ԱՄՆ-ը թույլատրել է դեռահասներին պատվաստել Pfizer-ի պատվաստանյութով
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) մայիսի 10-ին թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի շտապ կիրառումը 12-15 տարեկան դեռահասների համար: Այդ մասին հաղորդվում է կարգավորիչի կայքում։
FDA-ն նշում է, որ 12-15 տարեկան անձանց համար այդ պատվաստանյութի կիրառման հայտնի և պոտենցիալ առավելությունները գերազանցում են հայտնի և պոտենցիալ ռիսկերը:
«Ներկայիս գործողությունները թույլ են տալիս երիտասարդ բնակչությանը պաշտպանել COVID-19-ից՝ մոտեցնելով մեր վերադարձը նորմալ կյանքին և համավարակի դադարեցմանը: Ծնողները և խնամակալները կարող են վստահ լինել, որ գործակալությունն անցկացրել է առկա բոլոր տվյալների հանգամանալի վերլուծություն, հայտարարել է FDA-ի կոմիսարի պաշտոնակատար Ջանետ Վուդկոկը:
Պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվության մասին հայտարարելուց հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) պատվաստանյութերի գծով կոնսուլտատիվ կոմիտեն մայիսի 12-ին կհավաքվի, որպեսզի քննարկի տվյալները և կողմ քվեարկի դեռահասների համար պատվաստանյութի օգտագործման հանձնարարականին: Այն բանից հետո, երբ հանձնարարականներն ընդունվեն, կարող է սկսվել պատվաստումը:
2020 թվականի դեկտեմբերի 11-ին FDA-ն Pfizer-ի պատվաստանյութի շտապ կիրառում է թույլատրել 16-ից բարձր տարիքի անձանց համար: Մյուս երկու պատվաստանյութերը, որոնք ներկայացվել են ԱՄՆ-ի շուկայում, Moderna-ի և Johnson & Johnson-ի՝ միայն մեծահասակների համար թույլատրված պատվաստանյութերն են: Անցած շաբաթ Կանադայի առողջապահության նախարարությունը նույնպես թույլատրել է Pfizer/BioNTech պատվաստանյութի շտապ կիրառումը դեռահասների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: