Հայոց ցեղասպանությունը չմոռանալը ժողովուրդների բարոյական և քաղաքացիական պարտքն է. Անդրեա Օրսինի

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Անդրեա Օրսինին վստահ է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանությունը չմոռանալը բոլոր ժողովուրդների բարոյական և քաղաքացիական պարտքն է: Այս մասին պատգամավորն ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:

«Չմոռանալ Հայոց ցեղասպանությունը բարոյական և քաղաքացիական պարտք է բոլոր ժողովուրդների և ազգությունների համար։ Առավել ևս մեզ՝ արևմտաեվրոպացիներիս և քրիստոնյաներիս համար, ովքեր սերտ կապեր ունեն հայ ժողովրդի հետ՝ ընդհանուր պատմություն և արժեքներ։ Ես ասում եմ սա որպես Իտալիայի խորհրդարանական․ հայերի ներկայությունը Իտալիայում, ինչպես ողջ քրիստոնեության պատմության մեջ, մեր էության, մեր մշակույթի, մեր քաղաքակրթության հիմնարար մասն է կազմում։ Ահա թե ինչու կարևոր է հիշել 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը»,- հայտնել է Օրսինին:

Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը պարզապես անմեղ ժողովրդի հանդեպ կատարած հանցագործություն չէր։ Դա նաև փորձ էր արմատախիլ անել մի ժողովրդի ոգի, հայ ժողովրդին երկրի երեսից։

«Յուրաքանչյուր պատմական ողբերգություն միանշանակ տարբերվում է մյուսներից։ Բայց կասկած անգամ չկա, որ Հայոց ցեղասպանությունը որոշակի իմաստով 20-րդ դարի մեծագույն պատմական հանցագործությունների նախատիպն է։ Հայ ժողովուրդը երկար ժամանակ անց վերականգնել է իր պետական ինքնությունը։ Հայաստանը ազատ և ժողովրդավար երկիր է, որը գտնվում է լուրջ ճնշումների և մեծ վտանգների կենտրոնում, մի դժվար միջազգային համատեքստում, ինչպիսին Կովկասն է։ Մենք պարզապես ցանկանում ենք խաղաղություն տարածաշրջանում, և նրանք, ովքեր այսօր 106 տարի անց նախընտրում են խաղաղություն, արդարություն և անվտանգություն, սրտակից են հայ ժողովրդին։ Մեր սերն ու համերաշխությունն ենք ուղարկում բոլոր հայերին Հայաստանում և Սփյուռքում՝ ի հիշատակ դաժան անցյալի, որ չպետք է կրկնվի այլևս երբեք»,- եզրափակել է իտալացի պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս