Երբեք չպիտի դադարենք հիշատակել այս դաժան հանցագործությունը. Իտալիայի Սենատի անդամ
Իտալիայի Սենատի անդամ Ստեֆանիա Քրաքսին կոչ է անում երբեք չդադարել հիշատակել 106 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Քրաքսին նշել է, որ ցեղասպանությունը մինչ օրս սպասում է այն ազգերի կողմից ճանաչմանը, որոնք ավելի մեծ կարևորություն են տալիս իրենց քաղաքական շահին քան արդարությանը։
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Երիտթուրքերի ծայրահեղ ազգայնական կառավարությունը որոշել էր թրքացնել Անատոլիայի տարածաշրջանը և աքսորել ու ոչնչացնել հայկական էթնիկ պատկանելությունը։ Օսմանյան Կայսրության նպատակն էր բնաջնջել հայկական համայնքը որպես պատմական,մշակութային և քաղաքական միավոր»,- նշել է Քրաքսին:
Սենատի անդամն ընդգծում է, որ բոլոր ցեղասպանությունների «մայր» ցեղասպանության թվերը տպավորիչ են. շուրջ 1,5 մլն հայեր սպանվեցին, ինչպես նաև թալանվեցին հայկական հողերը և հայերի գույքը։
«Մի իրական հանցագործություն մարդկության դեմ, որը մինչ օրս սպասում է այն ազգերի կողմից ճանաչմանը, որոնք ավելի մեծ կարևորություն են տալիս իրենց քաղաքական շահին քան արդարությանը։ Հայ համայնքը շարունակում է հարգել նահատակների հիշատակը՝ հիշեցնելով մեզ բոլորիս, որ մենք երբեք չպիտի դադարենք հիշատակել այս դաժան հանցագործությունը, որովհետև ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ նմանատիպ սարսափելի դեպքերից»,- եզրափակել է Սենատի անդամը: