Ստամբուլում ՄԻՊ-ի գրասենյակը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարությունում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող իրադարձությունները, նշվում է, որ հայերի գոյությանը վերջ է տրվել ողջ պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական հյուսվածքներով:
Հայտարարությունում նաև ասվում է, որ առգրավվել են հայերի ունեցվածքը, հուշերն ու պատմությունը և իր ողջ հետքերով հազարամյա հայրենիքից բնաջնջել մի քաղաքակրթություն:
Անդրադառնալով Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը՝ նշվում է. «Թուրքիան աշխարհում ամենահաջողակ և ամենաերկարատև ժխտումն իրականություն դարձրեց և ինստիտուցիոնալացրեց: Ժխտողականությունը այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը նույնիսկ հարկադրված են ապացուցել հազարամյակների իրենց գույությունը և առավել ևս պատմել, որ ցեղասպանության են ենթարկվել իրենց հայրենիքում:
Թուրքիայում ապրող հայերը հարկադրված են ապրել կյանքի բոլոր բնագավառներում այս ժխտողականության մթնոլորտում, իսկ աշխարհի չորս կողմում ապրող հայերն էլ, հեռու լինելով իրենց պապենական երկրից, անընդմեջ ստիպված են դիմակայել ընտանիքի ավագների հուշերի հանդեպ վիրավորանքին»:
«Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: Վերջ տվեք ժխտմանը: Ընդունեք հանցագործությունն՝ իրավական իր ողջ հետևանքներով»,-ասված է հայտարարությունում: