«Սահմանադրականության տեսանկյունից խնդահարույց դրույթներ են». ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի հատուկ կարծիքը
Օրեր առաջ 168.am-ը ներկայացրել էր 2021թ. ապրիլի 29-ին կայացրած ու մայիսի 3-ին ՍԴ կայքում հրապարակված Սահմանադրական դատարանի՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1590 որոշումը: Այդ որոշմամբ բարձր դատարանը որևէ հակասահմանադրական տարր չէր նկատել իշխող ուժի՝ 2020 թվականի հունիսին Սահմանադրական դատարանը լուծարելու գործողություններում:
Հիշեցնենք, որ մոտ 10 ամիս առաջ իմքայլականները, օրենքներ շրջանցելով ու կարգավորումներ փոխելով, հասան նրան, որ արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, ազատվեցին պաշտոններից, մյուս 4 դատավորի պաշտոնավարման ժամկետները կրճատվեցին, իսկ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ, դադարեցվեցին:
Այսօր ՍԴ պաշտոնական կայքում հրապարակվել էին բարձր դատարանի 5 դատավորի՝ Վահե Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի ու Արևիկ Պետրոսյանի հատուկ կարծիքները՝ վերը նշված որոշման վերաբերյալ: Դատավորներից մեկի՝ Վահե Գրիգորյանի հատուկ կարծիքը որոշմանը համընկնող կարծիք է և առնչվում է միայն որոշման պատճառաբանական մասին: Մյուս 4 դատավորի հատուկ կարծիքը վերաբերում է և՛ որոշման պատճառաբանական, և՛ վերջնական մասին:
ՍԴ դատավոր Արայիկ Թունյանն իր հատուկ կարծիքում մասնավորապես անդրադարձել է ՍԴ որոշման մեջ առկա 4 թեզերին:
Նախ, անդրադառնալով ՍԴ դիտարկմանը, ըստ որի՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության կանոնը համարվում է պարտադիր կիրարկման ենթակա, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա կիրառումը կարող է հանգեցնել այդ ինստիտուտի ներդրման նպատակներին հակառակ արդյունքի, Ա. Թունյանն իր հատուկ կարծիքում նշել է, որ Սահմանադրությունը՝ սահմանելով Սահմանադրության փոփոխությունների նախագծերի պարտադիր նախնական վերահսկողության կանոնը, դրանից որևէ բացառության հնարավորություն չի նախատեսել, և ՍԴ խնդիրն է՝ ոչ թե գնահատել Սահմանադրության այս կամ այն նորմի արդյունավետությունը կամ ճկունությունը, այլ «ապահովել սահմանադրական դրույթների գերակայությունը»:
ՍԴ դատավոր Արայիկ Թունյանն իր հատուկ կարծիքում ուշադրություն է հրավիրել մայիսի 3-ին հրապարակված որոշման մեջ առկա մի հակասության, որով ՍԴ-ն նախ մի կողմից նշել է, թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ՍԴ-ի կողմից սահմանադրականադրության պարտադիր նախնական ստուգման չենթարկելը, այլ կերպ ասած՝ ԱԺ-ում նախագծի առաջին ընթերցումից հետո ՍԴ չուղարկելը, չի կարող գնահատվել որպես ողջամիտ բացառություն՝ անկախ ՍԴ դատավորների՝ նախագծի սահմանադրականության ստուգման առնչությամբ շահերի փաստացի կամ հնարավոր բախման հանգամանքից, իսկ մյուս կողմից՝ արտահայտել հակառակ դիրքորոշում, որ «ողջամիտ բացառության» կանոնի անտեսումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ ՍԴ դատավորների շահերի ու սահմանադրի շահի միջև բախումը կարող է հանգեցնել սահմանադրի իրավասությունների սահմանափակման՝ հանրային շահերից բարձր դասելով ՍԴ դատավորների շահերը:
Ըստ Թունյանի՝ չի կարող բախում տեղի ունենալ ՍԴ դատավորների սուբյետիվ շահի ու սահմանադրի՝ տվյալ նախագծի ընդունմամբ հետապնդվող շահի միջև՝ երկու հիմնավորմամբ:
Որպես առաջին հիմնավորում՝ Թունյանն առանձացրել է ՍԴ դատավորի երդումը. այն է՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, և անկախ անձնական շահագրգռվածությունից՝ իրավաբանորեն և բարոյապես պարտավոր է լինել անկախ և անաչառ:
Երկրորդ հիմնավորումը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածին, որի համաձայն՝ ՍԴ որոշումը պետք է պարունակի հիմնավորող իրավական դիրքորոշումներ, որոնք բացառապես անձնական շահերից բխեցնելն անհնար է և կարող է ՍԴ որոշումների հանդեպ անվստահության լուրջ առիթ հանդիսանալ:
«Հարկ է նկատել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի պարտադիր նախնական վերահսկողության պահանջը շրջանցելը կարող է հանգեցնել ՍԴ դատավորների (անդամների) սահմանադրական իրավունքների խախտումների, ինչն անթույլատրելի է Սահմանադրության գերակայության սկզբունքի տեսանկյունից»,- նշված է Արայիկ Թունյանի հատուկ կարծիքում:
Թունյանն անդրադարձել է նաև իմքայլականների կողմից ՍԴ դատավորներին առնչվող նախագիծը ՍԴ ուղարկելուն դեմ քվեարկելու փաստին ու նշել, որ դա «արդեն իսկ պետք է ենթադրի Սահմանադրության համապատասխան փոփոխությունների կատարումից հրաժարում»:
ՍԴ որոշման մյուս կետի վերաբերյալ, որով ՍԴ-ն փաստել է, թե Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությամբ հանրապետության նախագահն օժտված չէ, Թունյանը նշել է, որ հանրապետության նախագահը Սահմանադրությամբ օժտված է կարևորագույն առաքելությամբ, ինչը կարող է իրականացնել՝ ինչպես Սահմանադրության փոփոխությունների տեքստը ստորագրելով, այնպես էլ՝ այդ փոփոխությունները միայն հրապարակելով:
«Գտնում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2 կետը (ԱԺ նախագահը Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հրապարակում է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները.- Ա.Հ.), 86-րդ հոդվածի 2-րդ (Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահն այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը.- Ա.Հ.) և 7-րդ (Ազգային ժողովի նախագահն ԱԺ ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն.- Ա.Հ.) մասերը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց դրույթներ են»,- նշված է ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի հատուկ կարծիքում: