Mea Culpa

Քաղաքականության մեջ ավելի կամ պակաս չափով գործում են մարդկային հարաբերությունների կանոնները։ Կախված նրանից՝ որքանով են այդ կանոնները դոմինանտ քաղաքականության մեջ, այն կարող է լինել մարդկային ու մարդակենտրոն, կամ՝ հակառակը։

Ազնվությունն ու անդավաճանությունը, սկզբունքայնությունն ու հավատարմությունը, ի վերջո, ամենապարզ բարությունը և էլի շատ որակներ, հատկանիշներ են, առանց որոնց քաղաքականությունը չի կարող լինել հումանիստական, առավել ևս՝ մարդակենտրոն։

Բավական է հայկական քաղաքականությունը դիտարկել նշված ու էլի շատ հատկանիշների տիրույթում՝ համոզվելու համար, որ այն անդառնալիորեն հեռու է մարդուց, հումանիզմից ու մարդակենտրոնությունից։

Հայկական քաղաքականությունը ոչ թե մարդու մասին է, այլ մարդու հաշվին, որովհետև մարդը մեր քաղաքական առևտրում ոչ թե նպատակ է, այլ միջոց։
Քաղաքականությունը, որը խարսխված չէ մարդկային ու հանրային բարոյականության իմպերատիվների վրա, չի կարող ծառայել մարդու, քաղաքացու շահերին։

Հակաբարոյական քաղաքականությունը մարդուն ու քաղաքացուն կարող է դարձնել պակաս բարոյական, ավելի լայն իմաստով՝ պակաս մարդ, ինչը մենք տեսնում ենք մեր իրականությունում։ Քաղաքականության մեջ, ի թիվս մարդկային այլ հատկանիշների, կարևոր նշանակություն ունի ապաշխարության ինստիտուտը։ Մարդն ինքնին մեղավոր ու մեղսագործ արարած է։ Մեղքը, սխալականությունը մարդկային կյանքի անբաժանելի ուղեկիցն են, ինչը շատ ավելի մեծ մասշտաբներով ու շատ ավելի ծանր հետևանքներով տեղին է նաև քաղաքականության պարագային։ Մեղավոր մարդկանց համակեցությունն ավելի կամ պակաս չափով կարգավորվում է հենց ապաշխարության ու ներման ինստիտուտների միջոցով, ինչը տեղ ունի, իսկ Հայաստանում տեղ չունի նաև քաղաքականության մեջ։ Մարդկային կյանքում, անգամ հարազատների հարաբերություններում մեղքից ու սխալից հետո կյանքը շարունակվում է ապաշխարանքից ու ներումից հետո միայն։

Առողջ հասարակություններում նույն մեխանիզմը գործում է նաև քաղաքականության մեջ։ Ընտրություններն ապաշխարում-ներում մեխանիզմի մասնակի դրսևորում են։ Դա վերաբերում է հատկապես իշխանություն ունեցած և ունեցող քաղաքական ուժերին ու գործիչներին։ Չկա առանց մեղքի կամ առանց սխալի իշխանություն, ինչպես որ բնության մեջ բացակայում է անմեղսագործ մարդը։ Հետևաբար՝ որևէ իշխանություն կրկին իշխանության հավակնելու, ընտրություններին մասնակցելու դեպքում, գաղափար ու ծրագիր ներկայացնելուց առաջ, պետք է հանդես գա ապաշխարությամբ, ու քվե ակնկալելուց առաջ՝ հայցի քաղաքացիների ներումը։

Հայկական քաղաքականության մեջ, սակայն, այս սխեման չի գործել երբեք ու չի գործում առավել ևս այսօր։ Եվ դա վերաբերում է՝ ինչպես գործող, այնպես էլ՝ նախկին իշխանություններին։ Բոլորը՝ և՛ գործողները, և՛ նախկինները, պատրաստվում են մասնակցել ընտրություններին, ներկայացնում են ու ներկայացնելու են ինչ-որ պլատֆորմներ ու ծրագրեր, բայց նրանցից որևէ մեկը հանդես չի եկել ու վստահաբար չի գալու ապաշխարությամբ ու ներում չի հայցելու քաղաքացուց։

Խնդիրն այս դեպքում այս կամ այն իշխանության մեղքերի ծանրությունը կամ չափաբաժինը չէ․ մեկի համեմատ մյուսի մեղքը տիեզերական մասշտաբների է, երկրորդի պարագայում՝ պակաս ծանր, չորրորդի դեպքում՝ աններելիության չափ մահացու։ Բայց անկախ մեղքերի ու սխալների ծանրությունից, որևէ մեկը չի մտածում անգամ ապաշխարելու ու ներում հայցելու մասին, ինչը արդեն քաղաքական փաթեթավորմամբ կդրսևորվի՝ որպես ընտրություններում ստացած ձայների տոկոս կամ իշխանության մասնաբաժին։ Մինչդեռ քրիստոնեական մեկնությամբ, ապաշխարության խորհուրդը սկսվում է մեղքի գիտակցումից։

Քաղաքականությամբ զբաղվողների շրջանում մեղավորության զգացումի ու ապաշխարության բացակայությունը ենթագիտակցորեն տարածվում է նաև հասարակության վրա։ Հավաքականության մեջ հասարակությունը բնականորեն ևս մեղավոր է ու սխալական, ինչն արտահայտվում է նաև այս կամ այն փուլում քաղաքացիների կատարած ընտրության արդյունքներով, որոնք կարող են ընդհուպ կործանարար լինել պետության համար։ Բայց քաղաքացիները՝ անհատապես ու հավաքականության մեջ, հրաժարվում են խոստովանել սեփական սխալականությունն ու մեղավորությունը, ինչին ականատես ենք լինում հենց այս օրերին՝ կապված ամենավերջին համապետական քվեարկության ամենասխալական արդյունքների հետ։

Քաղաքացիները հրաժարվում են ընդունել սեփական մեղքն ու սխալը՝ ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ այն պատճառով, որ դա պահանջում է կամք ու համարձակություն, այլ՝ որովհետև իրենց մեղքերի ու սխալների հետ հաշտ ու ներդաշնակ են ապրում բոլոր նրանք, ովքեր ընդամենը մի քանի շաբաթ հետո վստահություն են հայցելու քաղաքացիներից։
Առանց ապաշխարանքի ու ներման, բնականաբար։

Տեսանյութեր

Լրահոս