Կարդացեք ու հպարտացեք, եթե կարող եք
Անկեղծ ասած, շատերն են փորձում պարզել վիճակագրության նկատմամբ վերաբերմունքիս պատճառը: Երևի դժվար է բացատրել, որ վիճակագրական հաշվետվությունները նույնքան ինտրիգ ու արկածախնդրություն են պարունակում իրենց մեջ, որքան, մանկապատանեկան բառապաշարով ասած՝ «կռիվ-կռիվ կինոները»: Կամ մանկապատանեկան արկածային վեպերը:
Նախ մեջբերենք մի պաշտոնական տվյալ՝ «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. ապրիլը՝ 2020թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2%»: Մեջբերելուց հետո հիշենք, որ մեր երկրում գնաճը վաղուց հատել է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված չափ ու սահմանը:
Հիշենք ու արձանագրենք, որ այդ ընդհանուր գնաճն է կազմել 6.2 տոկոս: Սպառողական գներ ասածի պատկերն ըստ ապրանքային խմբերի՝ ավելի տխուր պատկեր ունի: Բարդ չէ ենթադրելը, որ ամենաշատը բարձրացել են սննդամթերքի գները՝ պաշտոնապես 8.6 տոկոս:
Միջին ցուցանիշն «ապահովվում է» պարենային ապրանքների 5 տոկոսանոց և ծառայությունների 1.1 տոկոսանոց գնաճերի հաշվին: Իսկ հիմա վերադառնանք այն պնդմանը, որ վիճակագրական պաշտոնական հաշվետվության ընթերցումն «զգլխիչ» երևույթ է: Վերադառնանք ու առաջարկենք կարդալ այդ հաշվետվությունը մի փոքր կրճատումներով (կրճատումների նպատակը տվյալներն ավելի նկատելի ու սահուն դարձնելն է մասնագիտական հետաքրքրություն չունեցող ընթերցողի համար): «Սննդամթերքի գներ: 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ:
Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8% գնաճերը: Մրգի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է՝ 10.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ` 7.8% գնաճ»:
Ասեք, որ սյուժեի նման սրընթաց զարգացմանն արկածային վեպերի հեղինակները կնախանձեին: Ասենք ու անցնենք առաջ. «Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է՝ 41.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 7.5% գնաճ: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է՝ 9.2%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 6.7% գնաճ»: Այս տվյալներից հետո, որպեսզի ընթերցողն ուշքի չգա, պաշտոնական վիճակագրությունը միանգամից շարունակում է «Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է՝ 28.6%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0%): Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է՝ 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3% գնաճ»:
Սննդամթերքի գնաճն այսքանով չի ավարտվում: Դեռ շարունակություն կա՝ տեսեք. «Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է՝ 8.8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար՝ 9.1% և 1.6%»: Շարունակությունը հանապազօրյա հացի (էկոնոմիկայի նախկին նախարարը կասեր՝ հացի ու դրա փոխարինիչների) մասին է. «2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է՝ 7.6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար՝ 8.1% և 9.9%, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ և 0.2% գնանկում)»:
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ոչ պարենային ապրանքախմբում գնաճային կրքերը պակաս վառվռուն են, առաջարկում ենք ընթերցել սույն հատվածը. «2021թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.6% և 6.1%-ով։ 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 31.1% և 11.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.1% և 25.3% գնաճ»: Փաստորեն, գնաճի չեմպիոնն արևածաղիկի բուսական յուղն է (որին բոլորս ձեթ ենք ասում)՝ մեկ տարվա մեջ 73.5 տոկոսանոց աճի ցուցանիշով: Արծաթե մեդալակիրը շաքարն է (որին բոլորս շաքարավազ կամ «պեսոկ» ենք ասում) ուղիղ 41 տոկոսանոց գնաճով: Իսկ բրոնզե մեդալակիրը բենզինն է՝ 31.1 տոկոս գնաճով:
Ասեք, որ այս տվյալներից հետո իշխանությունների մեծ-մեծ ճառերն ու խոստումները՝ երկրի տնտեսական վառվռուն ապագայի մասին, լսելուց հետո կանեփի օգտագործումն օրինականացնելու մասին մտքերն ավելի կպչուն են դառնում: Բոլորիս մոտ: