններն է հայտնել առաջիկայում կառավարության պարտավորությունների կատարման հետ կապված հնարավոր խնդիրների առումով։
Դրսից ֆինանսական միջոցների ակտիվ ներգրավման և ներսում նոր պարտավորություններ ստանձնելու հետևանքով՝ պետության ֆինանսական բեռն էապես ծանրացել է, ինչն էլ ուղեկցվել է բյուջեի եկամուտների կրճատմամբ։ Դա լուրջ ռիսկ է դեֆոլտի համար։ Խույս տալու ակնկալիքով՝ կառավարությունը մտադիր է ավելացնել հարկային ճնշումը։ Այլ հարց, թե դա իր հերթին՝ ինչպիսի տնտեսական ու սոցիալական խնդիրներ կարող է առաջացնել։
Հարկային բեռի ավելացման ցանկացած քայլ ազդելու է տնտեսության ակտիվության վրա։ Այն ունենալու է նաև սոցիալական ոչ պակաս կարևոր հետևանքներ։ Հարկային բեռի ավելացման արդյունքում ակնկալվող լրացուցիչ եկամուտները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անուղղակի հարկերին ու, մասնավորապես, ԱԱՀ-ին, դուրս է գալիս սպառողի գրպանից։
Այլ կերպ՝ այս ամենի հետևանքները կրելու է հասարակ քաղաքացին, ով ստիպված է լինելու իր գրպանի, առանց այդ էլ՝ նվազող եկամուտների հաշվին, փակել բյուջեի ճեղքերը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ