ՍԴ որոշումը՝ ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանը լուծարելու նախագծի մասին․ 5 դատավոր ներկայացնելու են հատուկ կարծիքներ
2020թ․ հունիսին 19-ին իշխող խմբակցությունը շրջանառության մեջ դրեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր պաշտոնից ազատել արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին, նաև պաշտոնից ազատել ՍԴ նախագահին:
Օրեր անց՝ հունիսի 22-ին, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց ու «Իմ քայլը» դրական քվեարկեց նախագծին: Ապա իմքայլականները ՍԴ դատավորներին առնչվող նախագիծը ՍԴ ուղարկելուն դեմ քվեարկեցին՝ նշելով, թե ՍԴ դիմելու դեպքում գործ ունեն շահերի բախման հետ, ու հենց այդ օրը նաև երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեցին նախագիծը:
Այդ օրը «Իմ քայլը» մեկ այլ փոփոխություն ևս իրականացրեց, որով ՍԴ դատավորների մասին օրենքը ստորագրելու պարտականությունը նախագահից փոխանցեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Ու մինչ ԱԺ-ում ընթանում էին նախագծերի քննարկումները, մի խումբ իրավաբաններ բարձրացնում էին այն հարցը, թե հակասահմանադրական է՝ ինչպես Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելը, այնպես էլ՝ դրա ստորագրման պարտականությունը նախագահից ԱԺ նախագահին փոխանցելը, ու հորդորում էին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ այդ հարցերի սահմանադրականության վերաբերյալ դիմումներ ներկայացնել բարձր դատարան:
ԲՀԿ-ն նախաձեռնել էր ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված որոշման հարցով ՍԴ դիմելու համար՝ իր հայտարարության մեջ նշելով, թե «Իմ քայլի» ընդունած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ 2020թ․ հունիսի 26-ին էլ հայտնի դարձավ, որ դիմումը ներկայացվել է ՍԴ:
Օրեր առաջ՝ մայիսի 3-ին, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում տեղադրվել է ապրիլի 29-ին կայացրած ԱԴՈ-1590 որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առռնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ արձանագրված է, որ Ազգային ժողովի՝ որպես կոլեգիալ մարմնի համար իր լիազորությունների շրջանակներում և դրանց իրացմանն ուղղված գործընթացը կազմակերպելու առնչությամբ Սահմանադրությամբ սահմանված ձայների մեծամասնությամբ որոշումներ ընդունելուց զատ, որևէ այլ կառուցակարգ սահմանված չէ (էջ 16):
Որոշման համաձայն՝ ստուգվող նորմերի՝ Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերին վերաբերելիությունը բավարար հիմք չէ ՍԴ-ի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման համար դատարանի ունակության և իրավազորության բացակայության (non liquet) մասին եզրահանգման համար (էջ 19)։
Դատարանն արձանագրել է նաև, որ Սահմանադրական փոփոխությունները, որով ՍԴ 3 անդամի լիազորությունները համարվում է ավարտված, իսկ 4 անդամի պաշտոնավարման ժամկետը կրճատվել է, ՍԴ 7 անդամներից բացի, որևէ այլ անձի չեն վերաբերել և որևէ այլ անձի համար ուղղակի իրավական հետևանք չեն առաջացրել, արձանագրել է, որ կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն միջամտել և փոփոխել Սահմանադրության անփոփոխելի դրույթների և այն դրույթների բովանդակությունը, որոնք ենթակա են փոփոխության բացառապես հանրաքվեով (էջ 21):
Ըստ ՍԴ-ի՝ Սահմանադրության 2020թ․ փոփոխությունները համակարգային իմաստով հանգեցրել են ՍԴ-ում պաշտոնավարող բոլոր դատավորների հավասար ժամկետով ու կարգավիճակով պաշտոնավարելուն, որ այդ փոփոխություններով «ԱԺ-ն ամբողջությամբ սպառել է Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված և պաշտոնավարող անդամների և նախագահի պաշտոնավարման ժամկետների նկատմամբ իր սահմանադրական լիազորությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետների կարգավորումը տեղափոխելով բացառապես Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսված առավել կայուն սահմանադրական իրավադրույթների գործողության տիրույթ, որոնք կարող են փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից» (էջ 27):
«Միաժամանակ, այս անհրաժեշտ փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելու առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությանը չներկայացնելու պայմանները բավարարում են Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր վերահսկողության կանոնից ողջամիտ բացառության՝ Սահմանադրական դատարանի կողմից վերը սահմանված պայմանները»,- նշված է ՍԴ որոշման մեջ։
Արդյունքում՝ ՍԴ-ն որոշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը, այլ կերպ ասած՝ իշխող ուժի գործողություններում ոչ մի հակասահմանադրական տարր չկա:
Բարձր դատարանի 5 դատավոր՝ Վահե Գրիգորյանը, Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանն ու Արևիկ Պետրոյանը, այս որոշման վերաբերյալ ներկայացնելու են հատուկ կարծիքներ: