ԱԱԾ տնօրենի տեղակալն Ադրբեջանի հետ ի՞նչ պայմանագիր նկատի ուներ

Այսօր խորհրդարանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը  լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ՝ ինչպես Սյունիքի անվտանգության, այնպես էլ՝ սահմանային գծերին.

«Սահմանային շերտն ինչի՞ մասին է խոսում, այդ կիլոմետրանոց սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի։ Հիմա մեզ մոտ իրավիճակ է ձևավորվել մեկ կիլոմետրանոց, այլ սահմանային գծին մոտ են բնակվում։ Բնականաբար, այդ ամենը ժամանակի ընթացքում պետք է լուծումներ ստանա, որպեսզի համապատասխանեցնենք սահմանների պահպանությանը։ Պետք է լուծվի սահմանային չեզոք գոտու հարցը՝ երկու կողմից, որտեղ շփումը կբացառվի։ Առավել ևս՝ բնակիչների և հակառակ կողմի զինվորների»,- ասաց Ստեփան Մելքոնյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև շեշտեց, ինչպե՞ս կարող են ասել, որ այս պահին Սյունիքն անվտանգ է, երբ դելիմիտացիա ու դեմարկացիա չի իրականացվել և սահմանի հետ կապված պայմանագիր չկա։ Ուստի ասել, որ սահմանային միջադեպերը կանխված են և կկանխվեն՝ ֆանտաստիկայի ժանրից է։

Նա նաև շեշտեց, որ այդ կիլոմետրանոց շերտը յուրաքանչյուր պետություն իր տարածքի հաշվին է անելու։

«Դեռ նոր է պատերազմն ավարտվել, դեռ հարևան երկրի հետ պայմանագիր չկա»,- հավելեց Ստեփան Մելքոնյանը։

Թե ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը, Ստեփան Մելքոնյանը նշեց. «Ոչ թե սահմանի հետ կապված, այլ արդեն…»։

Հարցին՝ նոր պայմանագի՞ր է սպասվում, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Ոչ, մենք ունենք, ասենք, Վրաստանի հետ պայմանագիր»։

Դիտարկմանը, որ Վրաստանի հետ Հայաստանը նման խնդիրներ չունի, Ս. Մելքոնյանը նկատեց. «Պետության ընդհանուր իրավիճակից ելնելով, դրա համար ասում եմ, որ ռազմաքաղաքական հարցեր եք տալիս, որը մեկ օրում չի լուծվում»։

Ի դեպ, ԱԱԾ տնօրենի տեղակալն այդպես էլ պայմանագրի մասին սկսած միտքը չավարտեց ու ոչ էլ պարզաբանեց, թե ինչ  պայմանագրի մասին է խոսքը։

Ինչ վերաբերում է Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցից հետո եղած իրավիճակին, մարդկանց բերման ենթարկելուն և առհասարակ սահմանային վիճակին, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ դատախազ չէ, որ որակում տա դեպքերին, որակումները կտան իրավիճակը քննող մարմինները։

«Բնականաբար, ռազմաքաղաքական իրավիճակն այդ հատվածում, չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր ու մարտահրավերներ չի պարունակում։ Եթե ռազմաքաղաքական իրավիճակն այնտեղ չի հանդարտվել, բնականաբար վախեր կլինեն, ցանկացած ֆիզիկական անձի մոտ կարող են անհանգստություններ լինել»,- շեշտեց Ս. Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս