Վերջերս Շուռնուխից դեպի Կապան գնացող հատվածում ադրբեջանցիները կրկին իրենց դիրքերն ավելացրել են. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի անվտանգության գոտու հետ կապված հարցը ՄԻՊ 2020 թվականի տարեկան զեկույցում չի ներառել, քանի որ այդ հայեցակարգն առաջ է քաշվել 2021 թվականին։
Հիշեցնենք, որ այսօր Արման Թաթոյանն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
«Սակայն սահմանային անվտանգության և մարդու իրավունքների հարցերը սահմաններին մանրամասն վերլուծված են, որովհետև այդ ժամանակ կային խնդիրներ, մենք այցեր էինք իրականացնում, և այլն։ Կարծում եմ՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ գործողություններ կան այստեղ, և մենք որով պետք է ղեկավարվենք։ Ադրբեջանի զինուժը հայտնվել է մեր սահմաններում՝ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և այդ գյուղերի ճանապարհներին, նաև Գեղարքունիքի մարզում էլ մենք ունենք որոշակի խնդիրներ՝ պատերազմի սպառնալիքի, էթնիկ զտումների, ցեղասպան քաղաքականության արդյունքում։ Սա մարդու միջազգային մարդասիրական իրավունքների տեսանկյունից ամբողջովին զրկում է նրանց ներկայությունն իրավական տեսանկյունից։ Օրինակ, Ներքին Հանդ գյուղի դպրոցն ադրբեջանական դիրքերից 500 մետր հեռավորության վրա է։
Նրանց այստեղ հայտնվելու արդյունքում մենք ունենք երկու խումբ խնդիրներ։ Առաջինը՝ կոպիտ խախատվել է մեր սահմանային բնակիչների իրավունքները և ՀՀ քաղաքացիների իրավունքներն առհասարակ, նկատի ունեմ՝ մարդիկ զրկվել են իրենց արոտավայրերից, հողատարածքներից։ Մենք Գեղարքունիքի մարզում ունենք հողատածք, որը հատկացվել է Կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի» մասին օրենքի համաձայն, որտեղ 75 հեկտար տարածքում գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը։ Երկրորդը՝ լրջորեն վտանգված են մարդու իրավունքները՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, առողջության իրավունքները և այլն։ Այստեղ նկատի ունեմ ադրբեջանական կրակոցները, որոնք պարբերաբար արձակում են մեր գյուղերի ուղղությամբ»,- նշեց Արման Թաթոյանը։
Ըստ նրա, ադրբեջանցիների կրակոցների հետ կապված՝ երբեմն պատկան մարմիններն ասում են, թե նրանք օդ են կրակում, ինչն իր համար անընդունելի է, քանի որ գյուղացին չի նստելու ու որոշի՝ ադրբեջանցին օ՞դ է կրակում, թե՞ գյուղի ուղղությամբ։
Միաժամանակ Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանցին Սյունիքի համայնքները միավորող ճանապարհներին տեղադրել է իր ցուցանակներն ու դրոշները, ինչն օգտագործում են որպես պատրվակ՝ իրենց զինվորականներին տեղակայելու համար։
«Մենք աշխատում ենք համայնքների հետ, հիմա իրականացնում ենք հաշվարկները, թե նրանք քանի տեղ են, ինչ կոնտինգենտ են, անգամ դրոշների ու ցուցանակների քանակն ենք հաշվում, որովհետև վերջերս Շուռնուխից դեպի Կապան գնացող հատվածում ադրբեջանցիները կրկին իրենց դիրքերն ավելացրել են: Մի անգամ միջազգային քննարկումներից մեկի ժամանակ ինձ ասացին, որ այնտեղ նրանց սահմանապահ զորքերն են, ես էլ ասացի՝ ինձ համար նշանակություն չունի, փաստն այն է, որ նրանք զինված կանգնած են ճանապարհներին։ Բացի այդ, նրանք այն երկրի նախագահի զինվորականներն են, ովքեր ՀՀ և Արցախի բնակչությանը սպառնում են ցեղասպան քաղաքականությամբ»,- եզրափակեց Արման Թաթոյանը։